Ռուսաստանում մարտի 1-ից պարտավոր կլինեն ուղևորներին նախապես տեղեկացնել թռիչքի պայմանների, տոմսի փոփոխման, փոխադրումից հրաժարվելու և գումարի վերադարձի կարգի մասին, այդ թվում՝ հիվանդության կամ այլ հարկադիր հանգամանքների դեպքում, РИА Новости-ին պատմել է Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Յակուբովսկին: Գրում է News.am-ը։
«Մարտի 1-ից ուժի մեջ են մտնում Ռուսաստանի տրանսպորտի նախարարության թիվ 341 հրամանով հաստատված օդային փոխադրումների կանոնների փոփոխությունները։ Կանոններում առաջին անգամ մանրամասն ամրագրվում է փոխադրողի պարտականությունը՝ նախապես տեղեկացնել ուղևորին թռիչքի պայմանների, տոմսի փոփոխման, փոխադրումից հրաժարվելու և գումարի վերադարձի կարգի մասին, այդ թվում՝ հիվանդության կամ այլ հարկադիր հանգամանքների դեպքում»,- РИА Новости-ին ասել է Յակուբովսկին:
Ըստ նրա, փոփոխությունների առանձին բաժին վերաբերում է երեխաներ ունեցող ընտանիքներին. սահմանվում է մինչև 12 տարեկան երեխաներին և նրանց ուղեկցող ուղևորներին օդանավում հարևան տեղեր տրամադրելու պարտականությունը՝ առանց հավելավճարի և դրանց տրամադրման կարգի հստակ նկարագրությամբ:
«Վերացվում է իրավական անորոշությունը թռիչքից հարկադիր հրաժարվելու հարցում։ Ներդրվում է չվերթի ուշացման հստակ չափանիշ՝ տոմսում նշված ժամանակից ավելի քան 30 րոպե, որի դեպքում ուղևորը գումարի վերադարձի իրավունք ունի։ Միաժամանակ մանրամասն կանոնակարգված են փոխադրողի պարտականությունները՝ չվերթների ուշացման դեպքում ուղևորներին ջրով, սննդով և կացարանով ապահովելու վերաբերյալ»,- նշել է նա:
Պատգամավորը կարծում է, որ այս փոփոխություններն ուղղված են ուղևորների իրավունքներն ավելի հասկանալի ու կանխատեսելի դարձնելուն, իսկ ավիաընկերությունների պարտականությունները՝ հստակ ֆիքսելուն:
«Ընդհանուր առմամբ, փոփոխությունները գործնական և պաշտպանական բնույթ են կրում և ուղղված են ուղևորների ու ավիաընկերությունների միջև կոնֆլիկտային իրավիճակների նվազեցմանը՝ բոլորի համար հստակ և նույնական կանոնների հաշվին»,- եզրափակել է Յակուբովսկին:



