Թբիլիսիի պետական համալսարանում գործող հայագիտության բաժին տարեկան ընդունվում է առավելագունը 5 ուսանող՝ հիմնականում հայկական դպրոց ավարտած ազգությամբ հայ Վրաստանի բնակիչներ: Չնայած հարուստ պատմությանը և բարձր նշանակությանը, հայագիտության բաժինն ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն թույլ տալիս ժողովրդականություն վայելել:
Թագուհի Սիրականյանը Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության բաժնի երրորդ կուրսի ուսանող է: Նա Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղից է: Հայագիտության ընտրության որոշումը Թագուհուն տրվել է դժվարությամբ, կարելի է ասել արտաքին ճնշում հաղթահարելով:
«Վրաստանում այս մասնագիտությունը շատերին հայտնի չէ: Այդ պատճառով հաճախ բախվել եմ սխալ ու մակերեսային կարծիքների, ըստ որոնց հայագիտությունը սահմանափակվում է միայն հայերեն սովորելով։ Երբ մարդիկ իմանում էին, թե ինչ մասնագիտություն եմ ուզում ընտրել, ասում էին՝ «եթե հայերեն գիտես, էլ ինչի՞դ է պետք», կամ համարում էին դա ժամանակի անիմաստ կորուստ՝ առաջարկելով փոխարենն «ավելի օգտակար» մասնագիտություն ընտրել»։
Թագուհին նշում է, որ հայագիտությունը բազմաճյուղ գիտական ոլորտ է, որն ընդգրկում է հայ ժողովրդի, արևելյան երկրների պատմության, գրաբարի, մշակույթի, լեզվի, գրականության, հոգևոր ժառանգության, միջնադարյան և նոր շրջանի աղբյուրների ուսումնասիրությունը։
ԹՊՀ Հայագիտության ուսումնական ծրագրի հրավիրված պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Խաթունա Գափրինդաշվիլին նշում է, որ հայագիտության ուղղությունը դասավանդելու հիմնական մարտահրավերն այսօր զանգվածային կրթության պայմաններում էլիտար ոլորտի կարգավիճակի պահպանումն է։ Հայագիտությունը հաճախ ընկալվում է որպես նեղ մասնագիտացում, այլ ոչ թե որպես Կովկասի և միջնադարի պատմության ուսումնասիրության հիմնական առարկա։ Պրոֆեսորի կարծիքով, հայագիտական առարկայից գիտելիքներ ունեցող մասնագետներ անհրաժեշտ են Վրաստանում բազմաթիվ ոլորտներում՝ մանկավարժական և գիտական հաստատություններ, գրադարաններ, թանգարաններ, արտաքին հարաբերություններ և դիվանագիտական ներկայացուցչություններ, տարածաշրջանների հետ հարաբերություններ, ներքին և սահմանային գործակալություններ: Խաթունա Գափրինդաշվիլին համարում է, որ այս մասնագետների նկատմամբ շուկայական պահանջարկը շատ ավելի մեծ է, քան կարող է թվալ առաջին հայացքից։
«Հայագիտության ամբիոնը շրջանավարտներին պատրաստում է՝ հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները՝ նրանց հնարավորություն տալով շարունակել ուսումը ինչպես հայագիտական, այնպես էլ հարակից մասնագիտություններում։ Իմ խորհուրդը կլինի, որ ապագա ուսանողները լիովին հասկանան հայագիտություն մասնագիտության կարևորությունը, որ հայոց լեզուն և գրականությունը, Հայաստանի պատմությունը լիարժեք ուսումնասիրելու և վրաց-հայ դարավոր հարաբերություններում վիճահարույց հարցերը ուսումնասիրելու համար անհրաժեշտ է մեծ աշխատանք և ջանք։ Նրանք պետք է զգույշ, նուրբ և օբյեկտիվ լինեն աղբյուրային տվյալների նկատմամբ և սովորեն հարգել տարբեր կարծիքները», — ասում է Գափրինդաշվիլին։
Պրոֆեսորը նշում է, որ ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում դասախոսը պետք է պահպանի դասական դպրոցի ավանդույթները՝ միաժամանակ բավարարելով ժամանակակից կրթական պահանջները։ Հայագիտության դեպքում շատ դժվար է ուսանողների համար գրավիչ լինելը: Նրանց համար հիմնական մարտահրավերն այն է, որ նրանք պետք է ուսումնասիրեն և՛ ժամանակակից գրական հայերեն, և՛ դասական հայերեն (գրաբար)։ Տեքստի վրա ինքնուրույն աշխատելու և այն քննադատաբար վերլուծելու ունակությունը զարգացնելու համար տարիներ են պահանջվում։ Ժամանակակից ուսանողները, ովքեր կողմնորոշված են արագ արձագանքի և տեսանելի արդյունքների, սա համարում են խոչընդոտ, ինչը հաճախ հանգեցնում է մոտիվացիայի նվազմանը։
Բացի այդ Վրաստանում հայագիտությունը ունի նաև այլ, կարևոր խոչընդոտ: Աղբյուրները սահմանափակ են, կան դեպքեր, երբ տվյալ թեմայի վերաբերյալ վրացերեն լեզվով գրականություն պարզապես չի գտնվում։ Այդ իրավիճակում ուսանողները ստիպված են լինում օգտվել հայերեն աղբյուրներից և ինքնուրույն թարգմանել նյութը վրացերեն։ Հայ ուսանողների համար, որոնք ազատ տիրապետում են հայերենին, դա որոշ չափով հաղթահարելի խնդիր է։
«Սակայն նույնը չի կարելի ասել վրացի ուսանողների մասին, որոնք հայերենին չեն տիրապետում և հաճախ կանգնում են լուրջ դժվարության առաջ։ Վրացերենով աղբյուրների բացակայությունը նրանց զրկում է թեման լիարժեք ուսումնասիրելու հնարավորությունից և երբեմն նույնիսկ սահմանափակում է հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ։ Հայագիտությունը Վրաստանում դեռևս ունի զարգացման կարիք՝ հատկապես թարգմանությունների, գիտական նյութերի հասանելիության և բազմալեզու ուսումնագիտական բազայի ստեղծման առումով», — պատմում է Թագուհի Սիրականյանը:
Ելնելով վերոհիշյալ խնդրից, ազգությամբ վրացի ուսանողները չեն ընտրում հայագիտությունը: Այդ իսկ պատճառով այս բաժնում ուսանողների թիվը քիչ է: Իսկ դա հանգեցնում է այլ խնդիրների:
«Թվաքանակի փոքր լինելու պատճառով երբեմն մեր ուղղությանը համալսարանի մակարդակով բավարար ուշադրություն չի դարձվում: Առկա է լսարանների սահմանափակության խնդիր: Լինում են դեպքեր, երբ նույն լսարանում միաժամանակ անցկացվում են տարբեր առարկաների դասախոսություններ։ Արդյունքում առաջանում է անհարմարավետություն, որն ազդում է թեմայի լիարժեք ընկալմանը և կենտրոնացմանը։ Բացի այդ, կան նաև տեխնիկական պայմանների հետ կապված խնդիրներ, որոնք կարող են թվալ մանրուքներ, սակայն իրականում մեծ ազդեցություն ունեն ուսանողի ուսումնառության որակի վրա», — ասում է ուսանողը։
Եվ Թագուհի Սիրականյանը և Խաթունա Գափրինդաշվիլին նշում են, որ Հայագիտության բաժինը բացի իր հիմնական գործառույթից, որը մեկ դարից ավելի է իրականացվում, ձեռք է բերել նաև նոր՝ ուղղված Վրաստանի հայերին կարևոր դեր` մի կողմից օգնելով պահպանել հայ ինքնությունը, մյուս կողմից ինտեգրելով նրանց Վրաստանի հասարակական կյանք:
«Հայագիտության ամբիոնը ձեռք է բերել ևս մեկ նոր գործառույթ՝ կրթել հայ երիտասարդությանը որպես վրացական պետության լիիրավ քաղաքացիներ և կիսվել նրանց վրացական հայագիտության ավանդական դպրոցի, վրացական մշակույթի հետ: Ամբիոնի շրջանավարտները, ազգությամբ հայ մասնագետներ, շարունակում են հաջողությամբ աշխատել տարբեր կառույցներում», — ասում է Խաթունա Գափրինդաշվիլին:
Թագուհի Սիրականյանը նշում է.
«Անկախ նրանից, թե որ երկրում ենք ապրում, մենք չպետք է մոռանանք մեր ինքնությունը։ Վրաստանում գտնվելով՝ կարևոր է պահպանել մեր լեզուն, պատմությունը և մշակույթը՝ որպես արժեք, որը մեզ միավորում է մեր արմատների հետ։ Հայագիտությունը հենց այն ճանապարհներից մեկն է, որը հնարավորություն է տալիս այդ ինքնությունը գիտակցված պահել և փոխանցել սերնդե սերունդ»։
Եվ ուսանողը և պրոֆեսորը մտածում են Վրաստանում հայագիտության զարգացման անհրաժեշտության մասին:
Խաթունա Գափրինդաշվիլին կարևորում է փոխանակման ծրագրերի ակտիվացումը՝ ուսանողական, կրթական և գիտական մակարդակներում։
«Համատեղ միջոցառումները, սեմինարները, գիտաժողովները, մշակութային հանդիպումները, լեզվական ու պատմական ուսումնասիրությունները հնարավորություն կտան երիտասարդներին գիտելիքները խորացնելու և փոխանակվելու փորձով ու գաղափարներով, ինչը կնպաստի մասնագիտական աճին»։
Թագուհի Սիրականյանը համարում է, որ պետք է խթանել միջազգային համալսարանների և հետազոտական կենտրոնների հետ փոխանակման ծրագրերը, իրականացնել ուսանողական և գիտական հետազոտական նախագծեր արտերկրում, անցկացնել միջազգային կոնֆերանսներ, ամառային դպրոցներ և այլն։
«Ծրագրի զարգացման համար անհրաժեշտ է, որ ներկայիս կրթական համակարգն ուսանողին ցույց տա, որ հայոց լեզվի և գրականության, Հայաստանի պատմության և դրան առնչվող հիմնական հարցերի իմացությունն անհրաժեշտ է ոչ միայն հայագիտության մասնագետների, այլև վրաց-հայկական հարաբերություններով, Վրաստանի պատմությամբ և ընդհանրապես Հարավային Կովկասով հետաքրքրվողների համար»։
Այսպիսով հայագիտությունը Վրաստանում պարզապես մասնագիտություն չէ։ Այն ինքնության պահպանման, պատմության բազմակողմանի ընկալման և ժողովուրդների միջև երկխոսության ձև է։ Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտության բաժինը տարիներ շարունակ ձևավորել է մասնագետներ, ովքեր այսօր աշխատում են կրթական, գիտական, դիվանագիտական և մշակութային տարբեր ոլորտներում։

Հայագիտության պատմությունը ԹՊՀ-ում
1918 թվականից ի վեր համալսարանում հայոց լեզվի դասընթացը դասավանդել է Դավիթ Կիպշիձեն, որը Վրաստանի առաջին շրջանավարտ հայագետն էր։ 1922 թվականին Թբիլիսիի պետական համալսարանում ստեղծվեց հայագիտության ամբիոնը (վարիչ՝ Լ. Մելիքսեթ-Բեգ), որը օգնում էր տարբեր ամբիոններին և դասավանդում հայագիտական առարկաներ պատմության և բանասիրության ֆակուլտետներում։ 1945 թվականին Արևելագիտության ֆակուլտետում բացվեց հայագիտության ամբիոն, որը մինչ օրս գոյություն ունի և պատրաստում է ուսանողներ հայագիտության մասնագիտությամբ։
Վրաստանում հին և նոր հայոց լեզուները միշտ ակտիվորեն ուսումնասիրվել են (Դ. Կիպշիձե, Ա. Շանիձե, Իվ. Շիլակաձե: Հենց Իվանե Շիլակաձեի շնորհիվ է, որ այսօր Թբիլիսիի պետական համալսարանն ունի իր սեփական դասագրքերը և՛ հին, և՛ նոր հայոց լեզուներով): Մանկավարժական գործունեությանը զուգահեռ, հայագիտության ամբիոնը զբաղվել և շարունակում է զբաղվել վրաց-հայերեն լեզվական (Է. Դոչանաշվիլի, Մ. Ռոբակիձե) և գրական (Լ. Մելիքսեթ-Բեգ, Ա. Խարաթիանի) առնչությունների, աղբյուրագիտության և տեքստաբանության (Զ. Ալեքսիձե, Ն. Ապցիաուրի, Ն. Չանտլաձե, Ռ. Չուբաբրիա, Դ. Չիտունաշվիլի, Տ. Եվդոշվիլի, Ի. Խոսիտաշվիլի, Խ. Գափրինդաշվիլի) և արվեստի պատմության (Զ. Սխիրտլաձե) հետազոտություններով:
1979 թվականին Զազա Ալեքսիձեն նշանակվեց Թբիլիսիի պետական համալսարանի ամբիոնի վարիչ, և ամբիոնի աշխատանքի ոճը լիովին փոխվեց: Զազա Ալեքսիձեն, գրաբարի և հին հայկական գրերի ուսումնասիրությանը զուգահեռ, դասավանդել է այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ հայկական պալեոգրաֆիան և էպիգրաֆիան, արվեստի պատմությունը, վրաց-հայ ճարտարապետությունը, եկեղեցական պատմությունը, արևմտահայերենը, բարբառագիտությունը, թարգմանության տեսությունն ու պրակտիկան:



