Հասարակություննորություններ 19 Հունվարի, 2026 • «Ջան իմ Ջավախք» թիմը հայտարարում է ակադեմիայի հայտագրում

«Ջան իմ Ջավախք» նախաձեռնությունը հայտարարում է հայտագրում՝ Ջավախքի 13–25 տարեկան երիտասարդների համար։ Ակադեմիան ունի ընդունելության հատուկ չափանիշներ։ Դիմորդները նախ կանցնեն ընտրության փուլ, այնուհետև կսկսվի նրանց հետ աշխատանքը։

Ախալքալաքի ակտիվ երիտասարդները չեն դադարում հանդես գալ նոր նախաձեռնություններով՝ շարունակելով երիտասարդների կրթությունն ու զարգացումը գոյություն ունեցող հնարավորությունների սահմաններում։

Այդպիսի ակտիվ երիտասարդների կողմից էլ ձևավորվեց «Ջան իմ Ջավախք» նախաձեռնությունը՝ որպես գաղափարական հարթակ, որի հիմնական նպատակը երիտասարդներին միավորելն ու զարգացնելն է, նրանց տարբեր միջավայրերում նոր հնարավորություններ տալը, հորիզոններ բացահայտելը և միաժամանակ՝ մշակույթը պահպանելով, նպաստել Ջավախքի զարգացմանը։

Կազմակերպիչներից Քրիստինե Կարապետյանի խոսքով, ակադեմիան ունի ընդունելության հատուկ չափանիշներ․ դիմորդներն անցնում են ընտրության փուլ, որից հետո սկսվում է նպատակային աշխատանքը նրանց հետ։ Մասնակիցներին սովորեցվում են ինչպես փափուկ (soft), այնպես էլ կոշտ (hard) հմտություններ։

«Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան կապ պահպանել տարբեր ոլորտների լավագույն մասնագետների հետ՝ ստանալով մասնագիտական գիտելիքներ և խորհրդատվություն։ Նրանց մենք անվանում ենք մենթորներ։ Մենթորներ ունենք տարբեր երկրներից՝ Կանադայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից։ Կապն ու հաղորդակցումը իրականացվում է հայերենով։ Մենթորնեն աշխատում են մասնակիցների հետ մասնագիտական հմտությունների զարգացման, թվային գործիքների կիրառման, ինքնության կարևորության գիտակցման ուղղությամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ուղեկցում և ուղղորդում են մասնակիցներին», — ասում է Քրիստինե Կարապետյանը։

Թվային գործիքներին ծանոթանալուց հետո մասնակիցներին տրվում են առաջադրանքներ՝ ստացած գիտելիքներն ամրապնդելու նպատակով։ Ծրագրում ընդգրկված են նաև հուզական ինտելեկտի կառավարում, հոգեբանություն և մեդիագրագիտություն․ ոչ միայն ուսուցանվում են, այլև կիրառվում թիմային աշխատանքի մեջ։

«Ակադեմիայի ընդհանուր ծրագիրը տևելու է երկու ամիս։ Մասնակիցները բաժանվելու են երեք խմբի, որտեղ ավագ ընկերները կուղեկցեն և կօգնեն ուսուցման գործընթացում։ Պասիվ մասնակիցները ծրագրից դուրս կմնան, իսկ մինչև վերջ հասած մասնակիցները կստանան պատվոգրեր, ինչպես նաև հնարավորություն՝ հետագայում ներգրավվելու այլ ծրագրերում՝ հաշվի առնելով իրենց հմտությունները։Ծրագրի ավարտին նախատեսվում է ամփոփիչ միջոցառում՝ մեծ ձևաչափով»։

Հայտերն այժմ բաց են 13–25 տարեկան երիտասարդների համար։ Գրանցվելու համար կարող են այցելել jan.im.javakhk Instagram-ի էջը։

Այսօր «Ջան իմ Ջավախք»-ը կամավորական հիմունքներով իրականացնում է 8 հիմնական ծրագիր, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս ներգրավվել կրթական, կազմակերպչական և համայնքային գործընթացներում։ Կամավորները հնարավորություն ունեն՝ մասնակցել օֆլայն հանդիպումների, մշտապես տեղեկացված լինել նախաձեռնության նորություններին, ներգրավվել ռեսուրսների կառավարման և ծրագրերի իրականացման մեջ։

Հիշեցնենք, որ «Ջան իմ Ջավախք» նախաձեռնությունը ստեղծվել է 2023 թվականին՝ նպատակ ունենալով պահպանել, զորացնել և նոր սերունդներին փոխանցել Ջավախքի հայ մարդու ինքնությունը, պատմական հիշողությունը և համայնքային ուժը։

Նախաձեռնության շրջանակներում արդեն իրականացվել են՝ 13 մասնագիտական սեմինար՝ տարբեր բնակավայրերում և թեմատիկ ուղղություններով, 3 ճանաչողական արշավ դեպի պատմամշակութային վայրեր, 3 ազգային պարի հավաք՝ մշակութային արժեքների վերակենդանացման նպատակով, 2 խոշոր ֆորում՝ ավելի քան 100 մասնակցի ներգրավմամբ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝