Այսօր՝ հունվարի 30-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնին ընդառաջ, Թբիլիսիում կազմակերպվեց խաչի թափոր և նախատոնակ միջոցառում, որը համախմբեց տեղի հայ համայնքի հավատացյալներին, միջոցառումը մեկնարկեց եկեղեցական հանդիսավոր արարողությամբ:
Տոնի նախօրեին, Սուրբ Էջմիածնի բակում հավաքվեցին հավատացյալներ և ուխտավորների բազմամարդ թափորը, քահանաների առաջնորդությամբ, սարկավագաց դասի ուղեկցությամբ շարժվեցին դեպի 1883 թվականին կառուցված Սուրբ Սարգիս մատուռ: Խաչի թափորը սրբապատկերներով, խաչվառներով, աղոթքով և շարականներով քայլեց դեպի մատուռ, այնտեղ մոմավառությունից և աղոթքներից հետո ուղևորվեց դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, այնտեղ միացան այլ հավատացյալներ ևս:
Թափորը գլխավորում էին հոգևորականները՝ խաչերով, եկեղեցական դրոշներով և աղոթքներով։ Միջոցառումը նպատակ ուներ ոչ միայն արժևորելու Սուրբ Սարգսի տոնը, այլև ամրապնդելու հայ համայնքի հոգևոր կյանքն ու միասնականությունը սփյուռքում։
Նախատոնակի ընթացքում հոգևոր հայրերը հանդես եկան քարոզներով՝ անդրադառնալով Սուրբ Սարգսի կերպարին, նրա հավատքին, քաջությանը և երիտասարդների հովանավոր լինելու խորհուրդին։ Ընդգծվեց, որ Սուրբ Սարգսի տոնը հատկապես սիրելի է երիտասարդների շրջանում՝ որպես սիրո, հավատարմության և հույսի խորհրդանիշ։
Ժամը 17:00-ին, Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց Սուրբ Սարգսի նախատոնակ, երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում:
Նշենք, որ տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:
Միջոցառումն անցավ խաղաղ և բարձր հոգևոր մթնոլորտում՝ դառնալով ևս մեկ վկայություն Թբիլիսիի հայ համայնքի ակտիվ ու կենդանի եկեղեցական կյանքի մասին։ Տոնի ավարտին հավատացյալները միմյանց փոխանցեցին բարեմաղթանքներ՝ սպասելով Սուրբ Սարգսի տոնական օրվան։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում 2010 թվականից ի վեր է Հայ Առաքելական եկեղեցին ձևավորել հետաքրքիր այս ավանդույթը, ըստ որի՝ հոգևորականներով ուղեկցվող թափորը Սուրբ Էջմիածին եկեղեցուց շարժվում է դեպի Խարփուխի Սուրբ Սարգիս մատուռ: Այնտեղ կատարվում է աղոթք և մոմավառություն, որից հետո թափորը շարժվում է դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: Սուրբ Սարգսի տոնն ուղեկցվում է ոչ միայն եկեղեցական ծեսերով, այլ նաև ժողովրդական ավանդույթներով:












