նորություններ 30 Հունվարի, 2026 • Շուտով կմեկնարկի  «Օգնություն գյուղին» ծրագիրը և կսկսվի առաջնահերթությունների ընտրությունը

«Օգնություն գյուղին» ծրագիրը Վրաստանում շարունակվում է։ Փետրվարին Ախալքալաքի գյուղերում կմեկնարկեն ժողովները, որտեղ կնտրվեն այն առաջնահերթ նախագծերը, որոնց համար կծախսվեն ծրագրի շրջանակներում ստացված միջոցները։ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում մունիցիպալիտետին հատկացված գումարը մնում է անփոփոխ՝ 922 000 լարի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը Սակրեբուլոյի հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել ՕԳԾ-ի շրջանակներում հատկացված 922 000 լարի գումարը, որը ծախսվելու է գյուղական ծրագրով աշխատանքների կատարման համար: Պատգամավորները հունվարի 28-ին այս հարցը քննարկեցին Սակրեբուլոյի ֆինանսների և բյուջեի հանձնաժողովի, Սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի և Տարածքային հարցերի, պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովի համատեղ նիստում և միաձայն համաձայնություն տվեցին այն ներկայացրել սակրեբուլոյի բյուրոյի և նիստի քննարկմանը: Պատգամավորները նշեցին մրցույթների ուշացումով հայտարարումը և ցանկություն հայտնեցին, որ աշխատանքների մրցույթները հայտարարվեն մի քիչ ավելի շուտ, որպեսզի ժամկետներում հասցնեն ավարտել աշխատանքները։ Նրանք հույս ունեն այս հարցերի պատասխանները ստանալ բյուրոյի և ընդհանուր նիստում:

Սակրեբուլոյի բյուրոն և նիստը  կայացել է երեկ՝ հունվարի 29-ին։

Փետրվարին գյուղերում կսկսվեն առաջնահերթ աշխատանքները ընտրելու ժողովները։ Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, գործընթացը համակարգելու համար, կմասնակցեն նիստերին, սակայն միջամտելու իրավունք նրանք չունեն։

Հարկ է նշել, որ արդեն երրորդ տարին անընդմեջ Ախալքալաքի մունիցիպալիտետը տեղական բյուջեից լրացուցիչ միջոցներ է հատկացնում, որպեսզի գյուղերը կարողանան իրականացնել մեծածավալ նախագծեր և ավարտել դրանք տարվա ընթացքում: Լրացուցիչ գումարը յուրաքանչյուր գյուղի համար տարբեր է։

2025 թվականի ՕԳԾ-ի անցյալ տարվա որոշ աշխատանքներ չեն ավարտվել: Jnews-ը փորձում է պարզել պատճառները և իր հետագա նյութերում կտեղեկացնի ընթերցողներին:

Արդեն մի քանի տարի է, ինչ Ախալքալաքի մունիցիպալիտետին, ՕԳԾ-ի շրջանակներում, հատկացվում է 922 000 լարի։ Յուրաքանչյուր գյուղ ստանում է գումար, որը հետագայում, ժողովների միջոցով, որոշվում է, թե ինչի վրա է ծախսվելու։ Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենափոքր գումարը 10 000 լարի է, իսկ ամենամեծը՝ 20 000 լարի։ Գումարը որոշվում է ըստ գյուղի բնակչության թվաքանակի։

Նշենք, որ ՕԳԾ-ը Վրաստանում իրականացվում է 2011 թվականից ի վեր, այն ժամանակավորապես դադարեցվել է միայն 2017-2018 թվականներին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝