նորություններ 30 Հունվարի, 2026 • Ջավախք. Վրաստանի թաքնված գանձերը և հանրաճանաչելիության ուղին

Եգիպտական բուրգերի անհայտ և չուսումնասիրված հասակակիցները Ջավախքում. Jnews-ը զրուցել է զբոսավար Դան Խմալաձեի հետ, թե ի՞նչ է պակասում և ի՞նչ կարելի է անել Ջավախքում զբոսաշրջությունը զարգացնելու համար, և շատ ավելիի մասին: Այս հետաքրքիր զրույցի մի մասը ներկայացնում ենք հարցազրույցի տեսքով:

— Հաճախ կարելի է լսել կարծիք, որ Ջավախքը զբոսաշրջիկների համար համարվում է ոչ գրավիչ: Որքանո՞վ է դա հիմնավորված, և ի՞նչ գործոններ (բնական, ենթակառուցվածքային, մշակութային, սոցիալ-տնտեսական) են ազդում մարզի զբոսաշրջային գրավչության վրա:

— Գիտեք, ես կարծում եմ՝ բոլորովին հակառակը: Ես կարծում եմ, որ սա Վրաստանի ամենագունեղ, հետաքրքիր և գրավիչ շրջաններից մեկն է, որն առաջարկում է մի շարք հետաքրքիր բաներ բոլոր տեսանկյուններից՝ բնություն, էկոտուրիզմ և գաստրոնոմիկ տուրիզմ: Այնտեղ, որտեղ կարող եք փորձել վրացական մեսխեթական ուտեստները՝ շրջանի ստորին հատվածում, որտեղ ապրում են վրացիները՝ Վարձիայից մինչև Ախալցիխե, նաև հայկական ուտեստները՝ վերին հատվածում:

Եվ նույնիսկ, եթե իսկապես ձգտել, կարելի է անդրադառնալ գինեգործության թեմային, քանի որ այս շրջանում ժամանակին խաղող և գինի են աճեցրել, և հիմա նրանք մեծ ջանքեր են գործադրում այս ավանդույթը վերականգնելու համար: Այսինքն՝ գաստրոնոմիկ տեսանկյունից, և էկոտուրիզմի տեսանկյունից՝ այնտեղ կան արշավներ, լեռնագնացություն, ուր ուզում եք։ Ես կլռեմ պատմության մասին, քանի որ այս շրջանն ունի շատ հարուստ և հին պատմություն: Այն լի է հետաքրքիր մշակութային և պատմական հուշարձաններով։

Միակ խնդիրն այն է, որ այս շրջանում, որպես այդպիսին, քիչ են ենթակառուցվածքները, ուստի շատ տեղեր չկան մարդկանց տանելու և նրանց ինչ-որ բան ցույց տալու համար: Այսպիսով, երբ մենք խոսում ենք այս շրջանի մասին, սովորաբար խոսում ենք միայն Բորժոմիի, Ախալցիխեի և Վարձիայի մասին: Ինչո՞ւ: Որովհետև այնտեղ հեշտ է հասնել. ճանապարհները կառուցապատված են, կան ենթակառուցվածքներ, մշակութային և պատմական հուշարձանները պաշտպանվում են և այլն:

xozapini 4

Խոզապինի լիճը (Ջավախեթիի ազգային պարկի տարածքը)

Ինչ վերաբերում է Ջավախքին, մասնավորապես այն տարածքին, որտեղ գտնվում են Փարվանա, Տաբածղուրի և այլ լճերը, այստեղ ենթակառուցվածքներ չկան։ Չնայած այս տարածքներում արշավներ անելը, անշուշտ, հնարավոր է, և մարդիկ դա անում են, բայց զբոսաշրջիկները լիովին անպաշտպան են, նախ՝ վայրի կենդանիներից, իսկ հետո՝ շներից։ Ամռանն այնտեղ գնացող հովիվների հովվաշները իսկապես շատ լուրջ սպառնալիք են ներկայացնում լեռները բարձրացող բոլոր անհատ զբոսաշրջիկների համար։ Այս հարցի շուրջ ընդհանրապես մտածված չէ։

Ոչ ոք չի խոսում հովիվներին այնտեղից հեռացնելու մասին, ընդհակառակը, նրանք պետք է այնտեղ լինեն։ Թող լինեն։ Այս մարդիկ բոլոր նրանց համար, ովքեր գալիս են այստեղ, համարվում են գրավիչ, քանի որ շատերը երբեք չեն տեսել վայրի բնության մեջ վրաններում ապրող հովիվների։ Ընդհակառակը, նրանք մեծ արժեք են ներկայացնում։ Պարզապես նրանց հետ փոխհարաբերությունների, նրանց կենսակերպի և, մասնավորապես, նրանց շների հարցը մտածված չէ։ Եթե միայնակ զբոսաշրջիկը գնա այնտեղ, նրան կարող են կծել։ Շների հարձակման դեպքեր են եղել։
Дизайн без названия - 1
Թեթրոբիի (Ջավախեթիի ազգային պարկի տարածք) զբոսաշրջային ենթակառուցվածքները

Երկրորդ պահն այն է, որ մշակութային, պատմական և հնագիտական հուշարձանների մեծ մասը, պայմանականորեն, պաշտպանված է պետության կողմից, բայց գործնականում այնտեղ ամեն ինչ կարող է պատահել. յուրաքանչյուրը կարող է գալ, խմել, շիշ նետել, ինչ-որ բան կոտրել կամ փոփոխել հուշարձանի լանդշաֆտը: Մենք բոլորս գիտենք, թե ինչի մասին է խոսքը՝ Աբուլի և Շաորիի ամրոցների մասին: Այս հուշարձանները հասակակիցներ են եգիպտական բուրգերին՝ նախապատմական Վրաստանի մարգարիտներն են: Հետևաբար, իմ կարծիքով, դրանք պետք է պահպանվեն և հսկվեն: Սակայն այս հարցը դեռևս պատշաճ կերպով մտածված չէ: Կան պահեր, որոնց շուրջ պետք է աշխատել:

— Ինչո՞ւ եք կարծում, որ Ջավախքի պատմական հուշարձաններից շատերը մեծ ճանաչում չեն վայելում և քիչ հայտնի են զբոսաշրջիկների շրջանում։

— Շատ լավ հարց է, թե ինչո՞ւ է դա այդպես։ Ինձ համար սրանք առաջնային կարևորության հուշարձաններ են. ես մեքենայով ճանապարհորդում եմ այդ վայրեր ու ցույց տալիս մարդկանց։ Հնարավոր է՝ պատճառներից մեկն այն է, որ այդ վայրեր հասնելն այդքան էլ հեշտ չէ և հնարավոր չէ արագ հասնել։ Ավելին, այս հուշարձանները ցույց տալու համար պետք է ինչ-որ բան պատմել դրանց մասին։ Դրանց մասին տեղեկությունները քիչ են, և դժվար է գտնել։ Նրանք, ովքեր իսկապես հետաքրքրված են, որոնում և «պեղում» են, և ունեն որոշակի տեղեկատվություն, բայց այն այնքան տարածված չէ, որքան, օրինակ, Մցխեթայի, Սվետիցխովելիի և Վրաստանի այլ մասերում գտնվող բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկատվությունը։ Մարդիկ ալարում են պեղել, ցանկություն չունեն հեռու ճանապարհորդելու։

Գորմակե (խմբ. Գորմակեի ամրոցը (կամ Գորմագը) բրոնզե դարի մեգալիթյան կիկլոպյան ամրոցներից մեկն է Ղաուրմա գյուղի մոտ) կամ Աբուլ այցելելու համար, մեկ օրը գուցե բավարար լինի Աբուլի համար, բայց, օրինակ, Գորմակը շատ ավելի հեռու է, կամ օրինակ՝ Թորիան, որը նույնպես մեգալիթյան ամրոց է։ Չնայած Շաորիի և Աբուլի մասին որոշակի տեղեկություններ կան, բացարձակապես ոչինչ չկա՝ ոչ մի տեղեկություն՝ Գորմակի և Թորիայի նման վայրերի մասին, որտեղ կա մեգալիթյան ամրոցով լեռ։

Պատկերացրեք. երբ զբոսավարը զբոսաշրջիկին տանում է որևէ վայր, և նրան հարցնում են, թե դա ինչ է, և նա պատասխանում է. «Չգիտեմ», ապա նրա հեղինակությունը սկսում է անկում ապրել։ Հետևաբար, զբոսավարները փորձում են նրանց տանել այնպիսի վայրեր, որոնք լավ գիտեն և որոնց մասին հեշտ է տեղեկատվություն ստանալ և ինչ-որ բան ուսումնասիրել։ Այսպիսով, որևէ նյութի բացակայությունը հիմնական պատճառն է հանդիսանում։

Երկրորդ պատճառն այն է, որ այս վայրերը, վերջիվերջո, Ջավախքում են, որը սովորաբար չափազանց հեռու է մեկօրյա տուրերի համար։ Եվ մարդկանց մեծ մասը սովոր է մեկ օրով ինչ-որ տեղ գնալ՝ ինչ-որ բան տեսնելու, գումար խնայելու նպատակով։ Հետևաբար, մեկօրյա տուրերով ավելի հեշտ է գումար վաստակել, քան, ասենք, 2-3 օր տևողությամբ տուրերով։

Nino 6
Վրաստանի ամենամեծ լճի՝ Փարվանայի ափերին հունիսին

Անձնական փորձից գիտեմ, որ երբ հայտարարում եմ մեկօրյա ուղևորության մասին, ձևավորվում է խումբ, երբեմն նույնիսկ երկու։ Բայց երբ կազմակերպում եմ խումբ 2-3 օրով, որտեղ պետք է լրացուցիչ վճարել գիշերակացի և այլ ծախսերի համար, մեկ անձի արժեքը համապատասխանաբար ավելի բարձր է։ Եվ ոչ բոլորն են համաձայն այս տարբերակի հետ՝ խնայողության համար։ Նման խումբ կազմելը մի փոքր ավելի դժվար է։

— Ինչո՞ւ գրեթե տեղեկատվություն չկա նման վայրերի մասին։ Արդյո՞ք դա պայմանավորված է նրանով, որ այնտեղ հնագիտական հետազոտություններ չեն անցկացվել, թե՞ կան այլ պատճառներ, օրինակ՝ ֆինանսավորման, գիտական հանրության կամ զբոսաշրջության ոլորտի կողմից ուշադրության պակաս։ Արդյո՞ք այս վայրերի նկատմամբ հետաքրքրություն չկա։

— Ոչ, հետաքրքրություն կա։ Ես այս մասին խոսել եմ մեկից ավելի հնագետների հետ. տեխնիկապես Աբուլի կամ Շաորիի հանգած հրաբուխներում պեղումներ անցկացնեը շատ ավելի դժվար է։ Այնտեղ բազալտե քարերի հսկայական հաստություն է։ Որտեղ հնագետները հողը փորում են սովորական բահերով, աշխատանքն ավելի հեշտ է։ Ֆիզիկապես շատ դժվար է նման քարերը քանդել։ Այս ամրոցները միաձուլվում են շրջակա ապարների և քարե հանքաշերտերի հետ՝ ստեղծելով մեկ, միասնական ամբողջության տպավորություն։

Ինչպե՞ս պեղել այս ամենը։ Որտե՞ղ են ապրելու հնագետները։ Ամեն օր Շաորի կամ Աբուլ բարձրանալը հեշտ չէ, իսկ վրաններ խփելն ու այդ պայմաններում ապրելը, որտեղ ամռանը ցանկացած պահի կարող է կայծակ խփել, վտանգավոր է։ Դուք հո՞ գիտեք այդ վայրերը։

Սա նշանակում է, որ նման վայրերի ինտենսիվ ուսումնասիրությունն ավելի թանկ է՝ թե՛ տեխնոլոգիապես, թե՛ ֆինանսապես։ Իհարկե, սա արվում է ավելի դաժան պայմաններում. հնագետներն աշխատում են դժվար վայրերում։ Բայց նրանք ունեն անհրաժեշտ ռեսուրսները՝ թե՛ ֆինանսական, թե՛ տեխնիկական։ Մենք, հավանաբար, դեռ այն մակարդակի վրա չենք, որ կարողանանք նման տեխնոլոգիական աշխատանքներ իրականացնել հենց այս վայրերում։

Չեմ կարծում, որ պետությունը հետաքրքրված չէր։ Վերջին 10-20 տարիների ընթացքում պետությունն ամեն ինչ արել է Վրաստանը հանրաճանաչ դարձնելու, ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու, ներդրումները մեծացնելու և բյուջեն համալրելու համար։ Բայց դա այնքան էլ հեշտ չէ՝ փորձել ամեն ինչ միանգամից անել։

— Հատկապես ո՞ր երկրների զբոսաշրջիկներին կարող է հետաքրքրել Ջավախքի շրջանը։

— Գիտեք, գերմանացիները շատ են հետաքրքրված այս վայրերով, այդ թվում՝ անհատ զբոսաշրջիկները։ Նրանք սիրում են վայրի բնությունը՝ երբ շուրջը ոչ ոք չկա, ոչինչ չկա, միայն բնական, անարատ, անձեռնմխելի բնության զգացողություն է։

Շատ իսրայելցիներ նույնպես հետաքրքրված են այստեղ գալով, բայց միայն որոշակի սեզոնի։ Հունիսից հետո Ջարախքը կորցնում է իր գրավչությունը. այն դառնում է բրոնզա-շագանակագույն-դեղին, խոտը գունաթափվում է արևից, և բնատեսարանը դառնում է ոչ այդքան գեղատեսիլ։

Nino 10
Փարվանա լիճը հունիսին

Չնայած անձամբ ինձ համար այն միշտ հրաշագեղ է՝ ապրիլին, մայիսին և մնացած ամիսներին։ Բայց մարդիկ, ովքեր սովոր են պայծառ արևին և չորացած լանդշաֆտներին, ընդհակառակը, կարոտում և ցանկանում են տեսնել կանաչը։

Ես հասկանում եմ նրանց. նրանք, ովքեր ապրում են անապատում, արևի տակ, այրված խոտերի մեջ, կարոտում են թարմ կանաչապատ բնությանը։ Ահա թե ինչու է Ջարախքը հատկապես հետաքրքիր մայիսին և հունիսին, և հենց այս ժամանակ են զբոսաշրջիկների հոսք լինում այստեղ։

Նախևառաջ, ամբողջ տարածքը ծածկված է թարմ խոտով։ Հայտնվում են վառ կանաչի և մեղմ կանաչի երանգները, որոնք աստիճանաբար զիջում են վայրի ծաղիկներին՝ ապշեցուցիչ տեսարան։ Այս ժամանակ հայտնվում են նաև մարգագետնային սնկերը, որոնք հավաքում և տապակում են կրակի վրա։

Այս ժամանակահատվածը իսկապես շատ հետաքրքիր է, և հենց այդ ժամանակ են մարդիկ փորձում ավելի շատ հյուրեր գրավել։ Միակ թերությունն անկանխատեսելի եղանակն է։ Մայիսն ու հունիսը դեռ կրկին բավականին ցուրտ են. երեկոյան հեշտ է սառչել, և կարող է հանկարծակի ամպրոպային ամպ գոյանալ։

Հուլիսին և օգոստոսին եղանակն ավելի կայուն է, բայց ամեն ինչ սկսում է դեղնել։ Ահա այսպես՝ գեղեցիկ և ոչ հեշտ։

9
Թեթրոբիի անտառները սեպտեմբերին

— Ինչպե՞ս կարող ենք արդյունավետորեն հանրաճանաչելի դարձնել Ջավախքը Վրաստան այցելող զբոսաշրջիկների շրջանում։

— Ինչպե՞ս կարող ենք այն հանրաճանաչելի դարձնել։ Դա դժվար հարց է։ Նախ, այս շրջան պետք է այցելել որքան հնարավոր է հաճախ՝ ոչ միայն ես, այլև մյուս զբոսավարները։ Պետք է գրել այս վայրերի մասին, հրապարակել լուսանկարներ և նկարահանել տեսանյութեր։ Սա պահանջում է համապարփակ, համատեղ ջանքեր։

Միայն զբոսավարների ակտիվությունը բավարար չէ։ Անհրաժեշտ է տարրական ենթակառուցվածք։ Կարևոր է ունենալ նյութեր, որոնք նկարագրում են այս վայրերը՝ ինչն է դրանք դարձնում ուշագրավ, ինչն է դրանք դարձնում յուրահատուկ, որն է դրանց գրավչությունը։

Անվտանգությունը նույնպես պետք է ապահովվի, որպեսզի զբոսաշրջիկներն իրենց հանգիստ զգան։ Եթե շները կծեն մեկին, ապա նա բոլորին կասի, որ այնտեղ չգնան։ Սակայն հասկանալի է, որ շներին հենց այնպես հեռացնել հնարավոր չէ՝ նրանք անհրաժեշտ են հովիվներին։ Այս հարցը պետք է կարգավորվի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից։

Միայն զբոսավարների կամ շրջանը սիրողների կողմից ոգևորությունը բավարար չէ։ Կառավարությունը նույնպես պետք է ներգրավվի, միջոցներ պետք է հատկացվեն տարածքի զբոսաշրջության զարգացմանը, նույնիսկ նվազագույն զարգացման և ենթակառուցվածքների դեպքում։

Օրինակ, ինձ դուր է գալիս, որ Աբուլում և Շաորիում արդեն նշագրված են արահետները։ Նախկինում քայլում էիր արահետով և չէիր հասկանում՝ ուր գնալ, բայց հիմա երթուղին պարզ է։ Ջավախքի շատ վայրերում նման արահետներ արդեն իսկ արվել են, ինչը հնարավորություն է տալիս անվտանգ քայլել։

Կարծում եմ՝ կարևոր է նաև տեղացիներին մոտիվացնել և նրանց շրջանում լուսաբանման աշխատանքներ իրականացնել։ Մարդիկ պետք է հասկանան, թե որտեղ են իրենք ապրում, ինչով է այդ վայրն ուշագրավ և բացառիկ:

Մեծ հաշվով, Ջավախքը նախևառաջ այնտեղ ապրող մարդիկ են՝ հայերը, վրացիները, դուխոբորները… Միայն հովիվները չեն։ Տեղացիներն ունեն զարգանալու, փոքր սրճարաններ բացելու, զբոսաշրջային ծառայություններ առաջարկելու և իրենց համար նոր հնարավորություններ գտնելու ներուժ։

Ինձ թվում է հենց սա է փոքր-ինչ պակասում հիմա, սակայն կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այս ամենն անպայման ի հայտ կգա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝