նորություններ 10 Փետրվարի, 2026 • Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները (մաս 2)

Ախալքալաքը հարուստ է իր բազմազան գյուղերով և հատկապես՝ յուրաքանչյուր գյուղի հետ կապված պատմություններով։ Մեր գյուղերն առանձնանում են ոչ միայն իրենց յուրաօրինակ բարբառով, այլև ուշադրություն են գրավում իրենց եզակի անվանումներով ու բացադրություններով։

Պարզելու համար, թե որքանո՞վ են հենց մեր գյուղերի բնակիչներն իրենք տեղեկացված իրենց իսկ գյուղերի անվանումների ծագման և դրանց իմաստային բացատրության մասին՝ որպես ինքնության կարևոր բաղադրիչ, Jnews-ը զրուցել է Ախալքալաքի շրջանի բոլոր գյուղերի բնակիչների հետ։ Ներկայացված անվանումները կարող են ոչ պաշտոնական, ոչ էլ պատմական հիմքեր ունենալ, պարզապես հրապարակում ենք անմիջապես բնակիչների իմացածն իրենց գյուղերի մասին։

Բարալեթ: Բարալեթ անվանումը վրացական ծագում։ «Բարի» հարթ, իսկ «-եթի» վրացերենով տարածքները բնութագրող վերջավորություն է։ Տեղանքի հարթության պատճառով գյուղը կոչվել է հարթավայր՝ Բարալեթ։ Վախուշտի Բագրատիոնիի՝ Վրաստանի թագավորության պատմությունը գրքում, Բարալեթը 7-րդ դարում հիշատակված է որպես քաղաք։ Պատմաբան Աշոտ Մելքոնյանի մեկնաբանությամբ հին անունը հիշատակվել է Բարալիս, Բարի Լույս տարբերակներով, որը հետագայում աղավաղվել է և ընդունել է Բարալեթ ձևը։

Բեժանո։  Այս գյուղի անունը գրվել է Բուժանո, այսինքն՝ բուժող։ 11-րդ դարում Վրաց թագուհին խմելով այս գյուղի բնական աղբյուրների ջուրն ասել է՝ բուժող։ Մինչև 1920 թվականը գյուղը կոչվել է Բուժանո։ Բեժանո նախկինում կոչվել է նաև Ճանճղա։ Այս անունն առաջացել է այնտեղից, որ տեղանքը ջրառատ է և ջուրը շատ համով։ Գյուղացիները, որ տեղափոխվել են այստեղ ապրելու ջուրը խմելուց ասել են՝ ջան ծղալի, հետագայում ձևափոխվելով դարձել է Ճանճղա։

Բուզավեթ։  Ըստ պատմության՝ Բուզավեթ գյուղի անվանումը կապված է տարածքում բզեզների մեծ քանակի և նրանց բզզոցի հետ։

Բոզալի։ Տվյալ գյուղի անվան պատմությունըն, ըստ գյուղացիների՝ սկիզբ է առնում 1923 թվականից, երբ այս տարածքում ապրել է Ալի անունով մի թուրք, ով ունեցել է յայլա։ Քանի որ նա շեկ մազեր է ունեցել՝ պոզ, հարևաններն ասել են՝ գնանք պոզ Ալիի յայլան, և ժամանակի ընթացքում այդ արտահայտությունից ձևավորվել է Պոզալի անվանումը։

Բուղաշեն։ Բուղաշեն անվան մասին հայտնի է երկու վարկած։ Առաջինի համաձայն՝ այն առաջացել է բուղա՝ ցուլ բառից։ Երկրորդ վարկածով՝ անվանումը կապվում է բուղ՝ գոլորշու հետ, քանի որ բնակավայրի առաջին բնակիչների ժամանման ժամանակ տարածքն ամբողջությամբ մառախուղի մեջ է եղել։

Գոգաշեն։ Պատմում են, որ հնում այստեղ մի աղջիկ է տանջամահ եղել, և «գոգով շենի» բառերից էլ ձևավորվել է գյուղի անվանումը՝ Գոգաշեն։

Գոման։  Առաջին տարբերակի համաձայն՝ Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգում եղել է Գոմք տեղանվամբ բնակավայր, որտեղից գաղթել են այս գյուղի նախնիները 1830 թվականներին։ Երկրորդ տարբերակի համաձայն՝ գյուղի բնակիչները սկզբնական շրջանում բնակություն են հաստատել Արագովա արդեն հաստատված գյուղում, այնուհետև մոտ 1830-1935 թթ բարձրացել են վերև, որտեղ եղել  են գոմեր, կիսավեր երևի նախկինում մարդիկ են ապրել, միգուցե գոմ բառին ավելացվել է ան վերջածանցը և դարձել Գոման։

Գումբուրդո։ Գումբուրդո թուրքերենից նշանակում է՝ արևն այստեղ է։ Պատմում են, որ գյուղի եկեղեցին այնքան բարձր է եղել, որ արևածագին եկեղեցու շողքն ընկել է բազմաթիվ տների վրա, և մարդիկ ասել են՝ արևն այստեղ։

Դադեշ։ Ըստ գյուղացիների՝ իրենց գյուղի անունն առաջացել է «դաի-դեշ» թուրքերեն բառից, որը թարգմանաբար նշանակում է՝ սարի լանջ։

Դավնիա։  Որևէ հստակ բացատրություն չկա կաված այս բնակավայրի անվան հետ։ Գյուղի մեծահասակների խոսքով, անվանումը թուրքերեն է, որի բացատրությունը նշանակում է հարթավայր։

Տարբեր գյուղերի բնակիչների պատմած վկայությունները ցույց են տալիս, որ Ախալքալաքի շրջանի գյուղանունների ծագումը հիմնականում փոխանցվել է բանավոր ավանդազրույցների միջոցով և հաճախ ունի մի քանի վարկած։

Jnews-ն այս կիրակի առանձնացրել է թվով 10 գյուղի անվան ծագման մասին կարճ տեղեկություն։ Այսուհետ ամեն կիրակի պարբերաբար կներկայացվեն նաև մյուս գյուղերի մասին պատմությունները։

Եթե կան, ովքեր տեղեկացված ու հետաքրքված են իրենց գյուղի անվան ծագումնաբանությամբ և կարող են կիսվել լրացուցիչ վկայություններով, ապա Jnews-ը պատրաստ է դրանք ևս ներառել և նյութը պարբերաբար թարմացնել։

Լուսանկարում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Գոման գյուղի դեռևս չվերանորոգված եկեղեցին է

Կարդացեք նաև՝ Գյուղանուններ․ Ինչպե՞ս է առաջացել Ախալքալաքի գյուղերի անվանումները

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝