Վրաստանի կառավարությունը խորհրդային շրջանում տուժած կրոնական համայնքներին փոխհատուցում կտրամադրի։ Վրաստանում գործող Հայ առաքելական եկեղեցին այս տարի կստանա 1 միլիոն 100 հազար լարի փոխատուցում։
Վրաստանի կառավարության 2014 թվականի հունվարի 27-ի N117 որոշման 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Կրոնի հարցերով պետական գործակալությանը» հանձնարարվել է որոշում ընդունել խորհրդային տոտալիտար ռեժիմի ժամանակ Վրաստանում գործող կրոնական միավորումների կրած վնասի մասնակի փոխհատուցման նպատակով հատկացված գումարի բաշխման վերաբերյալ՝ նույն որոշման 1-ին հոդվածի 3-րդ կետով նախատեսված կրոնական համայնքների համար։
Կրոնական միավորումների հետ խորհրդակցությունների և փաստական հանգամանքների (հավատացյալների թվաքանակ, հոգևորականների քանակ, ինչպես նաև պաշտամունքային շենք-կառույցների թիվ) ուսումնասիրման հիման վրա գործակալությունը որոշում է ընդունել, որ «Վրաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով խորհրդային տոտալիտար ռեժիմի ժամանակ կրոնական միավորումների կրած վնասի մասնակի փոխհատուցման ապահովման համար նախատեսված 6 500 000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար) լարիից ընթացիկ տարում կրոնական համայնքներին բաշխվի հետևյալ չափերով․
- Վրաստանի իսլամական համայնք` 4 150 000 (չորս միլիոն հարյուր հիսուն հազար) լարի,
- Վրաստանի հայ առաքելական քրիստոնեական համայնք` 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) լարի,
- Վրաստանի հռոմեակաթոլիկ քրիստոնեական համայնք` 700 000 (յոթ հարյուր հազար) լարի,
- Վրաստանի հրեական համայնք` 550 000 (հինգ հարյուր հիսուն հազար) լարի։



