Վրաստանի կառավարությունը հաստատել է պետական համալսարաններում ուսանողների ընդունելության նոր քվոտաները, որոնք այսուհետ հիմնվելու են աշխատաշուկայի վերլուծության արդյունքների վրա։ Կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեի հայտարարությամբ՝ բարձրագույն կրթության համակարգում մեկնարկում է լայնածավալ բարեփոխում, որի հիմնական սկզբունքն է «մեկ քաղաք՝ մեկ ֆակուլտետ» մոտեցումը։
Jnews-ը կապ է հաստատել Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի հետ՝ պարզելու, թե նոր բարեփոխումների շրջանակներում Ախալքալաքի մասնաշենքում ո՞ր ուղղություններն են պահպանվելու։ Սակայն համալսարանից հայտնեցին, որ մասնագիտությունների վերջնական ցանկը դեռ պաշտոնապես հաստատված չէ։ Մանրամասները հայտնի կդառնան առաջիկա օրերին։
Նոր քաղաքականության համաձայն՝ մարզային համալսարաններում՝ Զուգդիդիում, Գորիում, Ախալցիխեում և Թելավում, առաջնահերթություն կտրվի ագրարային ուղղություններին, տուրիզմին և մանկավարժությանը։
Հիշեցնենք, որ նոր մոդելի համաձայն՝ յուրաքանչյուր պետական համալսարան կունենա հստակ մասնագիտական ուղղվածություն՝ հաշվի առնելով իր ավանդական պրոֆիլը։


