նորություններ 20 Հունվարի, 2026 • Փաշինյանն ընդունել է Թրամփի հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Փաշինյանն ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը:

Թրամփի «Խաղաղության խորհուրդը» ներկայանում է որպես նոր միջազգային խաղաղապահ մարմին։

New York Times-ը, որ ծանոթացել է խորհրդի կանոնանդրությանը, գրում է՝ Թրամփը հրավիրում է երկրներին միանալ երեք տարվա ժամկետից ավելի, եթե նրանք պատրաստ են առաջին տարում վճարել ավելի քան մեկ միլիարդ դոլար։

Խորհուրդը սկզբնապես նախատեսված էր Գազայի վերակառուցումը վերահսկելու համար, սակայն դրա կանոնադրությունում չի հիշատակվում պաղեստինյան անկլավը, ինչը ենթադրում է հնարավոր ավելի լայն մանդատ։ Ըստ New York Times-ի՝ խորհրդի կանոնադրությունը հրավերների հետ միասին ուղարկվել է հավանական անդամներին շաբաթավերջին:

1 միլիարդ դոլար վճարելու մասին լուրը ավելի վաղ հայտնել էր նաև Bloomberg-ը:

Ուրբաթ օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ խորհրդի անդամների թվում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան։

Մի քանի երկրներ, այդ թվում՝ Արգենտինան, Կանադան, Եգիպտոսը և Թուրքիան, հայտարարել են, որ հրավերներ են ստացել միանալու համար: Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ հրավիրվել է նաև թագավոր Աբդուլլահ II-ը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝