Ընտանեկան սեզոնային միգրացիան Ախալքալաքի համար բացառիկ երևույթներից է։ Ափնիան այն եզակի գյուղերից է, որտեղ միգրացիան ընտանեկան բնույթ է կրում։ Մեր տարածաշրջանում հիմնականում արձանագրվում է աշխատանքային միգրացիա, երբ ընտանիքից մեկ կամ մի քանի անդամ մեկնում է այլ երկիր՝ աշխատանքի նպատակով։
Թե ինչպիսի կյանքով են ապրում Ափնիա գյուղում, ինչո՞վ է պայմանավորված ընտանեկան միգրացիան այստեղ և ի՞նչ խնդիրների են բախվում գյուղացիները՝ Jnews-ն այցելել է գյուղ և տեղում պարզել ընտանեկան միգրացիայի առանձնահատկությունները։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Ափնիա գյուղում մշտապես բնակվում է 19 ընտանիք, մինչդեռ ընտանիքների ընդհանուր թիվը կազմում է 35։ Մնացած 16 ընտանիքները մշտապես գյուղում չեն բնակվում, նրանց մեծ մասը գյուղն ընդմիշտ չի լքել։
Գյուղացիների հիմնական զբաղմունքն այստեղ անասնապահությունն ու հողագործությունն է։ Այն ընտանիքները, որոնք չեն զբաղվում անասնապահությամբ, ձմռանը տեղափոխվում են Աջարիա՝ Բաթումի։
«Բաթումիում աշխատելով՝ օրական մի անձը հնարավորություն ունի 100 լարի վաստակելու, ինչը գյուղում նույնիսկ մեծ տնտեսություն ունենալու դեպքում հնարավոր չէ վաստակել», – ասում է Ափնիա գյուղի բնակիչ Զուրաբ Կոչալիձեն։
«Երեխաներն այնտեղ են դպրոց հաճախում, իսկ տան մեծերն աշխատանք են գտնում ու աշխատում։ Մեր գյուղում ձմռանը հնարավոր չէ գումար աշխատել, առավել ևս, եթե չեն ցանկանում զբաղվել անասնապահությամբ։ Ես սա առողջ երևույթ եմ համարում, երբ մարդիկ աշխատանքի համար մեկնում են գյուղից։ Սակայն համոզված չեմ, որ նրանք կարող են ընդմիշտ մնալ ու չվերադառնալ. ամեն դեպքում այստեղ տուն ունեն և չեն լքի», – ասում է գյուղի մեկ այլ բնակիչ Թեմո Մոսիձեն։
Ուշագրավ է այն փաստը, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի Ափնիա գյուղում հողերի գրանցման խնդիրը դեռ լուծված չէ։
«Այս 16 ընտանիքներից, 13-ը սեփական բնակարան ունեն Բաթումիում։ Իսկ մեր մոտ հողի գրանցման հարցը դեռ անլուծելի է մնում։ Եթե ժամանակի ընթացքում նոր խնդիրների բախվենք հողի գրանցման բացակայության պատճառով, հնարավոր է՝ այդ ընտանիքները չցանկանան ավելորդ գլխացավանք ունենալ և ընդմիշտ մնան այնտեղ», – ասում է Ափնիայի բնակիչ Զուրաբ Կոչալիձեն։
Ափնիացիներն անասնապահությունը համարում են ավելի շահավետ, քան հողագործությունը։
«Հողը չոր է․ պետք է մեծ ծախսեր անել մշակման համար, վառելիքը բավականին թանկ է, իսկ ոռոգման համակարգերի բացակայության պատճառով բերքատվությունը ցածր է։ Մենք 11 կով ունենք, կան ընտանիքներ, որոնք ավելի շատ ունեն։ Հիմնական եկամուտն այս սեզոնին հենց դա է»։
Անցած տարվա Գյուղին օգնություն ծրագրի գումարն ուղղվել է ոռոգման խողովակների ձեռքբերմանը, սակայն դա բավարար չի եղել խնդիրն ամբողջությամբ լուծելու համար։ Այս տարվա բյուջեն նույնպես նախատեսվում է օգտագործել նույն նպատակով։
Խմելու ջուրը գյուղը ստանում է հարևան Հոկամ գյուղից։ Ոռոգման համար ջուրը մատակարարվում է Ազմանա գյուղի գետից, սակայն այն բավարար չէ։
«Որպեսզի գյուղացին մնա գյուղում և շարունակի զբաղվել գյուղատնտեսությամբ, նվազագույնը պետք է ապահովված լինի ոռոգման ջրով։ Աշխատանքը պետք է արդյունք տա, որպեսզի մարդիկ տեսնեն դրա պտուղը», – ասում է Զուրաբ Կոչալիձեն։
Գյուղում խնդիր է նաև դպրոցը։ Այն 9-ամյա է և ներկայում ունի 14 աշակերտ։ Մշտական դասատուներ չկան։ Դասավանդումն իրականացվում է Գոգաշեն գյուղի ուսուցիչների կողմից, որոնք իրենց գյուղում դասերն ավարտելուց հետո գալիս են Ափնիա։
Դպրոցն ունի երկու մասնաշենք։ Նոր մասնաշենքը կառուցվել է 2018 թվականին և ջեռուցվում է էլեկտրաէներգիայով, իսկ հին մասնաշենքում, որտեղ գործում է 4 դասարան, իսկ ջեռուցումն իրականացվում է փայտե վառարաններով։

Դասերը սկսվում են կեսօրին՝ ժամը 13:00-ին, երբ Գոգաշենի դպրոցում դասերն ավարտվում են և ուսուցիչները գալիս են Ափնիա։ Դասատուներ կան նաև Հոկամից և քաղաքից։
«8-րդ դասարանում աշակերտ չունենք։ Կա դասարան որտեղ մի աշակերտ է սովորում, մեծ չի բնակչությունը», — ասում է Ափնիա գյուղի դպրոցի տնօրեն Մայա Շավաձեն։
«Մի քանի տարի առաջ մեր գյուղի դպրոցում ընդամենը երկու աշակերտ էր սովորում՝ քույր ու եղբայր։ Դասատուները որակավորված չէին, և աշակերտները հաճախում էին Գոգաշենի դպրոց։ Դա լուրջ մտահոգություն էր առաջացնում, սակայն հարցը լուծվեց, և աշակերտների թիվը կրկին աճեց», – ասում է գյուղապետ Ամիրան Շավաձեն։
Ավթանդիլ Գելաձեն ընտանիքով արդեն երեք տարի է ինչ ձմռանը Բաթումի է գնում։ Այնտեղ սեփական բնակարան ունի։
«Երեք դպրոցական երեխա ունեմ։ Նրանց Բաթումի եմ ուղարկում դպրոց։ Հիմնական կապն այս քաղաքի հետ երեխաներիս ուսումն է։ Մեր գյուղի դպրոցը 9-ամյա է, և դասատուների պակաս կա», — ասում է Ավթանդիլը։
Նա վստահեցնում է, որ ինքը երբեք գյուղը չի լքի։ Երեխաներն էլ են սիրում գյուղը և արձակուրդներին սիրով են վերադառնում։
«Ոչ ես եմ աշխատում, ոչ էլ կինս։ Գարնանը գալիս-գնում եմ՝ գյուղի գործերի համար։ Հիմա էլ կարտոֆիլ եմ գնում մեր մոտից, բերում վաճառում եմ։ Բաթումիում մենք գործ չունենք։ Չգիտեմ՝ երեխաներս ինձնից հետո կվերադառնան թե չէ, բայց իմ հիմնական զբաղմունքը գյուղի հետ է կապված», — ավելացնում է Ավթանդիլ Գելաձեն։
Գյուղացիների մեծ մասը իսլամադավան է (աճարներ), իսկ բնիկ վրացիներից մնացել է ընդամենը երկու ընտանիք։ Ամռան ամիսներին գյուղով անցնում են զբոսաշրջիկներ, սակայն դա լուրջ եկամուտ չի ապահովում։
«Գյուղացին պետք է սիրի գյուղական աշխատանքը։ Ես զբաղվում եմ գյուղի գործերով և ուր էլ գնամ՝ նույն աշխատանքով եմ զբաղվելու, ուստի տեղափոխվելու իմաստ չեմ տեսնում։ Անցած տարի ճանապարհը կառուցեցին, ես ինքս աշխատում էի, հիմա արդեն լուսավորություն էլ կա», – ասում է Ափնիայի բնակիչ Թեմո Մոսիձեն։
Գյուղում 1989 թվականին կառուցվել է 100 երկհարկանի բետոնե տուն, որոնցից ընդամենը 40-ն են օգտագործվել բնակության նպատակով։ Կենտրոնական ճանապարհի մի հատվածում ամբողջությամբ դատարկ և անավարտ տներ են, որոնք այժմ օգտագործվում են որպես անասնագոմեր։
«Ներկայումս գյուղից ունենք 10 ուսանող։ Դժվար է ասել՝ արդյոք երիտասարդները վերադարձի հեռանկար տեսնում են, թե ոչ։ Գյուղատնտեսությամբ զբաղվելու համար այստեղ բոլոր հնարավորությունները կան։ Իմ համոզմամբ՝ սեզոնային միգրացիան նույնպես խնդիր չէ․ մարդիկ մեկնում են աշխատելու նպատակով և դա հնարավորություն է», – նշում է գյուղապետ Ամիրան Շավաձեն։
Ափնիան գտնվում է Ախալքալաք քաղաքից 23 կմ հեռավորության վրա։ Գյուղում չկա խանութ, մանկապարտեզ, ինչպես նաև երիտասարդների համար ժամանցի կամ զարգացման կենտրոն։ Երեխաները 9-ամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակում են հարևան Գոգաշեն գյուղում։
«Ժամանակին պետք է ստեղծվեին հնարավորություններ։ Հիմա դժվար է ասել՝ եթե մնացած բնակչության համար լավ պայմաններ ստեղծվեն, արդյոք նրանք կտեղափոխվեն, թե ոչ», – ամփոփում է Թեմո Մոսիձեն։




