նորություններ 6 Փետրվարի, 2026 • Ինչո՞ւ չի գործում վերանորոգված ՆԳՆ գործակալության Ախալքալաքի սպասարկման կենտրոնը

Ախալքալաքի ՆԳՆ սպասարկման գործակալության սպասարկման կենտրոնի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, սակայն կենտրոնը մինչ օրս չի սկսել իր գործունեությունը։

Jnews-ը կապ է հաստատել ՆԳՆ-ի հետ, որտեղ հեռախոսազրույցի ընթացքում նշեցին, որ տվյալ պահին չեն կարող որևէ հստակ տեղեկատվություն տրամադրել կենտրոնի բացման ժամկետների վերաբերյալ։

Վերանորոգման աշխատանքների մրցույթը շահել է ՍՊԸ «Պերսպեքտիվա» ընկերությունը՝ 1,311,844 լարի ընդհանուր արժեքով։ Այդ գումարից 796,425.79 լարի նախատեսված էր Ախալքալաքում իրականացվող աշխատանքների համար, 515,418.21 լարի՝ Ախալցիխեում։

Ըստ պայմանագրի՝ աշխատանքների իրականացման համար հատկացված էր 135 օր, որից 60 օրը՝ Ախալքալաքում, 75 օրը՝ Ախալցիխեում։ Պայմանագիրը կնքվել է 2025 թվականի մայիսի 5-ին։

«Պերսպեքտիվա» ընկերության մենեջեր Բեքա Ծիկլաուրին հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց, որ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են դեռևս մինչև Ամանոր։

Կենտրոնի փակվելուց առաջ բնակիչները կարող էին օգտվել ծառայություններից միայն ուրբաթ օրերին, ինչի հետևանքով առաջանում էին մեծ հերթեր։ Բազմաթիվ քաղաքացիներ ստիպված էին լինում իրենց գրանցումները տեղափոխել հաջորդ շաբաթ։

Կենտրոնի գործունեության դադարեցումից հետո Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչները ՆԳՆ ծառայություններից օգտվելու համար ստիպված են մեկնել Ախալցիխե, ինչը կապված է լրացուցիչ ֆինանսական և ժամանակային ծախսերի հետ։

Ախալքալաքի սպասարկման կենտրոնում իրականացվել են ամբողջական կապիտալ վերանորոգման աշխատանքներ, ներառյալ՝ շինության ներսի և ճակատային մասի վերանորոգում, ասֆալտապատում և այլ աշխատանքներ։

Հիշեցնենք, որ ՆԳՆ սպասարկման գործակալության Ախալքալաքի սպասարկման կենտրոնը փակվել է 2025 թվականի մայիսի 30-ից՝ վերանորոգման աշխատանքների պատճառով։ Կենտրոնը բնակիչներին տրամադրում է վարորդական վկայականների, տրանսպորտային միջոցների գրանցման, զենքի և այլ վարչական ծառայություններ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝