նորություններ 18 Հունվարի, 2026 • Վրաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել ալկոհոլային խմիչքներ կեղծելու մեղադրանքով

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, Քվեմո Քարթլիի շրջանային դատախազության հետ համատեղ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են Վրաստանի երկու քաղաքացու։ Նրանք կասկածվում են նախնական համաձայնությամբ՝ խմբի կողմից մեծ քանակությամբ կեղծ ակցիզային դրոշմների պատրաստման և օգտագործման, ինչպես նաև մարդու կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող կեղծված ապրանքի արտադրության մեջ։ Այս մասին հայտնում է քննչական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ գործի շրջանակներում նախաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 200¹ հոդվածի 2-րդ մասով և 197-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք նախատեսում են 5-ից 7 տարվա ազատազրկում։

Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Ռուսթավի քաղաքի Մեսխիշվիլի փողոց №6 հասցեում գտնվող «Ալգանի անվտանգության ընկերության» գրասենյակում պատրաստել են տարբեր հայտնի ապրանքանիշների օղիներ, տպել կեղծ ակցիզային դրոշմներ և դրանցով պիտակավորել ալկոհոլային ըմպելիքները։ Կեղծված արտադրանքը իրացվել է Քվեմո Քարթլիի տարածքում գործող վաճառքի կետերում և սննդի օբյեկտներում։

Գրասենյակի, նրա հարակից կայանած մեքենայի և առևտրային օբյեկտների խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է՝ տարբեր ապրանքանիշերի (այդ թվում՝ „Stolichnaya“, „Nemiroff“, „Black Sea“, „Filandia“, „Talka“, „Koskenkorva Vodka“, „Parliament“ և „Gray Goose“) ընդհանուր 204 շիշ կեղծված ալկոհոլային ըմպելիք, 402 դատարկ շիշ՝ լցման համար, արտադրության համար անհրաժեշտ նյութեր, 1,053 կեղծ ակցիզային դրոշմ, ինչպես նաև համակարգչային տեխնիկա՝ կեղծ դրոշմների էլեկտրոնային ֆայլերով։

Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը շարունակաբար իրականացնում է քննչական գործողություններ՝ կեղծված ալկոհոլային ըմպելիքները առևտրային կետերից հայտնաբերելու և առգրավելու նպատակով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝