նորություններ 19 Փետրվարի, 2026 • Պարտքով առևտուրը՝ Ախալքալաքում

Ախալքալաքում և գյուղերում ընդունված է պարտքով առևտուր անել։ Նույնիսկ, եթե ընդհանրապես գումար չունենաս, Ախալքալաքում երբեք սոված չես մնա, քանի որ պարտքով կարող ես գնել ամեն ինչ․ սնունդից սկսած վերջացրած հագուստով։ Jnews-ը խոսել է փոքր բիզնեսների տերերի հետ հասկանալու, թե ինչ ազդեցություն է ունենում պարտքով առևտուրը բիզնեսի զարգացման վրա։

Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակիչների մեծ մասը կայուն, ամսական եկամուտ չունի և գումար է ստանում միայն տարվա որոշակի ժամանակահատվածում։ Սովորաբար դա տեղի է ունենում գյուղատնտեսական մթերքների վաճառքի ժամանակ կամ այն դեպքերում, երբ արտագնա աշխատանքի մեկնած հարազատը վերադառնում է տուն և ֆինանսական աջակցություն ցուցաբերում ընտանիքին։

Տարվա մնացած ամիսներին մարդիկ բախվում են ֆինանսական խնդիրների հետ։

Առօրյա անհրաժեշտությունները՝ սնունդ, կենցաղային ապրանքներ ձեռք են բերվում պարտքով (հատկապես մի քանի տարի առաջ)։ Այս պայմաններում պարտքով առևտուրը դառնում է գոյատևման միջոց։

Փոքր խանութները և վաճառողները հաճախ ստիպված են հանդես գալ որպես ֆինանսական միջնորդներ։ Քանի որ գյուղերը փոքր են և բոլորը միմյանց ճանաչում են, պարտքով վաճառքը հիմնվում է փոխադարձ վստահության վրա։ Սակայն այս վստահությունը միշտ չէ, որ ապահովում է ֆինանսական կայունություն։

Պարտքերի մարումը, որպես կանոն, կապված է կոնկրետ իրադարձության հետ՝ բերքի վաճառք կամ արտագնա աշխատանքից ստացված գումար։ Եթե այդ սպասվող եկամուտն ուշանում է կամ չի ստացվում, պարտքերը կուտակվում են։ Արդյունքում ֆինանսական ճնշման տակ են հայտնվում ոչ միայն ընտանիքները, այլ նաև փոքր բիզնեսները, որոնք իրենք էլ սկսում են դժվարությամբ ապահովել շրջանառությունը։

Տեղական վաճառողներից մեկը նշում է, որ պարտքով գնումներ հիմնականում կատարում են մեծ տարիքով մարդիկ։ Նրանք, որպես կանոն, պարտքը մարում են թոշակն ստանալուն պես, և նման պարտքերը մեծ վնաս չեն հասցնում բիզնեսին։

«Մեծ տարիքով մարդկանց չենք կարող մերժել»,– ասում է վաճառողը՝ ընդգծելով նաև բարոյական կողմը։

Սակայն ոչ բոլոր դեպքերն են նույնքան հարթ։ Վաճառողները նշում են, որ երբեմն ծանոթ հաճախորդները պարտքով ապրանք են վերցնում, բայց ամիսներով չեն վճարում պարտքը։ Ավելին՝ նրանք սկսում են գնումներ կատարել այլ խանութներից՝ խուսափելով պարտքի մարումից։ Սա արդեն լուրջ ազդեցություն կարող է ունենալ բիզնեսի կայունության վրա։

Գյուղական համայնքներում պարտքով առևտուրը հաճախ կապվում է սեզոնային աշխատանքի հետ։ Նախկինում բնակիչները հիմնականում արտագնա աշխատանքի էին մեկնում, իսկ այժմ շատերը զբաղվում են կարտոֆիլի հավաքով։ Երբ սեզոնային աշխատանքից ստացած գումարը ստանում են, պարտքերը մարում են։ Այսինքն՝ պարտքի վերադարձը մեծապես կախված է եկամտի սեզոնայնությունից։

Միևնույն ժամանակ վաճառողները հաճախ կանգնում են բարոյական երկընտրանքի առաջ։

«Լավություն ենք անում, բայց վերջում վատ մարդ մենք ենք դուրս գալիս»,– նշում են նրանք։

Պարտքով ապրանք տրամադրելը հաճախ ընկալվում է որպես աջակցություն, սակայն ուշացումները կամ չվճարումները բարդություններ են ստեղծում։

Ընդհանուր առմամբ, պարտքով առևտուրը հատկապես տարածված է գյուղերում և դարձել է սոցիալ-տնտեսական պայմաններից բխող սովորական երևույթ։ Այն մի կողմից օգնում է բնակիչներին հաղթահարել ժամանակավոր ֆինանսական դժվարությունները, մյուս կողմից՝ ստեղծում է ռիսկեր փոքր բիզնեսների համար։

Մի քանի տարի առաջ իրավիճակն այլ էր։ Շատերը մեկնում էին խոպան՝ արտագնա աշխատանքի։ Վերադառնալիս նրանք կարողանում էին փակել կուտակված պարտքերը, հոգալ ընտանիքի հիմնական կարիքները և նույնիսկ որոշ չափով գումար խնայել։

Այսօր պատկերը փոխվել է։ Խոպանը կարծես եկել է այստեղ․ մարդիկ իրենց գյուղերում զբաղվում են հողագործությամբ, սակայն գյուղատնտեսական աշխատանքը հաճախ չի ապահովում կայուն եկամուտ։ Արդյունքում մարդիկ ստիպված են լինում պարտք վերցնել՝ սերմ գնելու, հողի մշակման, կենցաղային ծախսերը հոգալու համար։

«Փոխանակ ընտանիքի վիճակը բարելավելու, որոշ մարդիկ գումարը ծախսում են կազինոներում և խաղատներում՝ հաճախ կորցնելով ամբողջ աշխատածը։ Սա ավելի է մեծացնում պարտքային բեռը»։

Ֆինանսիստ Ռիփսիմե Օվանօղլյանը պարզաբանում է պարտքով առևտրի հիմնական կառուցվածքը։

«Երբ ապրանքը վաճառվում է պարտքով, վաճառողը պարտավոր է այդ վաճառքը պաշտոնապես ձևակերպել՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ, որպեսզի վաճառքը գրանցված լինի և դրա հարկերը վճարվեն։

Մեզ մոտ, հատկապես փոքր խանութներում, պարտքերը հիմնականում գրանցվում են տետրերում․ գրում են գնորդի անունը և պարտքի գումարը, սակայն այդ վաճառքը չի մտցվում համակարգ, և համապատասխան հարկերը չեն վճարվում։ Մինչդեռ իրականում ապրանքը դուրս է եկել խանութից և սպառվել է։

Երբ հարկային մարմինը գալիս է ստուգման, տեսնում է, որ տվյալ ապրանքը ֆիզիկապես չկա, բայց համակարգում այն չի անցել որպես վաճառք։ Այդ դեպքում խանութը կարող է ցույց տալ պարտքերի տետրը, սակայն հարկայինն իրավունք ունի չընդունել այն որպես պաշտոնական փաստաթուղթ։

Արդյունքում՝ որքան ապրանք է պակասում հաշվեկշռում, այնքան գումարի չափով էլ հաշվարկվում է եկամտահարկը, ԱԱՀ-ն, և դրանց հետ միասին նաև տուգանքը։ Այդ ամբողջ գումարը պարտավորեցնում են վճարել։

Սովորաբար այս խնդիրն առաջանում է այն խանութներում, որոնք չեն աշխատում հաշվապահական կամ վաճառքի ծրագրերով և վաճառքները չեն գրանցում օրինական ձևով»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝