«Վրացական երազանքի» կողմից նախատեսվող փոփոխությունների համաձայն՝ արտաքին լոբբինգը քրեորեն պատժելի կդառնա։
Մասնավորապես, խորհրդարանական մեծամասնության կողմից մշակված օրենսդրական փաթեթի համաձայն՝ Վրաստանի վերաբերյալ քաղաքական գործունեության դիմաց այլ պետության քաղաքացուն կամ իրավաբանական անձին փողի, արժեթղթերի, այլ գույքի, նյութական օգուտների կամ այլ առավելությունների ուղղակի կամ անուղղակի փոխանցումը կհանգեցնի տուգանքի, 300-ից 500 ժամ հասարակական աշխատանքի կամ մինչև վեց տարի ազատազրկման։
Այս մասին մեծամասնության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Իրակլի Կիրցխալիան։
««Դրամաշնորհների մասին» օրենքով սահմանված կանոնները խախտելու համար քրեական պատասխանատվություն է սահմանվել։ Նման խախտումները կհանգեցնեն տուգանքի, 300-ից 500 ժամ հասարակական աշխատանքների կամ մինչև վեց տարի ազատազրկման։
Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածին ավելացվել է ծանրացնող հանգամանք. Վրաստանում քաղաքական ակտիվությամբ զբաղվելու նպատակով փողերի լվացումը կհանգեցնի 9-ից մինչև 12 տարի ազատազրկման։
Օրինագիծը նաև քրեական պատասխանատվություն է նախատեսում քաղաքական կուսակցության ցանկացած ղեկավար պաշտոնյայի համար, որը խախտում է «Քաղաքացիների քաղաքական միավորումների մասին» օրգանական օրենքը, մասնավորապես՝ ընդունելով արտաքին ֆինանսավորում: Այս խախտումը պատժվելու է տուգանքով, 300-ից 500 ժամ հանրային աշխատանքով կամ մինչև վեց տարի ազատազրկմամբ:
«Արտաքին լոբբինգը կդառնա քրեական կարգով պատժելի։ Մասնավորապես, Վրաստանի վերաբերյալ քաղաքական ակտիվության դիմաց այլ պետության քաղաքացուն կամ իրավաբանական անձին փողի, արժեթղթերի, այլ գույքի, նյութական օգուտների կամ այլ առավելությունների ուղղակի կամ անուղղակի փոխանցումը կհանգեցնի տուգանքի, 300-ից 500 ժամ հասարակական աշխատանքի կամ մինչև վեց տարի ազատազրկման», — հայտարարել է Իրակլի Կիրցխալիան։



