Խորհրդարանն «Ընդհանուր կրթության մասին» օրենքում փոփոխությունները քննարկեց երրորդ ընթերցմամբ և 85 կողմ, 10 դեմ ձայնով ընդունեց։ Այս մասին հայտնում է Վրաստանի խորհրդարանը։
Օրենքի նախագծով նախատեսված հիմնական փոփոխությունները պատգամավորներին ներկայացրել է կրթության, գիտության և երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան։
«Փոփոխությունների համաձայն՝ ամբողջական ընդհանուր կրթության տևողությունը կսահմանվի ոչ պակաս, քան 11 և ոչ ավելի, քան 12 տարի, որը կբաժանվի հետևյալ կերպ՝ նախնական (6 տարի՝ I−VI դասարաններ), հիմնական (3 տարի՝ VII−IX դասարաններ) և միջին (2 տարի՝ X և XI դասարաններ, ինչպես նաև կամընտրական 1 տարի՝ XII դասարան)։ Ընդհանուր կրթության նախնական մակարդակում ուսումը սկսելու տարիքը կլինի 6՝ ներառյալ այն երեխաները, ովքեր մինչև սեպտեմբերի 15-ը կդառնան 6 տարեկան։
Կհեռացվի դասագրքերին գրիֆ (հաստատման նշում) տալու կանոնը, քանի որ կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը կձևավորի հանրակրթական հաստատությունների համար նախատեսված ուսումնական դպրոցական դասագիրք, կապահովի դրա տպագրումն ու անվճար, ժամանակավոր օգտագործման նպատակով՝ համապատասխան դպրոցներին փոխանցումը։
Ընդհանուր կրթության նախնական մակարդակի աշակերտների համար պարտադիր կդառնա դպրոցական համազգեստ կրելը, որի նմուշը կհաստատի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը։ Նախարարությունը կսահմանի նաև հանրային դպրոցներում աշակերտների կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցների (այդ թվում՝ բջջային հեռախոսների) օգտագործման ընդհանուր կանոնները», – ասված է խորհրդարանի տարածած հաղորդագրության մեջ։



