նորություններ 19 Հունվարի, 2026 • Շարունակվում է հողամասերի գրանցումը նախկինում ներկայացված դիմումների հիման վրա

Չնայած 2025 թվականի վերջին հողերի համակարգված գրանցման ծրագրի ավարտին, Ախալքալաքի մունիցիպալիտետում շարունակվում են, աշխատանքները նախկինում ներկայացված դիմումների վրա։ Պետական ռեգիստրի աշխատակիցներն ավարտում են կիսատ թողած ընթացակարգերը և մշակում են անվճար գրանցման գործընթացով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները, որոնք չէին օգտվել հողերի անվճար գրանցման պետական ծրագրից, մինչև 2025 թվականի վերջը ժամանակ ունեին դիմումներ ներկայացնել Արդարադատության տուն, քաղաքապետարան կամ slr.napr.gov.ge հարթակի միջոցով։ Հակառակ դեպքում հողերի գրանցումը հետագայում կլիներ վճարովի։

2025 թվականի վերջին, Հանրային ռեգիստրը, քաղաքապետարանից պահանջել էր տրամադրել այն քաղաքացիների ցուցակը, որոնք դեռ չեն հասցրել իրենց հողամասերը գրանցել։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանը ստացել է 950 դիմում 4146 հողամասի առնչությամբ։ Սա հենց քաղաքապետարան ներկայացված դիմումների թիվն է։ Հայտնի չէ, թե քանի դիմում է ներկայացվել անմիջապես Հանրային ռեգիստր կամ slr.napr.gov.ge հարթակի միջոցով։

Չնայած գյուղատնտեսական հողերի անվճար գրանցումն ավարտվել է, սակայն Պետական ռեգիստրի աշխատակիցները վերջերս վերադարձել են Ախալքալաքի մունիցիպալիտետ և շարունակում են իրենց աշխատանքը։ Նրանք ներկայումս աշխատում են անցյալ տարվա անավարտ ընթացակարգերի վրա, նաև վերանայում են բնակիչներից ստացված դիմումները։

Քաղաքապետարանի վարչական և իրավական հարցերով իրավաբանական ծառայության պետ Թեյմուրազ Մանվելյանի խոսքով, ով մասնակցել է իրենց հողամասերն անվճար գրանցել ցանկացող քաղաքացիների ցուցակի կազմման գործում, խոսքը կոնկրետ այն դիմումների մասին է, որոնք ստացել է քաղաքապետարանը։

«Սրանք այն դիմումներն են, որոնք մենք ենք ստացել։ Սակայն կան նաև քաղաքացիներ, ովքեր անմիջապես դիմել են Արդարադատության տուն, մենք չգիտենք նրանց քանակը։ Պետական ռեգիստրի աշխատակիցները վերադարձել են աշխատելու և՛ այս ցուցակների, և՛ վավերացման ենթակա դիմումների հետ», — հստակեցնում է Թեյմուրազ Մանվելյանը։

Նրա խոսքով, աշխատանքներ տարվում են միայն նախկինում ներկայացված դիմումների վրա, նոր հողաչափումներ չեն անցկացվելու։

Ախալքալաքի մունիցիպալիտետի գույքի և պլանավորման բաժնի մասնագետ Ավագ Արևյանը հայտնեց, որ հողամասերի նույնականացման գործընթացը շարունակվում է։ Մասնավորապես ստուգվում է՝ արդյոք հողամասը չի պատկանում արոտավայրերին կամ ընդհանուր օգտագործման տարածքներին։ Սա անհրաժեշտ է, որպեսզի հողի գրանցումը ապագայում չհակասի համայնքային պլաններին։

Հարկ է նշել, որ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Պետական ռեգիստրը, մունիցիպալիտետների քաղաքապետարաններին, հողերը օրինականացնելու նպատակով, կրկին նրանց ներգրավել է գյուղատնտեսական հողերի անվճար գրանցման գործընթացին։

«Նրանք պարզաբանում են մեր դիրքորոշումը՝ արդյոք հողամասը համընդհանուր օգտագործման տարածք է և արդյոք առկա է մունիցիպալ շահ։ Այս բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո հանձնաժողովը վերջնական որոշում է կայացնում գրանցման թույլտվության վերաբերյալ։ Այս տեղեկատվությունը նաև ճշտվում է Պետական գույքի ծառայության հետ», — նշում է Ավագ Արևյանը։

Համակարգային գրանցման բարեփոխումն ավարտվել է 2025 թվականի վերջին։

Գյուղատնտեսական հողերի անվճար գրանցման ծրագրի ևս մեկ երկարաձգման հնարավորության հարցով, Jnews-ը դիմեց Պետական ռեգիստրի վարչությանը։

«2026 թվականից համակարգային գրանցման նոր դիմումներ այլևս չեն ընդունվի։ Պետական ռեգիստրի տվյալներով, հողերի ավելի քան 95 տոկոսն արդեն արդեն ներառված է կադաստրային հաշվառման մեջ։ Քաղաքացիներին, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարողացել գրանցել իրենց հողամասերը, առաջարկվում է սպորադիկ կարգով գրանցումը», — պատասխանեցին Պետական ռեգիստրի վարչության մամուլի ծառայությունից։

Հարկ է նշել, որ Վրաստանում հողամասերի պետական գրանցումը սկսվել է 2016 թվականին։ Այդ ժամանակ մունիցիպալիտետների քաղաքապետարանները, այդ թվում՝ Ախալքալաքի քաղաքապետարանը, ներգրավվել էին հողերի գրանցման գործընթացին։ Այնտեղ հավաստում էին փաստաթղթերի իսկությունը կամ հաստատում էին փաստաթղթեր չունեցողի գույքի իսկությունը։

2022 թվականի հունվարից սկսած մունիցիպալիտետները չեն մասնակցել բնակիչների գյուղատնտեսական հողամասերի օրինականացման և նույնականացման գործընթացին: 2025 թվականի սեպտեմբերի 1-ին Հանրային ռեգիստրը կրկին մունիցիպալիտետների քաղաքապետարաններին ներգրավեց գյուղատնտեսական հողերի անվճար գրանցման գործընթացին:

Քաղաքապետարաններին նորից ներգրավվել են գյուղատնտեսական հողերի զանգվածային գրանցման գործընթացին

Եթե դեռ չեք գրանցել ձեր հողը, ապա Ձեզ անհրաժեշտ է…

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝