նորություններ 8 Փետրվարի, 2026 • Թբիլիսիում տեղի ունեցավ զորակցության հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 13:00-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից պուրակում տեղի ունեցավ զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Հանրահավաքն անցկացվեց «SOS! ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է» կարգախոսով։

Միջոցառման կազմակերպիչներից մեկն էր հասարակական գործիչ, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի նախկին տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի նախկին ղեկավար Լևոն Չիդիլյանը։ Հանրահավաքին միացել էին Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, տարբեր կազմակերպություններ և եկեղեցասեր քաղաքացիներ։

Հանրահավաքի ընթացքում կազմակերպիչների կողմից հնչեցված հայտարարության մեջ նշվում էր, որ վերջին ամիսներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ենթարկվում է ճնշումների Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից։ Ըստ հայտարարության՝ խոչընդոտվում է հավատացյալների բնականոն հոգևոր կյանքը, խարխլվում է Եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքը, իսկ բարձրաստիճան հոգևորականներ և քահանաներ ենթարկվում են հետապնդումների և կալանավորման՝ կեղծ մեղադրանքներով։

Հանրահավաքի սկզբում, Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը կոչ արեց ներկաներին հավաքը սկսել տերունական աղոթքով, ապա կոչ արեց բոլորին միասնական լինել և պաշտպանել մայր եկեղեցին:

«Իրականում այսօր ճշմարիտ եկեղեցուն նվիրյալ հավատացյալներիս հոգիները տխուր է մահվան չափ, որովհետև մեր աչքի առաջ հալածվում է մեր սուրբ եկեղեցին, մեր մայր եկեղեցին, մեր ծնող եկեղեցին: Մենք չենք կարող հանդուրժել, երբ այսպես ասված բարենորոգության ծրագրի մեջ մենք տեսնում ենք հալածված եկեղեցի, բարենորոգության անվան տակ մենք չենք կարող ընդունել, որ գերության մեջ գտնվող մեր հայորդիները ցմահ դատապարտվում են, մենք չենք կարող հաշտվել նրա հետ, որ մեր հայրենիքում բարձրաստիճան հոգևորականը անմեղությամբ դատապարտվում է և չեմ ընդունում չարի զորությունը, որը այսօր ցավոք մտել է նաև մեր եկեղեցու մեջ: Եվ իրավի այդ չարի զորությունը անձանց միջոցով, չակերտավոր ասված բարենորոգողների միջոցով ներթափանցել է նաև մեր հոգևոր դասի մեջ, և մեր բոլորիս վրա կա պատասխանատվություն, որ կանգնեցնենք այս կործանարար գործողությունը մեր միասնաբար լինելով», — ասաց նա իր խոսքում:

Ելույթ ունեցավ նաև մտավորական, պատմաբան Ենոք Թադևոսյանը, կարճ ներկայացնելով, թե ինչ է ներկայացնում եկեղեցին հայերի համար: Հանրահավաքի ժամանակ ելույթներով հանդես եկան նաև «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

cuyc 5

Հանրահավաքի ընթացքում մասնակիցները ծածանեցին Հայաստանի և Վրաստանի դրոշները, իրենց հետ կրում էին նաև պաստառներ հանրահավաքի կարգախոսով, հնչեցին նաև հայրենասիրական երգեր:

cuyc 7

cuyc 1

cuyc 2

 

cuyc 4

cuyc 8

Միջոցառման մասնակիցները ընդգծեցին, որ նման մասշտաբի ճնշումներ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պատմության ընթացքում արձանագրվել են Ցարական Ռուսաստանի, Օսմանյան կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում։ Նրանց համոզմամբ՝ ներկայիս գործընթացները վտանգում են ոչ միայն Եկեղեցու գործունեությունը, այլև համահայկական միասնությունը՝ խորացնելով Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ճեղքը և բարոյական հարված հասցնելով միլիոնավոր հայերի ամենանվիրական արժեքներին։

Ելույթ ունեցողները կոչ արեցին վիրահայ համայնքի բոլոր անդամներին իրենց մասնակցությամբ զորակցել համայն հայության Մայր Եկեղեցուն՝ ընդգծելով, որ դարերի ընթացքում հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է եղել այն հիմնասյունը, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր ազգային ինքնությունն ու կերպարը աշխարհում։

Հանրահավաքը անցավ խաղաղ մթնոլորտում՝ ուղեկցվելով համերաշխության կոչերով և Եկեղեցու դերի կարևորության մասին շեշտադրումներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝