Հոկամ գյուղի հանդիսությունների սրահը երկար ժամանակ է մատնված է անուշադրության։ Բնակիչների փոխանցմամբ՝ սրահը չի համապատասխանում նվազագույն պայմաններին․ չկա բավարար քանակի սպասք, խոհանոցը չունի նորմալ պայմաններ սնունդ պատրաստելու և մաքրելու համար, իսկ սանհանգույցը փաստացի չի գործում։ Ախալքալաքի քաղաքապետի ներկայացուցիչը գյուղում պնդում է, որ այս տարի սրահը հիմնովին կվերանորոգվի:
Բնակիչները նշում են, որ հատկապես ձմռան ամիսներին իրավիճակը դառնում է առավել խնդրահարույց․ սրահի ներսում առաստաղը կարծես օդից կախված լինի։ Չնայած շենքը ունի կտուր, ներսում ջուրը կուտակվում է, սառչում, իսկ ջերմաստիճանի փոքր բարձրացման դեպքում սկսում է կաթել, ինչը վտանգավոր և անհարմար պայմաններ է ստեղծում։
Այստեղ գյուղացիները հիմնականում հոգեհաց են տալիս, քանի որ այլ տեղ չունեն: Սպասքը ստիպված հավաքում են այլ տեղերից, իսկ մնացած խնդիրները ամեն անգամ մի կերպ հաղթահարվում են ամենի կողմից յուրովին:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի ներկայացուցիչը Հոկամ գյուղում ասում է, որ սրահը նախատեսվում է ամբողջությամբ վերանորոգել այս տարի։ Նրա խոսքով՝ շենքը գրեթե ամբողջությամբ քանդվելու է, պահպանվելու են միայն պատերը, իսկ մնացած բոլոր աշխատանքները՝ սկսած կտուրից մինչև ներքին հարդարանք, իրականացվելու են զրոյից։
«Կտուրը ամբողջությամբ նոր է լինելու, ներսում նույնպես հիմնովին աշխատանքներ են տարվելու»,– նշեց գյուղապետ Ուշանգի Օքրոաձեն։
Վերանորոգման աշխատանքների համար նախատեսվում է ֆինանսավորում տեղական բյուջեից, իսկ 2026 թվականին շենքը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել։ Հոկամ գյուղի հանդիսությունների սրահի վերանորոգման նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 450 հազար լարի, սակայն այս պահի դրությամբ մրցույթը դեռևս չի հայտարարվել։ Նշենք նաև, որ հարևան Քարսեփ գյուղի հանդիսությունների սրահի վերանորոգման համար նախատեսված է 440 հազար լարի ֆինանսավորում։
Հիշեցնենք, որ Հոկամ գյուղում առանձին ակումբ կամ մշակութային կենտրոն չկա, և երկար ժամանակ դպրոցական միջոցառումներ կազմակերպվել է հենց այս հանդիսությունների սրահում։



