Ախալքալաքի մունիցիպալիտետում, անցյալ տարի նախատեսված, օգնության գյուղին ծրագրի (ՕԳԾ) երկու աշխատանք դեռևս չի ավարտվել։ Դիլիսկա գյուղի լուսավորությունը միացված չէ գլխավոր ցանցին, իսկ Աբուլ գյուղում ճանապարհի վերականգնումը տեղափոխվել է 2026 թվական։ Ձեռնարկատերը, ով Աբուլում պետք է կատարեր աշխատանքները, տուգանվել է։
Դիլիսկայում ՕԳԾ-ի շրջանակներում լուսավորություն տեղադրելու աշխատանքները շահել է անհատ ձեռնարկատեր Զեբուր Աբուլաձեն։ Դիլիսկայից բացի, լուսավորության տեղադրման մրցույթում ընդգրկված էին նաև յոթ գյուղ։ Դիլիսկայում աշխատանքների արժեքը կազմել է 46 329 լարի, որից 20 000 լարին ՕԳԾ-ի գումարն էր, իսկ 26 329 լարին հատկացվել էր տեղական բյուջեից։
Դիլիսկա գյուղից պատգամավոր Գագիկ Գաբրիելյանի խոսքով, լուսավորության աշխատանքներն ավարտվել են անցյալ տարվա նոյեմբերին, սակայն այն դեռևս չի միացվել ընդհանուր ցանցին։
«Դիլիսկա գյուղի համար նախատեսված է երկու հաշվիչ։ Վճարումն արդեն կատարվել է, և էլեկտրաէներգիայի ընկերությունը հիմա պետք է տեղադրի հաշվիչները և միացնի ցանցին։ Կանոնակարգի համաձայն, նրանք պետք է հաշվիչները տեղադրեն 60 օրվա ընթացքում։ Ընկերությունը, նախահաշվով իրեն հասանելիք աշխատանքն ավարտել է, և մենք այն ընդունել ենք։ Լրացուցիչ ծանրաբեռնվածություն չստեղծելու նպատակով, այն չի միացվել հին գծին», — ասաց ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսեսյանը։
Արա Մովսեսյանը նաև պարզաբանեց Աբուլ գյուղի ներսում «բարեկարգման աշխատանքների» հետ կապված իրավիճակը։
«Մեկ նախագիծ տեղափոխվել է ընթացիկ տարի։ Խուլգումո և Պտենա գյուղերում աշխատանքներն ավարտվել են, իսկ Աբուլ գյուղում՝ ոչ։ Քանի որ այս երեք գյուղերի աշխատանքները հայտարարվել էին մեկ մրցույթի շրջանակներում, ավարտված աշխատանքների համար գումարը ևս չի փոխանցվել», — հավելեց նա։
Աբուլ գյուղում կապալառուի հետ խնդիրներ են առաջացել, ինչի հետևանքով աշխատանքներն ավարտին չհասցվեցին: Խուլգումո, Պտենա և Աբուլ գյուղերում աշխատանքները ներառում են ճանապարհային ենթակառուցվածքների վերականգնում: Մրցույթը հաղթել է անհատ ձեռնարկատեր Արթուր Ասլանյանը առաջարկելով 57 999 լարի, նախնական 73 174 լարիի փոխարեն: Այս գումարից Աբուլի համար հատկացվել է 44 821 լարի, որից 16 000 լարի՝ ՕԳԾ-ի միջոցներից և 28 821 լարի՝ տեղական բյուջեից:
Արա Մովսեսյանի խոսքով, ձեռնարկատերը ավելի քան երկու ամիս աշխատանքները ժամանակին չկատարելու համար տուգանվել է։
«Քանի որ միջոցներն արդեն հատկացվել էին, և չէինք ցանկանում այլ նպատակներով օգտագործել այդ գումարը, հանձնաժողովի անդամները կասեցրեցին աշխատանքները և տեղափոխեցին ընթացիկ տարի», — նշում է ծառայության պետը։
Մրցութային փաստաթղթերի համաձայն, աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սակայն, վերը նշված պատճառներից ելնելով, պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը։ Աշխատանքները նախատեսված են 2026 թվականի մայիսի 15-ից մինչև հունիսի 10-ը ընկած ժամանակահատվածում։
Մրցութային փաստաթղթերի համաձայն, աշխատանքների ժամանակացույցի հետաձգման համար տուգանքը պայմանագրի արժեքի 0.1%-ն է։ Երկու ամսից ավելի ժամանակահատվածում անհատ ձեռնարկատեր Արթուր Ասլանյանը վճարել է ավելի քան 3500 լարի տուգանք։
«Ես առողջական խնդիրներ ունեի, ուստի չկարողացա ժամանակին սկսել աշխատանքները, ուշ սկսեցի, այդ ժամանակահատվածում բետոն լցնելը կարող էր ազդել որակի վրա։ Հետևաբար, որոշում կայացվեց աշխատանքները տեղափոխոել այս տարի», — բացատրեց անհատ ձեռնարկատեր Արթուր Ասլանյանը։
Ըստ կապալառու Արթուր Ասլանյանի, աշխատանքները սկսվել են հոկտեմբերի կեսերին, այդ պատճառով էլ դրանք չեն ավարտվել տաք ամիսներին։
Այս նախագիծը ներառում է գյուղի առվի կողքերը բետոնե պատերի կառուցում, որպեսզի կանխվի լեռներից հոսող ջրի պտճառով գյուղի բետոնե ճանապարհի վնասումը՝ ձնհալի և անձրևների ժամանակ։
«Այդ ջուրը մեր խմելու ջուրն է։ Մենք ջրի ակունքի տեղը չգիտենք էլ։ Նրա մի մասն օգտագործվում է խմելու համար, այն գալիս է խողովակներով և պոմպերի միջոցով բաշխվում է գյուղում։ Այս աղբյուրի ջուրը հոսում է գյուղի տարածքով և հասնում Կարտիկամ հետո Բավրա գյուղ։ Ջուրը նաև օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, ու այն անհնար է փակել։ Անձրևների և ձնհալի ժամանակ ջրի մակարդակը բարձրանում է և կարող է վնասել ճանապարհը, դրա համար մենք ափերը բետոնապատում ենք», — բացատրեց Աբուլ գյուղի լիազոր Բալասան Խանջյանը։
Նրա խոսքով, առվի մի կողմը նախատեսվում է ամբողջությամբ բետոնապատել, իսկ մյուսը՝ կիսով չափ։



