նորություններ 22 Հունվարի, 2026 • Արդյոք անօրինական են ջրի միացումներն Ախալքալաքում. ինչ են ասում ընկերությունները

«Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությունը» հայտնել է Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում ջրամատակարարման համակարգին ապօրինի միացումների հայտնաբերման և ջրամատակարարման հնարավոր սահմանափակումների մասին։ Jnews-ը, իրավիճակի մասին ավելին իմանալու նպատակով, կապ հաստատեց տարածված տեղեկատվությունից նույնականացված առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հունվարի 20-ին, «Իմեդի» հեռուստաալիքը հայտնեց, որ Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների մի քանի կազմակերպությունների ջրամատակարարումը, ջրամատակարարման ցանցին ապօրինի միացումների հայտնաբերման պատճառով, սահմանափակվել է։ Նմանատիպ տեղեկատվություն տարածեց նաև «Վրաստանի Միացյալ ջրամատակարարման ընկերությունը» Facebook-ի իր պաշտոնական էջում։

«Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերության» տվյալներով, վերոնշյալ օբյեկտները ցանցին միացվել են անօրինական կերպով, ինչի հետևանքով առաջացել են ջրի կորուստներ, համակարգում ճնշման նվազում և խմելու ջրի որակի վատթարացման ռիսկերի աճ։ «Նման խախտումները վնաս են հասցնում ինչպես ջրամատակարարման ենթակառուցվածքներին, այնպես էլ բարեխիղճ բաժանորդներին», — նշվում է ընկերության հայտարարության մեջ։

Ընկերության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Սահմանափակումները կիրառվում են միայն այն դեպքերում, երբ անօրինական միացումը հաստատվում է տեխնիկական զննմամբ և լիովին համապատասխանում է գործող օրենսդրությանը։

Ընկերությունն օբյեկտներին, սահմանված իրավական ընթացակարգին համապատասխան գրանցվելու համար, մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է տվել, սակայն պահանջները բոլոր դեպքերում չեն բավարարվել։ Հետևաբար, ցանցի կայուն գործունեությունը, ջրային ռեսուրսների արդարացի բաշխումը և հասարակական անվտանգությունն ապահովելու համար որոշում է կայացվել սահմանափակել ջրամատակարարումը այդ օբյեկտներին»։

Ընկերությունը նաև հայտարարել է, որ անօրինական միացումների դեմ պայքարի միջոցառումները կշարունակվեն ամբողջ երկրում և կոչ է արել քաղաքացիներին ու բիզնես օպերատորներին օգտագործել ջրամատակարարման ծառայություններն օրինական և պատասխանատու կերպով։

Jnews-ը մեկնաբանություն ստանալու նպատակով, կապ հաստատեց երկու ընկերությունների հետ, որոնք նույնականացվել են Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներից։

Առաջին կազմակերպությունը հայտարարեց, որ իրենց ջրամատակարարումը իրականում չի անջատվել։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով, Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման աշխատակիցները հունվարի 20-ին այցելել են օբյեկտ և առաջարկություններ տվել ջրամատակարարումը գործող պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ։

«Մասնավորապես, սա վերաբերում է կոմերցիոն կազմակերպություններում ջրաչափերի պարտադիր տեղադրմանը: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ պահանջների չկատարումը կարող է հետագայում հանգեցնել տուգանքների: Ծառայության ծախսերը կախված են ջրամատակարարման և կոյուղու խողովակների տրամագծից: Վճարումը կատարում է ընկերությունը, իսկ բոլոր աշխատանքները կատարում է Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման ընկերությունը՝ ներկայացված դիմումի հիման վրա: Այս պահին դիմումը դեռևս չի ներկայացվել, քանի որ խողովակի տրամագիծը որոշելու համար անհրաժեշտ է մասնագետ ներգրավել», — ասաց է ընկերության ներկայացուցիչը:

Հարցին, թե արդյոք կազմակերպությունը բաժանորդ է հանդիսանում և վճարում է ջրամատակարարման դիմաց, ընկերությունը նշեց, որ այո, սակայն չկարողացան ճշգրիտ վճարի չափն անվանել:

Երկրորդ ընկերությունը նույնպես հայտնեց, որ իրենց ջրամատակարարումը չի անջատվել: Կազմակերպության ներկայացուցիչները հաստատեցին, որ Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման աշխատակիցները այցելել են իրենց:

Ընկերության տվյալներով, նրանց ևս նախատեսում են տեղադրել ջրաչափեր։

«Մեզ ասացին, որ ջուրը կարող են անջատել, բայց այդպես չարեցին։ Մեր մոտ արտադրություն է, 50 մարդ է աշխատում։ Ջրամատակարարումը անցկացվել է վաղուց, երբ այս տարածքում փուռ կար։ Մենք նոր կոմունիկացիոն գիծ չենք տեղադրել։ Հիմա նրանք ուզում են ջրաչափեր տեղադրել», — ասացին ընկերությունից։

Ընկերությունը նշեց, որ վճարում է ջրամատակարարման համար, բայց ճշգրիտ գումարը չգիտի։ Նրանք նաև կարծում են, որ առևտրային կազմակերպությունների համար սահմանված սակագինը չափազանց բարձր է։

«Մենք դեռ չգիտենք, թե ինչպես ենք վարվելու։ Ջրի մեկ խորանարդ մետրի համար 4.5 լարի սակագինը չափազանց բարձր է իրավաբանական անձանց համար։ Մենք հասկանում ենք, որ ընկերությունը ծառայություններ է մատուցում, բայց գիննն իսկապես բարձր է։ Բարձրալեռ շրջանների համար արտոնություններ կան. անհասկանալի է, թե ինչու այդ արտոնությունները չեն տարածվում ջրամատակարարման վրա», — նշեցին ընկերության ներկայացուցիչները։

Jnews-ի խմբագրությունը Ճշտելու համար, թե որ միացումներն են համարվում անօրինական, ինչպես է կարգավորվելու իրավաբանական անձանց համար ջրաչափերի տեղադրումը և ինչ սակագներ են կիրառվում տարբեր բաժանորդների համար (Ազգային կարգավորող հանձնաժողովի կայքում նշված և կտրոնների վրա տպագրված սակագները չեն համընկնում)պաշտոնական գրություն է ուղարկել Վրաստանի Միացյալ Ջրամատակարարման Ընկերությանը: Պատասխանը ստանալուց հետո, զարգացման մասին, կտեղեկացնենք մեր ընթերցողներին:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝