Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի սոցիալական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի դասախոսները համատեղ հայտարարություն են տարածել Թբիլիսիի պետական համալսարանի և Վրաատանի տեխնիկական համալսարանի միավորման վերաբերյալ։
Նրանց խոսքով՝ 62 դասախոսներից ոչ ոք համաձայն չէ համալսարանների միավորման հետ։ Դասախոսները պահանջում են, որպեսզի որոշում կայացնողները զերծ մնան շտապողական, արմատական փոփոխություններ կատարելուց և հանրային քննարկում սկսեն ակադեմիական հանրության հետ։
«Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունվարի 31-ին Հասարակական և քաղաքական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորները փակ և գաղտնի հարցման ժամանակ միաձայն բացասական վերաբերմունք են հայտնել Թբիլիսիի պետական համալսարանի և Վրաստանի տեխնիկական համալսարանի միավորման նկատմամբ։ Հարցմանը մասնակցած 62 պրոֆեսորներից ոչ ոք չի համաձայնել համալսարանների միավորման գաղափարի հետ։
Ինչպես գիտեք, Թբիլիսիի պետական համալսարանը պարզապես կրթական հաստատություն չէ, այն մեր ազգային ինքնության մի մասն է՝ Վրաստանի պատմությունը, անցյալը, ներկան և ապագան. մի վայր, որը որոշում է հարյուր հազարավոր մարդկանց մասնագիտական և անձնական ապագան. մի վայր, որտեղ ձևավորվել է ժամանակակից վրաց ազգը։
Այս նամակով մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Թբիլիսիի պետական համալսարանը պարզապես մի հաստատություն չէ, որի ապագան պետք է դիտարկել միայն ընթացակարգային կամ իրավական համատեքստում։
Համապատասխանաբար, մենք պահանջում ենք որոշում կայացնողներից՝
1. Դադարեցնել համալսարանի կարգավիճակի և կառուցվածքի հետ կապված ցանկացած շտապողական, հիմնարար փոփոխություն, որը որոշում է նրա ներկան և ապագան։
2. Սկսել լայնածավալ, հրապարակային և հիմնավորված խորհրդակցություններ ակադեմիական հանրության հետ», — ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ֆակուլտետի Ֆեյսբուքյան էջում»։
Վրաստանի տեխնիկական համալսարանի դասախոսները ևս վերջին օրերին բողոքներ են հնչեցնում պլանավորվող փոփոխությունների վերաբերյալ և համալսարանի դիմաց ուսանողների հետ միասին կազմակերպում են հավաքներ:
Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» կառավարությունը որոշել է միավորել Թբիլիսիի պետական և տեխնիկական համալսարանները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Վրացական երազանքի» կրթության նախարար Գիվի Միկանաձեն:
Կարդացեք նաև՝
- Թբիլիսիի պետական և Վրաստանի տեխնիկական համալսարանները կմիավորվեն
- Բողոքի ցույց Վրաստանի տեխնիկական համալսարանի մոտ



