Իրանում սոցիալ-տնտեսական ճգնաժամի և խստացված պատժամիջոցների պատճառով առաջացած լայնածավալ բողոքի ցույցերը բացահայտեցին հասարակության և կառավարության միջև տեղի ունեցող խորը համակարգային հակասությունները: «Օրբելի» վերլուծական կենտրոնի և Իրանի հարցերով փորձագետ Էդվարդ Բերուջանյանի հետ հարցազրույցում քննարկում ենք ներկայիս անկայունության պատճառները, միջին խավի դերը բողոքի շարժման մեջ, հնարավոր ապագա սցենարները և Իրանում ստեղծված իրավիճակի ազդեցությունը Հայաստանի, Վրաստանի և տարածաշրջանային տարանցիկ նախագծերի վրա:
— Ինչպես եք գնահատում Իրանում ստեղծված իրավիճակը: Ինչով է այն տարբերվում նախորդ ճգնաժամերից:
— Նախորդ բողոքի ալիքների համեմատ, ներկայիս մասշտաբը զգալիորեն ավելի մեծ էր: Բողոքի շարժումը ընդգրկում էր Իրանի գրեթե բոլոր շրջանները, և մարդկանց ավելի մեծ զանգվածներ էին մասնակցում բողոքի ցույցերին: Ճիշտ է սկզբնական դրդապատճառը վատ սոցիալ-տնտեսական իրավիճակն էր, բայց հետո բողոքի ցույցերը շատ արագ ստացան քաղաքական բնույթ: Ինչպես հայտնի է, անցյալ տարի Իրանում տեղի ունեցավ տասներկուօրյա պատերազմ, որից հետո Արևմուտքի պատժամիջոցներն ավելի խստացվեցին: Այն երկիրը խորը տնտեսական ճգնաժամի մեջ գցեց: Ռիալի (ազգային արժույթի) կտրուկ արժեզրկումը լուրջ խնդիրներ առաջացրեց տնտեսությունում, բիզնեսը և առևտուրը դադարեցին բնականոն, շահութաբեր ռեժիմով գործել։
Ներկայիս ճգնաժամի հիմնական բնութագրիչ տարբերություննորից մեկն էլ այն էր, որ արդեն բողոքի ակցիաները սկսվեցին միջին խավի շրջանակներում։ Այս բողոքի ակցիային մասնակցեցին գործարար և միջին խավի մարդիկ։ Ինչպես գիտեք միջին խավի մասնակցությունն արդեն իսկ նոր հնարավորություներ է բացում հեղափոխության նոր զարգացումների համար և լուրջ սպառնալիք է ներկայացնում իշխանություններին։
Սկզբում իշխանությունները փորձում էին առաջարկել փոխզիջումային և բանակցային լուծումներ գործարար-համայնքին։ Սակայն, երբ փոխվեցին վանկարկումները և կոչերը, հնչեցին հակակառավարական, հակակամակարգային, հակաիշխանական կոչեր կառավարությունն անցավ բիրտ ուժի մեթոդի։ Անջատվեցին ինտերնետը և անջատվեցին բջջային օպերատորների ծառայությունները, ինչը հանգեցրեց բողոքի ցույցերի ինտենսիվության նվազմանը։
Ներկայումս հնարավոր են միայն լոկալ բողոքի ցույցեր, բայց դրանք այլևս այնքան ինտենսիվ չեն, որքան տասը օր առաջ էին։
— Քանի զոհ և քանի ձերբակալված է գրանցվել։
— Հունվարի 9-ին ճնշման ուժեղացումից հետո խոսվում էր մոտ 4000 զոհի մասին։ Տարբեր լրատվականներ խոսում են մինչև 12 հազար զոհի մասին, բայց կարծում եմ այն մի փոքր ուռճացված է։ 12 հազար զոհի դեպքում այս համակարգն ավելի շատ խնդիրներ կունենար։
Հասանելի տվյալների համաձայն, ձերբակալվել է ավելի քան 10000 մարդ, զոհվել է ուժային կառույցների մոտ 200 աշխատակից։ Այս թվերը վկայում են չափազանց մեծածավալ և բռնի բախումների մասին։
Ինտերնետային կապը ներկայումս աստիճանաբար վերականգնվում է։ Կառավարությունը խոստացել է մինչև շաբաթվա վերջ, ամբողջ երկրում, ապահովել ինտերնետ հասանելիությունը։ Առայժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է։
Բայց կարծում եմ, որ ցանկացած հաջորդ բողոքի ցույց կարող է ավելի ինտենսիվ լինել: Բայց այստեղ խնդիր կա, թե արդյոք Իրանի կառավարությունը միշտ այս բռնի գորելավոճով կգնա։ Քանի որ ճնշելով ժողավրդին հնարավոր չէ համակարգը պահել։ Իրանում շատ վատ իրավիճակ էր ստեղծվել ոչ միայն տնտեսական առումով այլ համակարգային առումով։ Հասարակության և կառավարության միջև ակնհայտ են լուրջ սոցիալական, ժողովրդական և գաղափարախոսական հակասություններ։ Եթե Իրանի կառավորությունը և իշխանությունը կտրուկ և արմատական փոփոխություն չանի, ապա կրկնվելու հավանականությունը շատ մեծ է։
— Արդյոք ընդդիմությանը հաջողվեց հասնել որևիցե զիջման։
— Ոչ մի փոխզիջման մասին խոսք չկա։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները նշում են, որ պատրաստ էին գործարարների հետ ինչ որ լուծումներ գտնել, նույնիսկ սկսել էին։ Արդեն փոխարինվել էր Կենտրոնական բանկի ղեկավարը, և մշակվում են տարբեր տնտեսական ծրագրեր։
Սակայն, կա խորը գաղափարախոսական բաժանում, որը մնում է լուրջ խնդիր։ Արժեքների փոփոխությունը կարող է հանգեցնել համակարգային փոփոխությունների։ Բայց Իրանի իշխանությունները հեղափոխությունից հետո դեռ արժեհամակարգային փոփոխություններ չեն արել, դա դժվար էլ է, քանի որ Իրանը իսլամական հանրապետություն է։
Երկար տևող պատժամիջոցների պայմաններում երկրի տնտեսությունն աստիճանաբար դեգրադացվում է։ Չնայած Իրանի զգալի ռեսուրսներին, այն չի կարողանում լիարժեք իրացնել դրանք։ Սա հանգեցնում է երկրի ներսում լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների։
— Այս իրադարձությունները ազդում են Իրանի արտաքին քաղաքականության վրա, և արդյոք այն Հայաստանի համար մնում է գործընկեր։
— Անշուշտ, բողոքի ցույցերը, պատժամիջոցները և ներքին բարդ իրավիճակն ազդում են Իրանի արտաքին քաղաքականության վրա։ Պատերազմից և դրանից բխող իրադարձություններից հետո Իրանի արտաքին քաղաքականությունն այլևս չունի այն կայունությունն ու կշիռը, որն ուներ, օրինակ, 2015 թվականին։
Հայ-իրանական հարաբերությունների հարցում Հայաստանի դիրքորոշումը Իրանի նկատմամբ մնում է անփոփոխ։ Իրանը Հայաստանի համար մնում է կարևոր ռազմավարական գործընկեր։ Մեր հարավային հարևանի հետ մենք ունենք լուրջ տնտեսական, քաղաքական, համագործակցություն անվտանգության ոլորտում։
Հայաստանի համար Իրանի անվերահսկելի անկայունությունը չափազանց վտանգավոր է։ Մեզ համար կարևոր է հանգիստ, կայուն և, ինչու չէ, ուժեղ Իրանը։
— Արդյոք Իրանում տեղի ունեցող իրադարձություններն ազդում են հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա։
— Իրանի տնտեսական իրավիճակը, պատժամիջոցների պատճառով, շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Բողոքի ցույցերի ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ առևտուր անող երկրներն ու կազմակերպությունները, Միացյալ Նահանգների հետ համագործակցելիս, ստիպված կլինեն 25% մաքսատուրք ավելի վճարել։
Սա, որոշ չափով, սահմանափակում է հայ-իրանական առևտրի բնականոն զարգացումը։ Շատ երկրներ և ընկերություններ, վախենալով ընկնել Միացյալ Նահանգների և Արևմուտքի պատժամիջոցների տակ, պատրաստ չեն բիզնես վարել նախկին մակարդակով։
Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա, չնայած որոշակի ինքնաբավության, Իրանի տնտեսությունը չունի Չինաստանի կամ Ռուսաստանի ռեսուրսները, որոնք ունակ են համեմատաբար արդյունավետ շրջանցել պատժամիջոցները։ Չնայած Իրանը պատժամիջոցների տակ է 1979 թվականից և կարողացել է պահպանել գործուն պետություն, ներկայիս միտումները վկայում են աստիճանական վատթարացման մասին։
— Ինչպես է Իրանին հաջողվում խուսափել պատժամիջոցներից։
— Սա Իրանի համար հիմնական խնդիր է։ Երկիրը չի կարող ուղիղ առևտրային կապ տանել միջազգային լուրջ առևտրային կազմակերպությունների հետ, դրա համար տեղի է ունենում միջնորդավորված առևտուր։
Նավթի վաճառքը ամենածանրն է Իրանի համար։ Իրանը փորձում է նավթը վաճառել քողարկված կազմակերպությունների միջոցով և նավթը հիմնականում սպառվում է Չինաստանում։
Ամեն դեպքում Իրանը չի կարողանում լիարժեք առևտուր անել, ինչը հանգեցնում է տնտեսական իրավիճակի վատթարացմանը, ազգային արժույթի արժեզրկմանը, որը հասել է իր պատմական ամենացածր մակարդակին։ Եվ այս ամենը վերջնական հաշվով, հանգեցնում է, երկրում, նոր բողոքի ցույցերի։
— Որքանով էր նշանակալի Իրանի այս իրավիճակում արտաքին միջամտությունը։
— Իհարկե արտաքին միջամտություն կա ԱՄՆ-ի կողմից։ Դոնալդ Թրամփն ուղիղ հայտարարություններ արեց, ակնարկելով ռազմական ուղիղ միջամտության հնարավորության մասին։ Սակայն հունվարի 14-ին նա հայտարարություն տարածեց, որում նշեց, որ Իրանի իշխանությունները ձեռնպահ են մնացել 800 կալանավորի մահապատժի ենթարկելուց, և որ իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Սա արդեն ետ քայլ էր նախորդ հայտարարություններից, որտեղ նա ակնարկում էր ռազմական ուղիղ միջամտության մասին։
Չնայած Վաշինգտոնի ճշգրիտ հաշվարկները մնում են անհասանելի, բայց չէր բացառվում ուղիղ ռազմական միջամտությունը Իրանի ռազմավարական կարևոր օբյեկտներին։
— Ինչպես են Իրանում ծավալվող իրադարձություններն ազդում Վրաստանի տարանցիկ դերի վրա։
— Եթե նայենք միջազգային միջանցքներին, ամենակարևորներից մեկը, անկասկած, Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն է, իսկ միջին միջանցքի բեռնափոխադրման հիմնական երթուղիներից մեկը Վրաստանով անցնող Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երկաթուղին է, ինչպես նաև Վրաստանի “Միջին միջանցք” անվանումով հայտնի ճանապարհները։
Վրաստանով բեռնափոխադրումները ներկայումս էլ ունենք, բայց խոսքը նաև Հյուսիս-Հարավ միջանցքի մասին է, որը, չնայած առաջարկվող տեսլականին, ներկայումս այդքան էլ լավ չի գործում, այսինքն՝ Իրանով դեպի Սև ծով կամ Ռուսաստան տանող երթուղին։ Կան մի քանի երթուղիներ, բայց Ադրբեջանով անցնող երթուղին, կարծես, գլխավորն է, քանի որ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղին ամենահարմարն է ենթակառուցվածքների տեսանկյունից։ Քննարկվում է նաև Հայաստան-Վրաստան երթուղին, բայց ենթակառուցվածքների հետ կապված խնդիր կա` դեռևս ենթակառուցվածքներ չկան։ Սյունիքի մարզում աշխատանքները դեռևս շարունակվում են։ Այս աշխատանքները կատարում է իրանական ընկերությունը։ Եթե տարածաշրջանում անկայունություն լինի, տնտեսական շրջանառությունը նույնպես կնվազի։
Ամեն դեպքում, վերջին տարիներին Իրանը նույնպես առաջարկում է նոր միջանցք իր տարածքով, այսինքն՝ Ադրբեջան-Իրան-Նախիջևան։ Իրանը հետաքրքրված է, որ իր տարածքով անցնեն բեռնափոխադրումները։
—Արդյոք Վրաստանի դերը կնվազի «TRIPP» (այսպես կոչված՝ Թրամփի երթուղի կամ Զանգեզուրի միջանցք) նախագծի գործարկումից հետո։
—Կա նաև Չինաստանից Ղազախստանով, Ուզբեկստանով և Թուրքմենստան երկաթուղով դեպի Իրան, ապա՝ Թուրքիա կամ Հայաստան, կախված ապրանքների ուղղությունից։ Մենք ունենք տարբեր երթուղիներ, որոնք կարող են ծառայել որպես այլընտրանք, բայց քանի դեռ Իրանը մնում է խիստ պատժամիջոցների տակ, այս իրանական երթուղին այդքան էլ գայթակղիչ չի լինի եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար։ Բայց Չինաստանը միանշանակ կհամագործակցի Իրանի հետ այս ուղղությամբ, և Իրանը դրանում հնարավորություն է տեսնում։
Վրաստանի արտոնյալ կարգավիճակը, որ տարանցիկ միջին միջանցքը միայն Վրաստանով է անցնում, նվազել է և կնվազի, եթե TRIPP նախագիծը գործարկվի, և մեր վրացի գործընկերները նույնպես խոսում են այդ մասին։ Սակայն Վրաստանը ելնելով իր շահերից, կարող է ստեղծել շատ գրավիչ նախագծեր։

