Հասարակություննորություններ 13 Հունվարի, 2026 • ՀԱԵ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը դեմ է պառակտմանը

Հայաստանում շարունակվում է հակամարտությունը, որն ազդում է եկեղեցական և աշխարհիկ իշխանությունների միջև հարաբերությունների վրա և հանգեցնում է եկեղեցու և հասարակության միջև պառակտմանը: Հայ Առաքելական Եկեղեցու ներսում քննարկումներ են ընթանում այն մասին, թե ով պետք է առաջնորդի եկեղեցին և ինչպես: Այս վեճն ազդում է նաև Վրաստանի հայ համայնքի վրա: Վերջերս Հայ Առաքելական Եկեղեցու Վրաստանի թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հոգևորականները հայտարարություններ են արել այս հարցի առնչությամբ:

Ջավախքի հայ հոգևորականությունը միասնություն և հավատարմություն է հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ դատապարտելով ցանկացած գործողություն, որը կարող է պառակտել Եկեղեցին: Հոգևորականներն ընդգծել են, որ միայն միասնության միջոցով կարող է պահպանվել հայ ժողովրդի հոգևոր և ազգային ինքնությունը, ինչպես նրանք նշել են իրենց Ֆեյսբուքյան էջերում: Նրանց հայտարարությունները մեջբերում ենք ստորև:

Նինոծմինդա

«Ես` Տեր Արմաշ քահանա Պողոսյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։

«Ես` Տեր Գևորգ քահանա Ասատրյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։

Ծալկա

«Ես՝ Տեր Ղևոնդ քահանա Թազայանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Վեհափառ Հայրապետին»։

Ախալքալաք

«Ես` Տեր Նարեկ քահանա Տիգրանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։

Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։

«Ես` Տեր Թադեոս քհն. Տեր-Մկրտչյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետ՝ Գարեգին Բ կաթողիկոսին: Աղոթքս է, որ բոլորը համախմբվեն Մայր Աթոռի շուրջ»:

«Ես Տեր Դավիթ քահանա Կյուրեղյանս երբեք չեմ ուրանա իմ ուխտը առ Աստված, որպես Օծյալ Քանանա և հավատարմությունս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ազգիս ընտրյալ Հայրապետիս։ Սիրելի եղբայրներ ի Քրիստոս Հիսուս մեր միասնությամբ է, որ կպահպաննենք Հայ ժողովրդիս հազարամյակների պատմությունը, ոչ թե [Հայաստանի պատմությամբ] կոչնչացնենք։ Կպահպանենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյակների պատմությունը, ոչ թե [ Հայաստանի Առաքելական եկեղեցու պատմությունը]։ Խոհեմ լինենք մեր կարգի մեջ, իմաստուն և հեռատես մեր ծառայությամբ»։

Ախալցիխե

«Ես`Տեր Թորգոմ քահանա Վարդանյանս իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին։

Դեմ եմ և դատապարտում եմ Եկեղեցին և մեր հավատավոր ժողովրդին պառակտող այս կործանարար գործընթացը»։

Թբիլիսի

«Մենք՝ Վիրահայոց պատմական թեմի պաշտոնատար աշխատակիցներս, անհանգստությամբ հետևում ենք մեր հավատի ու ազգային ինքնության հենասյուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ծավալված մտահոգիչ իրադարձություններին:

Փորձություններով լի այս օրերին մենք՝ անսասան մեր հավատի մեջ, հաստատում ենք մեր հավատարմությունը և աջակցությունը աստվածահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրա Գահակալին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Վեահափառ Հայրապետին, ինչպես նաև մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր Սրբություն Սրբոցի պաշտպանության դիրքերում են»:

1. Սուսաննա Խաչատրյան

2. Կարեն Երիցյան

3. Գիսանե Հովսեփյան

4. Եվգենյա Մարկոսյան

5. Սուրեն Աբրամյան

6. Էմիլ Սարգսյան

7. Գոհար Մազմանյան

8. Մարգարիտա Կիրակոսյան

9. Միքայել Ավագյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական եկեղեցու եկեղեցական ղեկավարության միջև հակամարտությունն ակտիվորեն քննարկվում է անցյալ տարվա մայիսից։ Փաշինյանը պարբերաբար բարձրացրել է կաթողիկոսին գահից հեռացնելու հարցը։ Սկզբում վարչապետը հայտարարել էր, որ Գարեգին II-ն իրավասու չէ եկեղեցին ղեկավարելու, քանի որ խախտել է կուսակրոնության իր ուխտը և դուստր ունի։ Այնուհետև նա մեկ այլ մեղադրանք է առաջադրել։ Փաշինյանը պնդել է, որ պատրիարքը կապեր ունի օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ։ Վարչապետը նույն մեղադրանքը ներկայացրել է նաև Գարեգին II-ի եղբոր՝ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի դեմ, որը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է։ Նախկինում նա արքեպիսկոպոսներից մեկին մեղադրել էր իր  քեռակնոջ հետ սիրավեպ ունենալու մեջ, և մեղադրանքները հրապարակվել էին այնպես, որ ցնցել էին հայ հասարակությանը։

Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Խորհուրդը մեղադրանքները որակել է որպես փորձ «լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը»: Եկեղեցու օրենքներն ու կանոնադրությունները չեն տարածվում աշխարհիկ իշխանության վրա, հիշեցրել է հոգևոր խորհուրդը: Կաթողիկոսին աջակցել են առաջին և երրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանն, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունները:

Վերջերս Նիկոլ Փաշինյանը և 10 եպիսկոպոսներ հայտարարել են եկեղեցական բարեփոխումների գործընթացի մեկնարկի և այն համակարգելու նպատակով խորհրդի ձևավորման մասին: Նրանք վարչապետի նստավայրում ստորագրել են հայտարարություն, որում ուրվագծվում էր հետագա գործողությունների ծրագիրը: Վերջնական նպատակը Գարեգին Բ-ի գահից հեռացումն է և Ամենայն հայոց նոր կաթողիկոսի ընտրությունը:

Մայր Աթոռի գրասենյակը նույնպես հայտարարություն է տարածել․

«Եկեղեցու ներքին կյանքի կանոնակարգման և բարենորոգման պատրվակով Հայաստանի կառավարության ղեկավարի ձեռնարկած գործողությունները՝

  • ուղղակի ոտնահարում են ՀՀ Սահմանադրությունը,
  • խախտում թե՛ միջազգայնորեն, թե՛ Հայաստանի օրենսդրությամբ ամրագրված Եկեղեցու իրավունքները։

Նման հակաեկեղեցական գործընթացների մեջ եպիսկոպոսների ներգրավումը, քահանայից դասի նկատմամբ կիրառվող ճնշումները դատապարտելի են։ Եկեղեցու կյանքին առնչվող խնդիրների քննարկումները կատարվում են բացառապես եկեղեցական համապատասխան մարմիններում, կանոնական կարգավորումների համաձայն», — ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝