նորություններՔաղաքականություն 15 Հունվարի, 2026 • Ադրբեջանը Հայաստանին 4 պատանդ է վերադարձրել

Հունվարի 14-ին Ադրբեջանը ՀՀ-ին է փոխանցել պատանդներ` Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձը տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շրջանակում:

«Գործընթացն իրականացվել է որպես ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք», — նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ գերիները Հակարիի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների կողմից փոխանցվել են ՀՀ կառույցներին և այժմ տեղափոխվում են Երևան:

Մի քանի օր առաջ լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը, որի առողջական վիճակը խիստ վատթարացել էր գերության մեջ, կնոջն ուղղված նամակում խնդրել էր հետաձգել որդու հարսանիքը:

Դեկտեմբերի 22-ին Ադրբեջանում 15 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի բնակիչ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր: Նա հոսպիտալացվել էր: Խաչատրյանն առևանգվել էր, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար՝ Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում:

2020 թվականի նոյեմբերին՝ Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո, հայտնի էր դարձել, որ Բերձոր-Շուշի ճանապարհին գերեվարվել են «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը։ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։ 2021 թ. Ադրբեջանի դատարանը նրանց դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ մեղադրելով լրտեսության մեջ։

2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին:

 

Վերատպման կանոն