նորություններ 6 Փետրվարի, 2026 • Ո՞ր բաժիններն են փակվելու Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Մակա Բերիձեի տեղեկացմամբ՝ «Վրացական երազանքի» կրթության բարեփոխման շրջանակում ուսումնական հաստատություններում փակվելու են իրավաբանական և տնտեսագիտության բաժինները։ Փոխարենը պլանավորվում է բնագիտական, անասնաբուժական և ուսուցչական ուղղությունների բաժինների ներառում։

Jnews-ը հետաքրքրվել է սպասվող փոփոխությունների մասին։  Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաշենքի ուսանողների տեղեկացմամբ՝ փոփոխությունների վերաբերյալ հստակ տեղեկություն չկա, օրենք կա,  բայց դեռևս հաստատված չէ։

Ըստ խոսակցությունների՝ փակելու են տնտեսագիտության բաժինը և 4-րդ մասնաշենքի քոլեջը։

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Մակա Բերիձեն TOK2Region-ին տված հարցազրույցում նշել է, որ համալսարանը կրթություն է տալիս ուսանողին՝ նրան մրցունակ դարձնելու և աշխատաշուկայում տեղավորելու նպատակով։ Նրա խոսքով՝ համալսարանն անմիջականորեն կապված է աշխատաշուկայի պահանջների հետ։

«Պարզվեց, որ տնտեսագետների նման քանակը երկրին անհրաժեշտ չէ։ Մենք տալիս էինք դիպլոմ, բայց չէինք մտածում աշխատանքի մասին։ Վերջին տարիներին Տնտեսագիտության բաժին էր ընդունվում ընդամենը 3–ից 5 ուսանող, չնայած այն ֆինանսավորվում էր պետության կողմից», – նշել է Բերիձեն։

Միաժամանակ հավելելով, որ որոշ մասնագիտությունների պահանջարկը տարածաշրջանում սահմանափակ է։

«Օրինակ՝ արդյո՞ք Սամցխե-Ջավախեթիին տարեկան 100 հանրային աշխատող է անհրաժեշտ։ Մենք ստիպված էինք առաջնորդվել ոչ թե երկրի իրական կարիքներով, այլ ուսանողների թվով, քանի որ ֆինանսավորումը դրանից էր կախված», — ասել է նա։

Բերիձեի խոսքով՝ նոր մոտեցումն ավելի մեծ հնարավորություններ է ստեղծում ուսանողների համար:

«Եթե, օրինակ, զարգացնում ենք ագրոտնտեսությունը կամ անասնաբուծությունը, այսինքն՝ ոչ միայն կրթություն ենք առաջարկում, այլ նաև աշխատանքի երաշխիք, որտե՞ղ է ուսանողի շահի խոչընդոտը», — ընդգծել է նա։

Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի անձնակազմն ընդհանուր առմամբ դրական է գնահատում նոր բաժինների ներառումն ու ամրապնդումը՝ ընդգծելով, որ այդ ուղղությունները տարածաշրջանի համար առաջնային են և մշտապես ունեն աշխատաշուկայի պահանջարկ։

Նշվում է նաև, որ փոփոխությունները չեն վերաբերում արդեն սովորող ուսանողներին։ Բայց հնարավոր է նրանց դասերն առցանց դարձնեն։

Հնարավոր է բանասիրության բաժինը փակեն,  և պայմանագրային ու մրցույթով ընդունված դասախոսներն այլևս չաշխատեն։

Կադրային քաղաքականության վերաբերյալ նորընտիր ռեկտոր Վախտանգ Թաքթաքիձեն նշել է, որ կրթական բարեփոխումների շրջանակում նախատեսվում է կադրերի կոնցենտրացիա և նոր էներգիայով համալրում։ Սա նշանակում է նոր ուղղությունների բացում և նոր մասնագետների ներգրավում։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ իր ղեկավարության ընթացքում կփորձի առավելագույնս պաշտպանել գործող անձնակազմի շահերը։

«Այս փուլում կադրային փոփոխություններ չեմ պլանավորում։ Ապագայում ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ո՞ր ուղղությամբ կզարգանան բարեփոխումները և ի՞նչ կարիքներ կունենա համալսարանը։ Մենք կփորձենք մի կողմից պաշտպանել ուսանողների շահերը և ապահովել որակյալ կրթություն, մյուս կողմից՝ արժանավոր մարդկանց ապահովել աշխատանքով», – նշել է Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Վախտանգ Թաքթաքիձեն TOK2Region-ին տված հարցազրույցում։

Ռեկտորի խոսքով՝ նմանատիպ բարեփոխումները պետք է ծառայեն համալսարանի կայունությանը և նպաստեն ուսումնառության ու գիտական զարգացմանը։ Նա կարևորել է նաև ակադեմիական համայնքի և նախարարության միջև կառուցողական երկխոսությունը՝ ընդգծելով, որ արդյունքները հնարավոր կլինի գնահատել միայն որոշ ժամանակ անց։

Բացի այդ, Մակա Բերիձեն նշել է, որ Ախալցիխեի համալսարանի առաջին մասնաշենքի հարևանությամբ նախատեսվում է ուսանողական կացարանի կառուցում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝