Առատ ձյունից հետո Ախալքալաքի ճանապարհները, չհաշված մայթերը, դժվարանցանելի են։ Բնակիչները դրանց վրայով տեղաշարժվում են այնպես, կարծես սահադաշտի վրայով՝ վախենալով ընկնելուց և կոտրվածքներ ստանալուց։
Ձմռան շրջանում, երբ Ախալքալաքում առատ ձյուն է գալիս, փողոցներով քայլելը հետիոտների համար դառնում է հավասար խոչընդոտների հաղթահարմանը։ Այս խնդիրը տարեցտարի չի փոխվում։ Ամեն տարի բնակիչները՝ ընկնելով և քաղաքում դժվարությամբ տեղաշարժվելով, բողոքում են. «Քաղաքում քայլել հնարավոր չէ։ Բնակիչների նկատմամբ նման վերաբերմունքն անթույլատրելի է։ Մի՞թե չի կարելի գոնե մաքրել կենտրոնական փողոցները»։
Այնուամենայնիվ, իրավիճակը կրկնվում է ամեն տարի։
Բժիշկ-ճառագայթաբան Հակոբ Չախմախչյանի խոսքով, ով հետազոտում է վնասվածքով հիվանդներին, վերջին շրջանում վերջույթների կոտրվածքների թիվը զգալիորեն աճել է: Միայն այսօրվա ընթացքում չորս մարդ է տեղափոխվել քաղաքային հիվանդանոց՝ փողոցում ընկնելու հետևանքով ստացած կոտրվածքներով կամ կոտրվածքի կասկածով։
Քաղաքի կենտրոնի մայթերի ձյան մաքրման համար պատասխանատու է Ախալքալաքի սպասարկման կենտրոնը: Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակայանը նշեց, որ եղանակային պայմանները խոչընդոտում են ինչպես ճանապարհների, այնպես էլ հետիոտնային գոտիների լիակատար մաքրմանը: Այնուամենայնիվ, նա հայտնեց, որ ամենախնդրահարույց տարածքները կմշակվեն քիմիական հակազդակներով:
«Մենք մաքրում ենք մայթերը, սակայն, ցավոք, ձյունը սառչում է գիշերը, և հետո մենք չենք հասցնում այն ամբողջությամբ մաքրել։ Մենք մաքրում ենք գլխավոր ճանապարհը՝ «բիրժայից» մինչև զբոսայգի։ Ինչ վերաբերում է ռեագենտին, վաղն առավոտյան կտեսնենք, արդյոք կկարողանանք մի քանի պարկ լցնել։ Դուք գիտեք, թե ինչ ձմեռներ են լինում Ախալքալաքում, հատկապես վերջին օրերին՝ իրավիճակը շատ դժվար է։ Սաստիկ ցուրտ է, նույնիսկ փողոց դուրս գալը շատ դժվար է տրվում։ Բայց վաղը կփորձենք ռեագենտ օգտագործել», — նշեց Մխիթար Ռստակայանը։
Հարկ է նշել, որ, որպես կանոն, քաղաքում ճանապարհներն ու մայթերն ամբողջությամբ չեն մաքրվում, այլ մշակվում են քիմիական հակազդակներով, այն էլ՝ միայն կենտրոնական և գլխավոր փողոցներում: Քաղաքի մյուս փողոցներում ձյունը սովորաբար ինքն իրեն է հալվում՝ եղանակի տաքացմանը զուգընթաց:



