նորություններ 14 Հունվարի, 2026 • Երբ կբացվի Ախալքալաքի նոր, միակ մանկապարտեզը

Ախալքալաքի թիվ 5 դպրոցի (նախկին գիշերօթիկ դպրոց) տարածքում կառուցված և 2025 թվականի սեպտեմբերի 12-ին շահագործման հանձնված նոր մանկապարտեզը, կահույքի բացակայության պատճառով, դեռևս չի բացվել։ Այն պարտավորվել էր տրամադրեր Մունիցիպալ զարգացման հիմնադրամը (ՄԶՀ)։ Ախալքալաքի մանկապարտեզների միավորումը սպասում է կահույքին, որպեսզի բացվի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, Մունիցիպալ զարգացման հիմնադրամը, դեկտեմբերին, հայտարարել է նոր մանկապարտեզի համար կահույքի գնման մրցույթ, սակայն առաքման ժամկետը դեռևս հայտնի չէ։

«Ես հստակ չգիտեմ, թե երբ կբացվի մանկապարտեզը, աշխատակիցներին զգուշացրել եմ, որ դա, մոտավոր, կարող է լինել մինչև ապրիլ։ Եթե կահույքը հասնի մայիսին, մենք ժամանակավորապես կընդունենք գյուղական մանկապարտեզներ հաճախող երեխաներին, իսկ նոր երեխաներին կսկսենք ընդունել սեպտեմբերին։ Մունիցիպալ զարգացման հիմնադրամը տրամադրում է ոչ միայն կահույք, այլև սպասք, խաղալիքներ, գրենական պիտույքներ և կենցաղային պարագաներ», — ասաց Անահիտ Ասատուրյանը։

Նրա խոսքով, նոր մանկապարտեզում սկզբնական նախատեսվում է բացել երեք խումբ, քանի որ MDF-ը կահույք ապահովում է երեք խմբի համար։ Խմբերի թիվը հետագայում կավելանա, կլինի մինչև վեց խումբ։

Նշենք, որ մրցութային փաստաթղթերի համաձայն, նոր մանկապարտեզի շինարարությունը նախատեսվում էր ավարտել մինչև 2024 թվականի վերջը, սակայն ժամկետը բազմիցս հետաձգվել է։ Շենքը վերջնականապես շահագործման է հանձնվել 2025 թվականի սեպտեմբերի 12-ին, սակայն բացումը հետաձգվել է կահույքի մատակարարման ուշացման պատճառով, որը պետք է տրամադրվեր Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից։

Հիշեցնենք, որ մանկապարտեզի կառուցման նախնական արժեքը կազմել է 1,821,822 լարի: Շինարարական աշխատանքները մրցույթում 1,657,000 լարիով հաղթել է «IKB Build»-ը: Մանկապարտեզը մինչև 2026 թվականի վերջն երաշխիքի տակ է: Նոր, միահարկ, ստանդարտ շենքը նախատեսված է 75 երեխայի համար և ունի ավելի քան 960 քառակուսի մետր ընդհանուր մակերես:

Մինչ հաստատությունը սպասում է խոստացված կաքույքը, տասնյակ ծնողներ Ախալքալաքում շարունակում են բախվել մանկապարտեզների բացակայության խնդրին։ Մոտ երկու տարի առաջ քաղաքի երեք մանկապարտեզ փակվեցին վերանորոգման/շինարարության նպատակով, և արդեն երրորդ տարին անընդմեջ շատ երեխաներ հնարավորություն չունեն հաճախել նախադպրոցական հաստատություններ։

Ախալքալաքն առանց մանկապարտեզների. ինչու արդեն երկու ամիս է նոր մանկապարտեզը չի բացվում

Մանկապարտեզի նոր շենքը շահագործման է հանձնվել, սակայն հայտնի չէ, թե երբ կսկսի այն գործել

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝