նորություններ 31 Հունվարի, 2026 • Սուրբ Սարգիսի տոնը Դիլիսկա գյուղում

Երիտասարդների սիրելի՝ Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի նշվում է հունվարի 31-ին, և օրվա նախօրեին, այսինքն՝ երեկ երեկոյան, մի շարք ուխտավորներ ոտքով և մեքենաներով ուղևորվում էին դեպի Ախալքալաքի մունիցիպալիտետի Դիլիսկա գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցի։

Jnews-ը տոնի մասին զրուցել է Դիլիսկայի  հոգևոր հովվության հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի հետ։

«Սուրբ Սարգիս զորավարն իր անձը դրեց նահատակության, որպեսզի այդ նահատակության գնով մենք դառնանք քրիստոնյաներ։ Մի հետաքրքիր բան կա․ ասում են՝ ինչպես Սուրբ Սարգիսը ժառանգ կունենար, եթե ամուսնանար, զավակ ունենար, թոռ ունենար, այդպես շատ ժառանգ կունենար, թե երբ որ նահատակության գնաց, հիմա ավելի շատ ունի։ Կարելի է դիտարկել, որ հիմա ավելի շատ զավակ ունի՝ հոգևոր զավակներ, քրիստոնյա զավակներ իր նահատակության գնով»։

Իր առաքելությունը չորրորդ դարի համար շատ կարևոր էր։ Նախ՝ որպես զինվորական, հետո՝ որպես քրիստոնյա քարոզիչ, քարոզել է իր օրինակով, խոսքով, իր արիությամբ։ Նամանավանդ կռապաշտ տարածաշրջանի մեջ։

«Հայերիս համար շատ սիրելի սուրբ է։ Այնքան սիրելի, որ չորրորդ դարից մինչև այսօր մեր երիտասարդներն իրենց աղոթքներն ուղղում են Սուրբ Սարգիս զորավարին, և հետաքրքիր է, որ երիտասարդները երբեմն վկայություններ են տալիս, որ իրենց աղոթքները լսելի են, ու պատասխանները մեր երիտասարդները զգում են հրաշքի տեսքով»։

Դիլիսկայում այնքան շատ են սիրել Սուրբ Սարգիսին, որ նախ եկեղեցին են կոչել նրա անունով։ Իսկ կոմունիստական շրջանում, երբ փակ էին եկեղեցիները, նամանավանդ պետական այրերը եկեղեցի են եկել գիշերով, որպեսզի իրենց չտեսնեն։ Մինչև հիմա այդ ավանդույթը պահպանված է, որ այս տոնի նախորդ երեկոյան ժողովուրդը գալիս է եկեղեցի։ Սկզբում՝ որպեսզի իրար չհանդիպեին պաշտոնյաները, իսկ հիմա արդեն ավանդույթ է դարձել։

«Ժողովուրդն այնքան գեղեցիկ ավանդույթ է դրել այս տոնի մեջ․ աղի կերակուրներից ապա դարձել է աղի բլիթ։ Մեր եկեղեցու համար ընդունելի է այնքան, որ մենք նույնիսկ օրհնում ենք և բաժանում երիտասարդներին»,- ամփոփում է Տեր Թադեոս քահանան։

Աստղիկ Ավագյանը չորրորդ տարին է, ինչ քաղաքից ոտքով ուխտի է գնում Դիլիսկա գյուղ։

«Խմբում յոթ հոգի ենք։ Տարբեր նպատակներով են եկել եկեղեցի․ կան, որ ամուսնության նպատակով են եկել, ամուսնացածներն՝ այլ նպատակով։ Ես արդեն ամուսնացած եմ։ Ընդհանուր առմամբ՝ Աստծուն շատ եմ հավատում, բայց սա էլ մեր ժողովրդի սիրելի ավանդույթներից է։ Ի դեպ, ես ինքս էլ երազ եմ տեսել, և չհավատալ չեմ կարող»։

Ժողովրդի հավատալիքի համաձայն՝ մեկ շաբաթ շրջում է զորավարը, լսում է իրենց աղոթքները, և շաբաթ երեկոյան արդեն վերադառնում է։ Շաբաթ օրը պատարագ է մատուցվում Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցիներում՝ խնդրելով սրբի բարեխոսությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝