նորություններ 29 Հունվարի, 2026 • Կայա Կալլասը արձագանքել է Վրաստանում նախաձեռնված օրենսդրական փոփոխություններին

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կոչ է արել Վրաստանի իշխանություններին «դադարեցնել այս անհեթեթությունը» և կենտրոնանալ երկրի եվրոպական ապագայի վրա։ Նա արձագանքել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը՝ խստացնել դրամաշնորհների մասին օրենքը՝ իբր թե անկարգությունների ֆինանսավորման «շրջանցային ճանապարհները» կանխելու համար։

«Երկիրն ավելի ու ավելի է հեռանում Եվրամիության ապագա հեռանկարներից։ Միակ բանը, որ կարող եմ ասել կառավարությանը, դա դադարեցնել այս անհեթեթությունը և սկսել աշխատել եվրոպական ապագայի վրա», — լրագրողներին ասել է Կոսը՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։

Եվրահանձնակատարը նշել է ԵՄ-ի աջակցությունը վրացական քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և լրատվամիջոցներին ու կոչ արել նրանց. «Շատ եմ խնդրում ձեզ՝ ամրացե՛ք»։ Նա հավելել է, որ «չի կարող աջակցել մի կառավարության, որը գործում է իր սեփական ժողովրդի դեմ»։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, իր հերթին, ասել է, որ Վրաստանի հարցը, հավանաբար, կբարձրացվի հանդիպման ժամանակ, չնայած այն պաշտոնական օրակարգում չէր։ Նա կողմ է հանդես եկել հիմնարար ազատությունների խախտման համար պատասխանատուների դեմ «միջոցառումներ» ձեռնարկելուն։

«Ես սպասում եմ, որ որոշ նախարարներ կբարձրացնեն այս հարցը (…), քանի որ մենք աջակցում ենք մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին, այդ թվում՝ լրատվամիջոցների ազատությանը», — լրագրողներին հայտնել է Կալասը։

Նախօրեին «Վրացական երազանքը» հայտարարել էր նոր փոփոխությունների մասին, որոնք նախատեսում են մինչև վեց տարվա քրեական պատասխանատվություն՝ առանց կառավարության թույլտվության արտաքին ֆինանսավորում ստանալու և Վրաստանին առնչվող քաղաքական հարցերով արտերկրում լոբբինգի համար: Փոփոխությունները կվերաբերեն ոչ միայն քաղաքական կուսակցություններին և ՀԿ-ներին, այլև լրատվամիջոցներին, վերլուծական կենտրոններին և անկախ փորձագետներին։

Իշխանությունները նախաձեռնությունը բացատրում են որպես «անկարգությունները ֆինանսավորելու շրջանցող ճանապարհների» դեմ պայքար, մինչդեռ ընդդիմությունը և քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ այն քննադատում են որպես բռնաճնշող և հակասահմանադրական։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝