Ախալքալաքը հարուստ է իր բազմազան գյուղերով և հատկապես՝ յուրաքանչյուր գյուղի հետ կապված պատմություններով։ Մեր գյուղերն առանձնանում են ոչ միայն իրենց յուրաօրինակ բարբառով, այլև ուշադրություն են գրավում իրենց եզակի անվանումներով ու բացադրություններով։
Պարզելու համար, թե որքանո՞վ են հենց մեր գյուղերի բնակիչներն իրենք տեղեկացված իրենց իսկ գյուղերի անվանումների ծագման և դրանց իմաստային բացատրության մասին՝ որպես ինքնության կարևոր բաղադրիչ, Jnews-ը զրուցել է Ախալքալաքի շրջանի բոլոր գյուղերի բնակիչների հետ։ Ներկայացված անվանումները կարող են ոչ պաշտոնական, ոչ էլ պատմական հիմքեր ունենալ, պարզապես հրապարակում ենք անմիջապես բնակիչների իմացածն իրենց գյուղերի մասին։
ԱԲՈՒԼ։ Այն ժամանակ, երբ Աբուլ բնակավայրը գտնվել է արաբական իշխանության տակ, Աբուլ Քազին զորավարը շատ է սիրել Աբուլ լեռ բարձրանալ և լեռն իր անունով է անվանակոչել, ավելի ուշ երբ լեռան հարակից տարածքում գյուղ է հիմնվել, հենց լեռան անունով էլ անվանակոչվել է գյուղը՝ Աբուլ։
ԱԳԱՆԱ։ Այս գյուղի անվանումը, ըստ գյուղացիների պատմածի հետևյալն է՝ երկու քույր ծարաված են լինում և սկսում են ջուր փնտրել, քույրերից մեկն այս գյուղում աղբյուր գտնելով գոռում է ակը, և այստեղից էլ առաջացել է գյուղի անվանումը, սկզբում Ականա, այնուհետև՝ Ագանա։
ԱԶԱՎՐԵԹ։ Այս գյուղի մասին պատմում են, որ տարածքը սկզբում ազատ է եղել, բնակեցված չի եղել, և հենց «ազատ վայր» գաղափարից էլ ժամանակի ընթացքում ձևավորվել է գյուղի անվանումը։
ԱԼԱԹՈՒՄԱՆ։ Ալաթուման գյուղի անվանում, ինչպես գյուղացիներն են վստահեցնում, նշանակում է «կարմիր տասնոց»։
ԱԼԱՍՏԱՆ։ Ալաստանցիների նախնիները Էրզրումից գաղթելուց առաջ եկել են ուսումնասիրելու տարածքը։ Տեսնելով, որ այստեղ շատ կակաչներ կան՝ որոշել են բնակություն հաստատել։ «Ալ» բառը նշանակում է կարմիր, իսկ «աստան»-ը պարսկերենից թարգմանաբար նշանակում է շեմ, ինչից էլ ձևավորվել է Ալաստան գյուղի անվանումը։
ԱՐԱԳՎԱ։ Այս գյուղի անվան մեջ առկա է «արագ» բառարմատը և, ըստ վարկածի, այն նշանակում է «արագ հոսող գետ», թեև գետի կոնկրետ անվան մասին հստակ տեղեկություն չկա։
Ըստ Երվանդ Լալայանի՝ Արագվա գետի կողմում եղել էփլատակված բերդի ստորոտում եղել է Արա գյուղը, իսկ գետի աջ կողմում, Արա գյուղի դիմաց՝ Գովա գյուղը։ Հետագայում այս գյուղերը միացել են և անվանվել է Արագվա։
Իսկ ըստ ջավախքցի բանաստեղծ Գալուստ Սմոյանի՝ Արա նշանակում է արի, քաջ, անվախ, իսկ Գովա՝ գովելի, հետևապես Արագվացի նշանակում է՝ քաջ, արի, անվախ, գովելի մարդ։
ԱՓՆԻԱ։ Բնակիչների խոսքով, գյուղի անունն առաջացել է վրացերեն «մառցվլիս դապնեվա» բառից, դապնեվա-ապնիա, հայերեն՝ հատիկ փռել, գյուղում հատիկային բույս աճեցնելու համար։
ԱԶՄԱՆԱ։ Շրջանառվող վարկածի համաձայն՝ արաբերեն նշանակում է՝ մեծ, որը հնարավոր է տարածքի կամ անվանի մարդու մեծության հետ է կապված։ Իսկ մյուս վարկածի համաձայն՝ թուրքերեն բառ է, և նշանակում է «մեկ կամ երկու տարեկան գառ»։
ԲԱԼԽՈ։ Բալխո գյուղի մասին պատմում են, որ մարդիկ բնակություն հաստատելով այստեղ շատ բալենիներ են տնկել, և մի անցորդ հարցրել է․ «բա՛լ խո կա՞», ինչից էլ ձևավորվել է գյուղի անվանումը։
Ըստ մեկ այլ վարկածի՝ Պալխո բառը նշանակում է «քարերի կույտ», սակայն դրա լեզվական ծագումն ու բառարմատները հստակ հայտնի չեն։
ԲԱՎՐԱ։ Ըստ գյուղացիների, երբ իրենց նախնիները հաստատվելիս են եղել այս տարածքում, իրենց ասել են՝ գնացեք այնտեղ, որտեղ գետ կա և դիմացը եկեղեցի։ Երբ նրանք հասել են նշված վայր չեն գտել եկեղեցին, ասել են․ «բա ո՞ւրա», ինչից էլ առաջացել է Բաուրա անվանումը, որը հետագայում վերափոխվել է և դարձել Բավրա։
Տարբեր գյուղերի բնակիչների պատմած վկայությունները ցույց են տալիս, որ Ախալքալաքի շրջանի գյուղանունների ծագումը հիմնականում փոխանցվել է բանավոր ավանդազրույցների միջոցով և հաճախ ունի մի քանի վարկած։
Jnews-ն այս կիրակի առանձնացրել է թվով 10 գյուղի անվան ծագման մասին կարճ տեղեկություն։ Այսուհետ ամեն կիրակի պարբերաբար կներկայացվեն նաև մյուս գյուղերի մասին պատմությունները։
Եթե կան, ովքեր տեղեկացված ու հետաքրքված են իրենց գյուղի անվան ծագումնաբանությամբ և կարող են կիսվել լրացուցիչ վկայություններով, ապա Jnews-ը պատրաստ է դրանք ևս ներառել և նյութը պարբերաբար թարմացնել։



