նորություններ 13 Փետրվարի, 2026 • Ֆինանսական բուրգերը Ախալքալաքում՝ արագ եկամուտ ստանալու խաբկանքը

Ախալքալաքում շատերն են կորցրել իրենց վերջին խնայողությունները, անգամ վարկ են վերցրել՝ արագ եկամուտ խոստացող ծրագրերի պատճառով։ Սակայն արդյունքում մնացել են ձեռնունայն։ Բայց ամեն նոր ֆինանսական բուրգի հետ ավելի շատ մարդիկ են ներգրավվում այդ համակարգեր, վախենալով, կամ չվախենալով, որ կկորցնեն իրենց ներդրումը:

Արագ փող աշխատելու գաղափարն այսօր շատերի համար դարձել է գրավիչ։ Չնայած տեղեկատվության առատությանը՝ մարդիկ շարունակում են ընկնել ֆինանսական բուրգերի ծուղակը՝ առաջնորդվելով արագ և հեշտ շահույթ ստանալու ցանկությամբ։

Վերջին տարիներին ֆինանսական բուրգերը ակտիվացել են նաև մեր տարածաշրջանում։ Jnews-ի ունեցած տեղեկություններով՝ որոշ գյուղերում արձանագրվել են դեպքեր, երբ մարդիկ վաճառել են իրենց հիմնական եկամտի աղբյուր հանդիսացող ապրանքները և ամբողջ գումարը ներդրել բուրգային սխեմաների մեջ՝ մեծ շահույթ ստանալու ակնկալիքով։ Նրանցից ոմանք, ում հետ կապ է հաստատել Jnews-ը, խուսափում են մանրամասներ ներկայացնելուց՝ նշելով, որ սա կազինո չէ, այլ պարզապես օրն անցկացնելու միջոց կամ լրացուցիչ զբաղմունք։

Ամեն մի տարածաշրջանում տարածված է լինում ֆինանսական բուրգի մի կայք, տեղացիները ծանոթներին են ներգրավում ու դարձնում այդ կայքի օգտվող։ Ախալքալաքցիներին ծանոթ են Tesla Media, Grenminer, Allegro Era անունները։ Ժամանակի ընթացքում անունները փոխվում են, բայց սցենարը՝ ոչ։

Հիմա Ախալքալաքում տարածված է PCD կայքը։ Կիբեր անվտանգության մասնագետ Նիկա Գագնիձեի տեղեկացմամբ՝ սա սովորական կասկածելի կայք է, և միայն զգուշություն է պետք։

Ծրագրավորող Արտավազդ Զաքարյանի խոսքով․ «Ֆինանսական բուրգի մեջ փող կորցնելու հավանականությունը գրեթե 100 տոկոս է»։

Նա բացատրում է, որ բարեկամները կամ հեղինակություն ունեցող մարդիկ քարոզում են գումարային ներդրում անել, որովհետև իրենք օգուտ ունեն դրանից։ Մարդկանց այսպես ասած հենց իրենց տակ են գրանցում, մարդիկ գնալով ագահ են դառնում։ Քանի դեռ փողի հոսք կա, ապա դա նշանակում է, որ բուրգն ուշ է անջատվելու։

Նրա խոսքով, ֆինանսական բուրգի իրական նպատակը ներդրումային գործունեություն իրականացնելը չէ, այլ նոր մասնակիցների հաշվին գումարների շարունակական ներգրավումը։ Բուրգի կազմակերպիչները մշտապես հետևում են ներհոսող և դուրս եկող գումարների հարաբերակցությանը։ Այն պահին, երբ ներհոսքը սկսում է հավասարվել կամ մոտենալ ելքին, համակարգը դադարում է գործել։ Այդ պահից բուրգը փլվում է, իսկ մարդկանց մեծ մասը կորուստներով է դուրս գալիս։

Բուրգերն աշխատում են մարդկանց հոգեբանության վրա։ Սկզբում մարդը ստանում է փոքր եկամուտ, վստահում է համակարգին, հետո ավելացնում ներդրումը՝ մտածելով, որ էլի կաշխատի։ Սակայն հենց այդ փուլում ռիսկը հասնում է առավելագույնի։

Ախալքալաքի բնակիչներից մեկը պատմում է․ «Ես Allegro ծրագրից 100 դոլլար կորցրել եմ։ Չէի պատկերացնում, որ հենց իմ փոխանցման պահին կփակվի։ Մարդկանց խորհուրդ տալ չեմ կարող»։

Ֆինանսական բուրգերն ու նման սխեմաները Վրաստանի օրենսդրությամբ արգելվում են, սակայն դրանց վաղ փուլում բացահայտումը հաճախ բարդ է։ Նույնիսկ կազմակերպիչների պատասխանատվության ենթարկվելու դեպքում տուժածների կորուստները ամբողջությամբ չեն փոխհատուցվում։

«Պետությունը չի կարող վերահսկել յուրաքանչյուր անփորձ կամ ռիսկի դիմող մարդու և պաշտպանել նրան նման ծուղակներից։ Այստեղ պատասխանատվության մեծ մասը անհատի վրա է», — նշում է Արտավազդ Զաքարյանը։

Ֆինանսական բուրգերը նոր երևույթ չեն։ Դրանց արմատները կապվում են ֆինանսական համակարգի ձևավորման վաղ փուլերի հետ։ Երբ մարդիկ սկսեցին վստահել իրենց միջոցները միջնորդներին՝ բանկերին, հիմնադրամներին կամ վարկային կառույցներին, առաջացավ նաև այդ վստահությունը շահագործելու գայթակղությունը։

Այսօր նման սխեմաները բացահայտորեն արգելված են շատ երկրներում և համարվում են ֆինանսական հանցագործություն։ Սակայն ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես կրիպտոարժույթների օգտագործումը, հաճախ բարդացնում են կազմակերպիչների հայտնաբերման և պատասխանատվության ենթարկման գործընթացը։

Ծրագրավորողի խոսքով՝ համացանցում այսօր լայնորեն քննարկվում են կրիպտոարժույթների թեմաները, և հաճախ խրախուսվում է դրանց խելամիտ ու գիտակցված օգտագործումը։ Սակայն մեր տարածաշրջանում անտեղյակության պատճառով ֆինանսական բուրգերը հաճախ նույնացվում են կրիպտոարժույթի հետ, ինչի արդյունքում մարդիկ գրանցվում և ներդրում են կատարում առանց խորքային ուսումնասիրության։

«Կրիպտոարժույթն ինքնին ոչ բուրգ է, ոչ խաբեություն։ Դա տեխնոլոգիա է։ Սակայն հենց այդ անտեղյակությունն է հաճախ օգտագործվում բուրգերի կողմից։ Դրանք օգտագործում են կրիպտո տերմինաբանություն, խոսում բլոքչեյնի թափանցիկության մասին, սակայն իրականում չեն ներկայացնում հաշվետվություններ և չեն իրականացնում իրական ներդրումային գործունեություն», — նշում է նա։

Համաշխարհային մակարդակով կիբերհանցագործություններն աճում են։ Cybersecurity Ventures-ի կանխատեսմամբ՝ կիբերհանցագործությունների հետևանքով առաջացած համաշխարհային ֆինանսական վնասը շարունակում է աճել։ Առաջիկա տարիներին այդ ծախսերը տարեկան կավելանան մոտ 15 տոկոսով։ Եթե 2015 թվականին գլոբալ վնասը կազմել է շուրջ 3 տրիլիոն դոլլար, ապա վերջին տարիներին այն հասել է ավելի քան 10 տրիլիոն դոլլարի և, կանխատեսումների համաձայն, մինչև 2031 թվականը կկազմի տարեկան մոտ 12 տրիլիոն դոլլար։

Այս աճող միտման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում նաև ֆինանսական խարդախությունները, այդ թվում՝ բուրգային սխեմաները։
«Այո, որոշ մարդիկ կարող են կարճ ժամանակում եկամուտ ունենալ։ Սակայն պետք է հասկանալ՝ նման համակարգը կարող է փակվել ցանկացած պահի», — նշում է Արտավազդ Զաքարյանը։

Կարդացեք նաև Jnews-ի նմանատիպ նյութերը՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝