2025 թվականի կարտոֆիլի բերքի իրացումն Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում է: Չնայած գյուղերի միջև անհավասար ակտիվությանը, ֆերմերները ընդհանուր առմամբ գոհ են իրավիճակից. գնորդներ կան, գինը բարձրացել է մինչև 1 լարի, իսկ վաճառքն իրականացվում է բացառապես Վրաստանի ներքին շուկայում:
Կարտոֆիլի վաճառքը հատկապես ակտիվ է քաղաքին մոտ գտնվող գյուղերում: Այս միտումը նկատվում է ամեն տարի, գնորդները նախ կարտոֆիլը գնում են մոտակա գյուղերից, և միայն այնտեղ պաշարների սպառվելուց հետո գնում են ավելի հեռավոր բնակավայրեր:
Դադեշ գյուղի բնակիչ Էդգարը գոհ է ինչպես վաճառքի գործընթացից, այնպես էլ գնի բարձրացումից:
«Կարտոֆիլը վաճառվում է, մոտ տասը օր առաջ գինը բարձրացավ մինչև 1 լարի։ Գինը նորմալ է, իսկ գնորդները տեղացիներն են՝ Վրաստանի այլ շրջաններից եկած մարդիկ։ Մեր գյուղում ամբողջ բերքի մոտավորապես 60-70%-ն է վաճառվել։ Իմ կարծիքով, գյուղում դեռ մոտ 2000 տոննա կարտոֆիլ է մնացել», — պատմում է Էդգարը։
Մուրջախեթ գյուղի բնակիչ Ենոք Բաբաջանյանը նույնպես գոհ է առևտրի ակտիվությունից և գներից։ Նա ակնկալում է, որ կարտոֆիլի գինը կշարունակի բարձրանալ։
«Գինը 90 թեթրիից մինչև 1 լարի է, և գնորդներ կան։ Այս գնով գյուղացիներն արդեն եկամուտ կունենան։ Ես դեռ կարտոֆիլ ունեմ վաճառելու, սպասում եմ, որ գինը էլի բարձրանա։ Վաճառքը հիմնականում ներքին շուկայում է», — ասում է Ենոք Բաբաջանյանը։
Միևնույն ժամանակ, Ալաստան գյուղի բնակիչ Սիմոն Մանանյանը նշում է, որ իրենց գյուղում գնորդները դեռևս ակտիվություն չեն ցուցաբերում։
«Մեր գյուղում շատ կարտոֆիլ ունենք, բայց գնորդները հիմնականում Վարևան գյուղից են գալիս։ Մեր հերթը դեռ չի հասել, մինչև մեր գյուղ շատ գյուղեր կան։ Նոր տարուց հետո մեր գյուղ միայն մեկ բեռնատար է եկել, իսկ կարտոֆիլն ինքներս տանել վաճառելն անշահավետ է։ Այնուամենայնիվ, առևտուրը, ընդհանուր առմամբ, լավ է ընթանում», — նշում է Սիմոն Մանանյանը։
Նրա խոսքով, ուժեղ ցրտահարությունների ժամանակ բերքի մի մասը ստիպված են եղել վաճառել կարտոֆիլի սառչելու վտանգի պատճառով։ Այս տարի մունիցիպալիտետում համեմատաբար ցուրտ էր, և ոչ բոլոր գյուղացիներն ունեն կարտոֆիլ պահելու ժամանակակից պահեստներ։ Նման պահեստները շարունակում են մունիցիպալիտետի համար մնալ հրատապ անհրաժեշտություն։
Խավեթ գյուղում, ըստ սակրեբուլոյի պատգամավոր Հրաչ Մովսեսյանի, ճանապարհի վերանորոգումից հետո, գնորդները սկսել են ավելի հաճախակի գալ։
«Վաճառքը մոտ 20 օր է ակտիվացել է, գինը՝ 90 թեթրի։ Սա նորմալ գին է, և ֆերմերները շահույթ են ստանում։ Ճանապարհներն արագ մաքրվում են ձյունից, դրա համար գնորդները գալիս են։ Նրանք հիմնականում Վրաստանի այլ շրջաններից են։ Այս տարի կարտոֆիլ չի արտահանվում։ Գյուղի բերքի մոտ 40%-ը մնում է դեռ վաճառքի», — ասաց Հրաչ Մովսեսյանը։
Հարկ է նշել, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվարին, շատ սննդամթերքներ, այդ թվում՝ կարտոֆիլը, թանկացել են։ Հունվարին կարտոֆիլի գինը աճել է 28%-ով։



