Երեկ՝ հունվարի 12-ից, Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական մանկապարտեզները վերսկսեցին իրենց աշխատանքը: Սննդամթերքի մատակարարման բոլոր մրցույթներն արդեն կայացել են: Մունիցիպալիտետը մանկապարտեզներին սնունդով ապահովելու համար հատկացրել է 1 019 925 լարի:
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղական մանկապարտեզները հունվարի 12-ին վերաբացվեցին: Ախալքալաքում ներկայումս բացակայում են գործող մանկապարտեզներ. մոտ երկու տարի առաջ խոշոր վերանորոգման աշխատանքների պատճառով քաղաքի բոլոր երեք մանկապարտեզը փակվեցին: Իսկ անցյալ տարի կառուցված նոր մանկապարտեզը դեռևս չի բացվել: Jnews-ը այս մասին ավելի մանրամասն կանդրադառնա իր հաջորդ հոդվածում: Այդ պատճառով Ախալքալաքի նախադպրոցական տարիքի երեխաները, որոնց ծնողները աշխատում են, բայց ոչ բոլորը, հաճախում են գյուղական մանկապարտեզներ: Երեխաների և մանկավարժների տրանսպորտավորումը ապահովում է տեղական բյուջեն:
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, երեխաների սննդի հետ կապված բոլոր հարցերն արդեն լուծված են։
Սննդամթերք գնելու համար մունիցիպալիտետը հայտարարել էր յոթ առանձին մրցույթ՝ ընդհանուր 1 019 925 լարի արժողությամբ։ Մատակարարներն ընտրվել են մրցութային գործընթացով։ Ինչպես նախորդ տարիներին, հաղթելով յոթ մրցույթներից վեցում, «Կումի» ընկերությունը հանդես է եկել որպես հիմնական մատակարար։ Մեկ մրցույթը՝ հատիկավորների, հացահատիկների և բանջարեղենի գնման համար, հաղթել է անհատ ձեռնարկատեր Թինաթին Գորգոձեն։
Համեմատության համար, անցյալ տարի տեղական բյուջեն մանկապարտեզները սննդամթերքով ապահովելու համար հատկացրել էր 639 094 լարի։
Անահիտ Ասատուրյանի խոսքով, սննդի գնումները կատարվել են Ախալքալաքի նոր մանկապարտեզի հաշվով, որը դեռևս չի բացվել, Ախալքալաքի № 1 և № 2 մանկապարտեզների հաշվով, ինչպես նաև Կորխ գյուղի կառուցվող մանկապարտեզի հաշվով։
2022 թվականից ի վեր «Կումին» մասնակցում է Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզների միավորման կողմից անցկացվող սննդամթերքի մատակարարման մրցույթներին և շահել է դրանց բոլորը կամ մեծ մասը։ Ընդ որում, 2019-ից 2026 թվականը, տեղական ընկերություններն ու անհատ ձեռնարկատերերը Ախալքալաքի մանկապարտեզների համար սննդամթերքի գնման մրցույթներին չեն մասնակցել։
Այսօրվա դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 11 գյուղական մանկապարտեզ, որոնցից 9-ում սնունդ են տրամադրում, իսկ 2-ը՝ այլընտրանքային են, որոնք աշխատում են կես օր՝ առանց սննդի։



