«Ջավախքի գարուն» փառատոնի վերջին` հոբելյանական տարվա գլխավոր մրցանակակիրը, «Պար» անվանակարգում, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի կողմից, պարային համազգեստներ գնելու համար, կստանա 5500 լարի։
Հունվարի 29-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի պատգամավորները լիագումար նիստում հաստատեցին, 2025 թվականի, «Ջավախքի գարուն» փառատոնի «Պար» անվանակարգում, գլխավոր մրցանակակիր «Արէ» անսամբլին, քաղաքապետարանի կողմից հատկացված 5500 լարի գումարը։
Քաղաքապետարանի փոխանցմամբ, գումարը համույթին հատկացվել է պարային համազգեստներ գնելու նպատակով։
Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը բացատրեց, որ անցյալ տարի փառատոնի մեկնարկին, իր ելույթում ինքը հայտարարել էր, որ քաղաքապետարանը, հոբելյանի առթիվ, հաղթողի համար նվեր է պատրաստում։
««Ջավախքի գարուն» փառատոնի 15-ամյակի կապակցությամբ, քաղաքապետարանը որոշել էր, որ փառատոնի Գրան պրի մրցանակը շահած համույթին կնվիրի պարային համազգեստներ։ Այս որոշումը կայացվել էր հոբելյանական տարվա առթիվ։ Այս տարին հոբելյանական տարի չէ։ Հետևաբար, քաղաքապետարանը նման նվեր չի նախատեսում այս տարվա հաղթողի համար։ Հաջորդ տարեդարձը փառատոնի 20-ամյակի կապակցությամբ է», — ասաց Մկրտիչ Մղդեսյանը։
«Արէ» համույթը գործում է «Line up» մշակութային կենտրոնին կից: Կենտրոնի հիմնադիր և պարուսույց Ռադիկ Եզոյանը նշեց, որ իրենք շատ ուրախ են նվերի համար: «Արէ» անսամբլը բաղկացած է 15-16 տարեկան երիտասարդ պարողներից:
«Իսկապես, նրանք անցյալ տարի փառատոնի ժամանակ խոստացել էին, և այս տարի գումար հատկացրեցին։ Գումարը նախատեսված է 25 պարային համազգեստ գնելու համար։ Հենց այդքան էլ կպատվիրենք», — ասաց Ռադիկ Եզոյանը։



