Վրաստանի նախկին վարչապես Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարի ազատազրկման և լրացուցիչ 1 միլիոն լարի տուգանքի։ Վրաստանի դատախազության տեղեկացմամբ` դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ մեղքի համաձայնության վերաբերյալ։
«Վրաստանի դատախազությունը մեղադրյալ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ստորագրել է մեղքի համաձայնություն, որի համաձայն՝ նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարի ազատազրկման՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար։
Դրանից բացի, որպես լրացուցիչ պատիժ նշանակվել է 1 միլիոն լարի տուգանք։ Նրանից նաև հօգուտ պետության կբռնագրավվեն հանցավոր գործունեության հետևանքով գոյացած և նրա բնակարանի խուզարկության ժամանակ առգրավված դրամական միջոցները։
Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է կատարած հանցագործությունը և համաձայնել մեղադրանքի պայմաններին։ Դատարանն արդեն բավարարել է դատախազության միջնորդությունը մեղքի համաձայնության վերաբերյալ», — ասված է դատախազության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասի ենթակետով, որը նախատեսում է 9-ից 12 տարի ազատազրկում: Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածը վերաբերում է անօրինական եկամուտների օրինականացմանը։


