նորություններ 23 Հունվարի, 2026 • Գիորգի Վաշաձեն ազատ է արձակվել 7 ամիս ազատազրկումից հետո

«Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն լքել է կալանավայրն։ Ինչպես նա նշել է լրագրողների հետ կարճ զրույցում ազատ արձակվելուց հետո, նա մտադրված է միավորել կուսակցությունները և տարբեր հասարակական խմբերը։

«Մենք ունենք ընդհանուր նպատակ՝ ուզում ենք ազատություն, արդար միջավայրում ապրել, ուզում ենք զարգանալ, դառնալ ԵՄ անդամ։ Ուզում ենք, որ մարդկանց չձերբակալեն պարզապես այն պատճառով, որ դու նրանց դուր չես գալիս։ Ուզում ենք առաջ շարժվել, հպարտանալ մեր երկրով, ներկայացված լինել Դավոսում՝ զարգացած երկրների շրջանակում և չմնալ այդ գործընթացներից դուրս։ Երբ նպատակը այդքան մեծ է ու միասնական, մեզ ավելի շատ կազմակերպվածություն է անհրաժեշտ, համակարգվածություն, միասնություն։ Դրա համար մենք ուզում ենք համախմբվել։

Կուսակցությունների միավորումը մի բան է, հետո գալիս է հասարակության տարբեր խմբերի ներգրավումը։ Շատ նոր, հետաքրքիր, որակյալ մասնագետներ կան, ովքեր արդեն երևում են։ Իմ պարտականությունն եմ համարում նրանց, այդ թվում՝ հնարավորություն տալ առաջ գնալու, ավելին անելու, նորություն բերելու այս գործընթացում։ Չեմ պատրաստվում որևէ մեկին տարբերել կուսակցական պատկանելությամբ։ Պետք է բոլորի հետ խոսենք և միավորված ուժերով հաղթենք», – հայտարարել է Գիորգի Վաշաձեն։

Հիշեցնենք, որ Վաշաձեն դատապարտվել էր յոթ ամիս ազատազրկման՝ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննիչ հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։ Բացի այդ, դատարանը նրան երկու տարով արգելել էր պաշտոն զբաղեցնել։

Վաշաձեին մեղադրանք էր ներկայացվել Վրաստանի քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածով, որը վերաբերում է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի պահանջի չկատարմանը։

Ապրիլի 23-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց նշանակել էր 50,000 լարիի գրավ, որը նա վճարել էր օրենքով սահմանված ժամկետում։

Նշենք նաև, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը Գիորգի Վաշաձեին, ինչպես նաև ընդդիմության մի շարք այլ առաջնորդների՝ Միխեիլ Սաակաշվիլիի, Նիկա Գվարամիայի, Նիկանոր Մելիայի, Զուրաբ Ջափարիձեի, Էլենե Խոշթարիայի, Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ ներկայացրել է մեղադրանք սահմանադրական կարգի տապալման և դիվերսիայի գործով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝