Այսօրվանից՝ հունվարի 12-ից, Վրաստանի Արդարադատության նախարարության Պետական ծառայությունների զարգացման գործակալությունը սկսել է նոր, թարմացված ձևավորմամբ էլեկտրոնային նույնականացման քարտերի տրամադրումը։
Գործակալության հաղորդմամբ՝ դրանց անվտանգությունն ավելի բարելավված է ժամանակակից հատկանիշներով և լիովին համապատասխանում է միջազգային նորագույն չափանիշներին, իսկ ձևավորումը հարստացված է ազգային խորհրդանիշներով։
Հատկանշական է, որ նույնականացման քարտերի արժեքը մնում է նույնը, և ժամանակավոր քարտերի տերերը պարտավոր չեն դրանք փոխարինել նորերով։
«Թարմացված էլեկտրոնային նույնականացման քարտը պարունակում է տիրոջ մատնահետքերը, նաև` QR կոդ, որը սկանավորելիս տրամադրում է լրացուցիչ տեղեկություններ՝ փաստաթղթի համարը և կարգավիճակը, անձի գրանցման հասցեն, նաև փաստաթղթի տիրոջ խնդրանքով՝ ուսանողի կամ հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակը։ Հետաքրքրված անձինք կարող են դիմել նոր քարտ ստանալու համար Պետական ծառայությունների զարգացման գործակալության տարածքային գրասենյակներում, Արդարադատության տան մասնաճյուղերում և արդարադատության շարժական տներում, նաև հեռակա կարգով՝ Պետական ծառայությունների զարգացման գործակալության կայքի միջոցով», — ասված է գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։



