Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքի վրաց բանասիրության բաժնում սովորող ուսանողների ճնշող մեծամասնությունը տարիներ շարունակ աղջիկներ են։ Համալսարանի գործունեության ամբողջ ընթացքում տղա ուսանողների թիվը ընդամենը երկու կամ երեքն է եղել։
Այս թեմայով Jnews-ը զրուցել է Ախալքալաքի մասնաշենքի վրաց բանասիրության բաժինն ընտրած առաջին տղա ուսանողի՝ Ֆելիքս Մարտիրոսյանի հետ։ Նա արդեն ավարտել է համալսարանը և ներկայում աշխատում է իր գյուղի՝ Գոմանի հանրային դպրոցում։
Տարիներ շարունակ համալսարանի բանասիրության բաժինը տղա ուսանող չի ունեցել։ Այդ «ավանդույթը» կոտրել է Ֆելիքս Մարտիրոսյանը, ով 2018–2019 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ընդունվել է համալսարան՝ տեղափոխվելով Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանից։
«Թբիլիսիում բժշկական բաժնում էի սովորում, սակայն ընտանեկան և ֆինանսական պատճառներով ստիպված եղա տեղափոխվել Ախալքալաք»,– պատմում է նա։
Բանասիրական բաժինը Ֆելիքս Մարտիրոսյանն ավարտել է 2023 թվականին։
Նա ընտրության առաջ էր կանգնած տնտեսագիտության և վրաց բանասիրության բաժինների միջև։ Գիտակցաբար նախընտրությունը տվել է բանասիրությանը՝ լիովին պատկերացնելով այն մարտահրավերները, որոնց կարող էր բախվել։
«Մինչ այդ բարձր կուրսերում այս բաժնում տղա ուսանող չի եղել։ Համալսարանի անձնակազմը զարմացած էր, առաջին տղան եմ, ով ընտրել է բանասիրությունը»,– ասում է Ֆելիքսը։
Սկզբում նա նույնիսկ չի իմացել, որ լինելու է կուրսի միակ տղան։ Նրա հետ սովորում էին 11 աղջիկներ, որոնք, նրա խոսքով, մշտապես աջակցել են իրեն, ընդունել որպես եղբոր և ստեղծել ջերմ ու առողջ ուսումնական մթնոլորտ։
Ֆելիքս Մարտիրոսյանը հաճախ ուշադրության կենտրոնում է եղել հենց այն պատճառով, որ համալսարանի պատմության մեջ առաջին տղան էր, ով ընտրել էր բանասիրական բաժինը։ Սակայն, ինչպես ինքն է նշում, դա երբեք չի խանգարել ուսմանը։
«Դա չի կարող բացասական գործոն լինել, որ ես շեղվեմ կրթությունից»,– ընդգծում է նա։
Արդեն երեք տարի է, ինչ Ֆելիքսն աշխատում է Գոման գյուղի հանրային դպրոցում՝ որպես երկլեզու ծրագրի ուսուցիչ։ Նա դասավանդում է «Ես և հասարակություն» առարկան։ Նրա կարծիքով՝ այսօր բանասիրական կրթությամբ տղաները մեծ առավելություն ունեն, քանի որ դպրոցներում զգալիորեն քիչ են տղամարդ մանկավարժները։
Ֆելիքսի խոսքով՝ իր ընտրությունը դրական է ընդունվել շրջապատի կողմից։
«Իմ շրջապատը շատ նորմալ է ընդունել իմ որոշումը, հատկապես դպրոցում, քանի որ մինչ իմ աշխատելը դպրոցում երկու տղամարդ ուսուցիչ կար»,– նշում է նա։
Միաժամանակ նա խոսում է ոլորտում առկա խնդիրների մասին։
«Աշխատանք գտնելիս հաճախ պահանջում են աշխատանքային փորձ նույնիսկ նորավարտ մասնագետներից։ Բացի այդ, համալսարանն ավարտելուց հետո, երբ արդեն հավաքել եմ 60 միավոր՝ ներառական կրթության և ուսուցչի պատրաստման քննություններով, դպրոցներում պահանջում են նաև առարկայական 10 միավորանոց վերապատրաստման վկայական»,– նշում է նա։
Ֆելիքսի խոսքով՝ ուսուցչի աշխատավարձը բավարար չէ ընտանիք պահելու համար, ինքն զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ։ Այնուամենայնիվ, նա չի մտածում արտագնա աշխատանքի մասին։
30-ամյա Ֆելիքս Մարտիրոսյանը կանգ չի առել ձեռքբերածով և ծրագրում է ապագայում շարունակել ուսումը մագիստրատուրայում։
Նրա հիմնական ուղերձն ուղղված է երիտասարդ տղաներին․
«Բանասիրությունն ամոթ չէ։ Խորհուրդ եմ տալիս տղաներին ընտրել այս բաժինը։ Բանասիրական կրթությունը մարդուն չի սահմանափակում միայն դպրոցում աշխատելու հնարավորությամբ․ Վրաստանում բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ հնարավոր է աշխատել հենց բանասիրական կրթությամբ»։
Նա ընդգծում է նաև Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի կարևորությունը Ջավախքի հայ ուսանողների համար։
«Չնայած ուսման վարձը նույնն է, Ախալքալաքում համալսարանի հարակից տարածքում կա հանրակացարան, որը շատ հարմար է ուսանողների համար։ Վճարը կազմում է ամսական ընդամենը 10 լարի։ Բացի այդ, երրորդ մասնաշենքի առկայության ևս մեկ առավելությունն այն է, որ մունիցիպալիտետը վճարում է անապահով կամ ծնողազուրկ ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձը՝ 1125 լարի։ Ֆակուլտետի փակման դեպքում շատ ուսանողներ կարող են հրաժարվել կրթություն ստանալուց՝ ֆինանսական խնդիրների պատճառով»,– նշում է նա։
Ֆելիքսը հիշում է, որ իր չորրորդ կուրսն ավարտելուց հետո բանասիրական բաժին է դիմել ևս մեկ տղա ուսանող, ինչը համարում է փոքր, բայց կարևոր առաջընթաց։
Ֆելիքս Մարտիրոսյանը չի փոշմանել իր կատարած ընտրության համար և նշում է, որ հնարավորության դեպքում կրկին կընտրեր նույն ճանապարհը։



