նորություններ 9 Փետրվարի, 2026 • Պետական լեզուն Վրաստանում․կրթական ի՞նչ ծրագրերով են ինտեգրվում ազգային փոքրամասնությունները

Վրաստանում ազգային փոքրամասնությունների ինտեգրման հիմնական գործիքներից մեկը պետական լեզվի ուսուցումն է։ Լեզվի իմացությունը միայն հաղորդակցման միջոց չէ․ այն քաղաքացիական մասնակցության, կրթական առաջընթացի և սոցիալական շարժունակության հիմքն է։ Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում գործում է 295 ոչ վրացալեզու դպրոց։

Jnews-ն անդրադարձել է Վրաստանի կրթական համակարգում գործող այն ծրագրերին, որոնք ուղղված են պետական լեզվի ուսուցմանը ազգային փոքրամասնությունների համար։ Ծրագրերի պատմական զարգացման ուղին և դրանց արդյունավետությունը հասկանալու նպատակով զրուցել ենք վրաց լեզվի ավագ ուսուցչուհի Շորենա Թեթվաձեի հետ։

Ստորև ներկայացնում ենք Վրաստանի կրթական համակարգում գործող հիմնական ծրագրերը՝ երկլեզու կրթությունը, օգնական ուսուցիչների ծրագիրը, Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցը և 1+4 (ներկայում՝ 1+3) ծրագիրը, որոնք նախատեսված են ոչ վրաց լեզվով ուսուցում իրականացնող դպրոցների համար՝ ընդգծելով դրանց դրական կողմերը, առկա մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։

Բիլինգվալ (երկլեզու) կրթություն

Այս ծրագիրը ներառում է պետական չափորոշիչների ներդրումը ազգային փոքրամասնությունների նախադպրոցական և դպրոցական հաստատություններում։ Դրա նպատակն է ոչ վրաց դպրոցների լիարժեք ներգրավումը կրթական ոլորտում իրականացվող բոլոր բարեփոխումներին՝ նույն կերպ, ինչպես վրացալեզու դպրոցներում։

Սկզբնական շրջանում դպրոցներում երկլեզու կրթությունն իրականացվում էր ԵԱՀԿ-ի (Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը նախատեսված էր ոչ թե բարձր, այլ 5–6-րդ դասարանների համար, իսկ ավելի ուշ այն ներառվեց նաև 4–6-րդ դասարաններում։ Այդ ժամանակ երկլեզու կրթությունը ներկայիս տեսքից տարբերվող ձևաչափ ուներ։

2020 թվականից Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սկսեց ակտիվորեն նպաստել երկլեզու կրթության ներդրմանը 2–6-րդ դասարաններում հետևյալ առարկաների միջոցով՝ մաթեմատիկա, «Ես և հասարակությունը», բնություն, արվեստ, ծրագրին ավելացավ նաև «Մեր Վրաստանը» առարկան։

«Թեև այս գործընթացն ուղեկցվում է մի շարք դժվարություններով, ներկայումս գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում՝ միջազգային, որոնք երկլեզու կրթությունը համարում են առաջնային և կարևոր՝ լեզվական կարողությունների զարգացման տեսանկյունից։ Հետազոտությունները շեշտում են երկլեզու կրթության առանձնահատկությունները՝ տարբերվող և քննադատական մտածողության ձևավորում, լեզվական ընկալման և հաղորդակցման հմտությունների զարգացում»։

Բազմաթիվ ուսումնասիրություններ հաստատում են, որ երկլեզու կրթությունը նպաստում է մուլտիլինգվիստական մտածողության զարգացմանը։ Երկլեզու երեխաները մոնոլինգվալների համեմատ ավելի լավ են յուրացնում և օգտագործում բառերի սեմանտիկան, մինչդեռ մոնոլինգվալների մոտ առավել զարգացած է բառերի ակուստիկ ընկալումը։ Բիլինգվալ աշակերտներն ունեն ավելի լայն բառապաշար, ինչը նպաստում է ազատ մտածողությանը, ճկունությանը, ստեղծարարությանը և օրիգինալությանը։ Նրանք ավելի լավ են կապում և վերլուծում տարբեր պատմություններ և, ըստ մասնագետների, միջինում 2–3 տարով առաջ են մոնոլինգվալներից։

Կրթության ոլորտի փորձագետի վստահմամբ՝ այս հմտությունները նպաստում են աշակերտների ակտիվացմանը, ինչի արդյունքում նրանք հետագայում ավելի հեշտ են ներգրավվում քաղաքացիական կյանքում և ինտեգրվում հասարակությանը։

«Չնայած դրական կողմերին՝ երկլեզու կրթության ոլորտում առկա են նաև լուրջ խնդիրներ՝ երկլեզու ուսուցիչների պակաս, համապատասխան դասագրքերի դեֆիցիտ։ Թեև կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը սկսել է աշխատել այս ուղղությամբ և որոշ արդյունքներ արդեն արձանագրվել են, այնուամենայնիվ առաջնային է ուսուցիչների պատրաստումն ու վերապատրաստումը։ Ուսուցիչները պետք է կարողանան ինքնուրույն ստեղծել կրթական ռեսուրսներ, կիրառել տարբեր ակտիվ մեթոդներ և ներգրավել աշակերտներին կրթական գործընթացում»։

Շորենա Թեթվաձեն ընդգծում է նաեւ հասարակության մեջ առկա որոշ վախերը՝ կապված առարկաների եւ մայրենի լեզվի թերի յուրացման, ինչպես նաև ուսուցիչների մոտ դասաժամերի կորստի մտավախությունների հետ։ Կա նաև կարծիք, թե ուսուցումն ամբողջությամբ կանցնի վրաց լեզվին։

«Այս մտահոգությունները մեղմելու նպատակով կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունն ակտիվ հանդիպումներ է կազմակերպել ուսուցիչների և ծնողների հետ»։

«Սովորեցրու Վրաստանի համար» ծրագիր

Ուսուցիչների պակասը նկատվում է ինչպես լեռնային շրջաններում, այնպես էլ այլ հատվածներում, հատկապես էթնիկ փոքրամասնություններով բնակեցված գյուղերում։ Այս իրավիճակը կանխելու նպատակով ստեղծվել է «Սովորեցրու Վրաստանի համար» ծրագիրը, քանի որ կրթությունը կարող է նպաստել միգրացիայի նվազեցմանը և լինել ավելի լավ ապագայի սկիզբ։

«Այս ծրագիրը համարվում է լավագույններից մեկը, քանի որ օգնական ուսուցիչները հիմնական դասատուների հետ համատեղ անցկացնում են դասերը՝ կիրառելով տարբեր ճանաչողական, մշակութային և արտադասարանային ակտիվություններ, այդ թվում՝ էքսկուրսիաներ, որոնք ավելի արդյունավետ են դարձնում ուսուցումը և նպաստում լեզվական հմտությունների բարելավմանը։

Սակայն այստեղ ևս բախվում ենք մասնագետների դեֆիցիտի, քանի որ շատ ուսուցիչներ վերապատրաստվել են բիլինգվալ ծրագրում և սկսել են դասավանդել դպրոցներում»։

Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոց

«Դպրոցում վրացերեն լեզուն դասավանդվում է անվճար։ Ծրագրին ակտիվորեն մասնակցում են 16 տարեկանից բարձր աշակերտներ և քաղաքացիներ։ Վրացերենի դասավանդումը իրականացվում է տարբեր մակարդակներով՝ A1-ից մինչև B2 անգամ B1+։ Դպրոցը նաև առաջարկում է վարչարարության ուղղությամբ ուսուցում, որտեղ ներգրավված են սոցիալական աշխատողներ։

Եթե նմանատիպ կենտրոնները շատ լինեն, ապա ինտեգրումը միանշանակ ավելի արագ կընթանա։

Ժվանիայի դպրոցը կոմպլեկտավորված է որակավորված մասնագետներով, որոնք ամեն տարի անցնում են վերապատրաստման կուրսեր։ Դպրոցը երբեք նույն տեղում չի կանգնում, այն մշտապես առաջ է շարժվում և ապահովում է որակյալ կրթություն», — ընդգծում է Շորենա Թեթվաձեն։

1+4 (ներկայում՝ 1+3) ծրագիր

«Սա ամենակարևոր և ազդեցիկ ծրագրերից մեկն է։ Դիմորդները համալսարան ընդունվելու համար քննություններ են հանձնում մայրենի լեզվով և ընդհանուր ունակությունների մասով։ Ընդունվելուց հետո նրանք մեկ տարի սովորում են վրացերեն և այնուհետև շարունակում բուհական կրթությունը։

Ծրագիրը հնարավորություն է տալիս երիտասարդներին մնալ հայրենիքում և չարտագաղթել։ Նախկինում, երբ այս ծրագիրը գոյություն չուներ, բազմաթիվ կրթված երիտասարդներ ստիպված էին լքել երկիրը։ Այս ծրագիրը նպաստում է աշխատուժի պահպանմանը և երկրի զարգացմանը, հատկապես բարձր միգրացիայի պայմաններում։

Ներկայում 1+4 ծրագիրը վերափոխվել է 1+3-ի՝ բակալավրիատի կրճատման պատճառով։ Չնայած կադրերի դեֆիցիտին՝ առկա տվյալները վկայում են ծրագրի արդյունավետության մասին։ Ցանկացած կրթական ծրագրի արդյունքները տեսանելի են երկարաժամկետ հեռանկարում։

Անհրաժեշտ է շարունակական երկխոսություն առարկայական մասնագետների, շահառուների և ծրագրի շրջանավարտների հետ՝ բացահայտելու խնդիրներն ու աստիճանաբար լուծելու դրանք։ Ապագա քայլերի պլանավորման համար առանցքային է բնակչության հետ մշտական հաղորդակցությունը։

Ծրագրի չեղարկում չի նախատեսվում․ այն կշարունակի գործել 1+3 ձևաչափով»։

Փորձագետների կարծիքով՝ պետական լեզվի ուսուցման ծրագրերը կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ ուղեկցվում են ուսուցիչների շարունակական վերապատրաստմամբ, համայնքների հետ բաց երկխոսությամբ և երկարաժամկետ պետական քաղաքականությամբ։

Չնայած Վրաստանում ազգային փոքրամասնությունների համար պետական լեզվի ուսուցման այս չորս ծրագրերը կարևոր արդյունքներ են ապահովել և մեծ դեր են խաղում ինտեգրման գործընթացում, այնուամենայնիվ գոյություն ունեն մի շարք կարեւոր գործոններ, որոնց ուշադրությունը չափազանց կարևոր է՝ լեզվի լիարժեք յուրացման և ինտեգրման արդյունավետությունն ապահովելու համար։

Վրացալեզու միջավայրի ազդեցությունը. երեխաներն ու երիտասարդները հաճախ չեն հանդիպում բնական վրացալեզու միջավայրին, ինչը դանդաղեցնում է լեզվի յուրացումը և ինտեգրումը։

Մանկապարտեզների և նախնական ուսուցման որակ. էթնիկ փոքրամասնություններով բնակեցված շրջաններում նախադպրոցական հաստատությունների քանակը և որակը որոշիչ են վաղ փուլում լեզվի յուրացման համար։

Տրանսպորտային հասանելիություն. աշակերտների և մեծահասակների մասնակցությունը կենտրոնացված ծրագրերին, օրինակ՝ Ժվանիայի անվան դպրոցին, հաճախ բարդ է գյուղական շրջաններից։

Ուսուցիչների պակաս և մասնագիտական պատրաստվածության մակարդակ. երկլեզու կրթության համար անհրաժեշտ է բավարար քանակի և որակի ուսուցիչ, որոնք ունեն մոտիվացիա և կարող են կիրառել ակտիվ ուսուցման մեթոդներ։

Դասագրքերի և կրթական նյութերի սահմանափակություն. շատ դպրոցներում բացակայում են արդիական, երկլեզու ուսուցման համար նախատեսված նյութերը։

Մասնագիտական տերմինաբանության յուրացում. ուսանողները հաճախ չեն հասցնում ձեռք բերել մասնագիտական բառապաշարը, ինչը սահմանափակում է նրանց հետագա պրոֆեսիոնալ որակավորումը։

Լեզվական պատրաստվածության և մասնագիտության համաչափություն. բուհական ուսուցման ընթացքում լեզվի տիրապետությունը պետք է համապատասխան լինի մասնագիտական հմտությունների հետ, որպեսզի ուսանողները դառնան լիարժեք մասնագետներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝