նորություններ 1 Փետրվարի, 2026 • Աղանդ և յոգա․ Որքանո՞վ են համատեղելի քրիստոնեության հետ

Մեզանում Յոգան տարածված է որպես առողջ ապրելակերպի մաս՝ դուրս գալով պարզապես մարզվելու շրջանակներից։ Սակայն արդյո՞ք այն ժամանակակից մոդայի դրսևորում է, թե ունի նաև գաղափարական ու հոգևոր հիմքեր։ Հանրության շրջանում շարունակվում են քննարկումները՝ յոգան հակաքրիստոնեական է, կարելի է այն համարել աղանդ, և որքանո՞վ է համատեղելի քրիստոնեության հետ։

Jnews-ն այս և այլ թեմաները քննարկել է «Դիալոգ» Կրոնի և Հանրային Կապերի ուսումնավերլուծական կենտրոնի տնօրեն Ալմաստ Մուրադյանի հետ հարցազրույցում, որն ընդգրկուն և մանրամասն անդրադարձ է այս խնդիրներին։

Ինչի՞ց է ստեղծվել աղանդավորական կազմակերպությունները, ո՞րն է նրանց գործունեությունը։

— Ես ուսումնասիրել եմ աղանդը և այցելել շատ տարբեր աղանդներ, որոնք նոր էին բացվում այն ժամանակ Հայաստանում։ Հասկանանք պատմական ֆոնն ու հանգամանքները։ 90-ականներին եկեղեցին շատ թույլ վիճակում էր, և Ամերիկայից բազմաթիվ կրոնական կազմակերպություններ եկան և բազմակի քարոզչություններ էին անում։ Ես համարում եմ, որ դա նորմալ էր. մարդը 90-ականների պատերազմի շրջանում կարող էր հայտնվել որևէ աղանդում։

Երբ 90-ականներին բացվում էին այդ կառույցները, հիմնականում Աստծո խոսքն էին քարոզում, որն այն ժամանակ չկար՝ ոչ Հայաստանում, ոչ նախկին Խորհրդային մի շարք պետություններում։ Այդ պատճառով մարդկանց մոտ կար ծարավ՝ լսելու Աստծո մասին, կարդալ Աստվածաշունչը, գնալ քարոզների, ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր նույնպես հավատում էին։ Այդ պատճառով էլ ես նրանց, ովքեր հայտնվել են աղանդներում 90-ականներին, համարում եմ նորմալ ու գիտակից մարդիկ։ Նրանք պարզապես փնտրում էին հոգևոր կայունություն խառը ժամանակաշրջանում։

Այն մարդիկ, ովքեր իրոք Աստծուն էին փնտրում, մեծ մասը արդեն վաղուց դուրս են եկել աղանդից. երբ եկեղեցին սկսեց հաստատվել և սկսել քարոզչություն անել, մարդիկ աղանդներից դուրս եկան և վերադարձան եկեղեցի։

Այսօր էլ բազմաթիվ նոր աղանդավորական կազմակերպություններ են գրանցվում և գործում։ 

— Ներկայիս աղանդների կառուցվածքն ու ներգրավման մեթոդները շատ խիստ տարբերվում են 90-ականների աղանդներից, որովհետև այն ժամանակվա քարոզիչները գոնե անկեղծ հավատում էին, որ Աստծո խոսքն են քարոզում։ Հիմիկվա կառուցվածքը շատ տարբեր է, քարոզչական մեթոդներն ու նպատակներն էլ են շատ տարբեր։ Այդ պատճառով այն մարդիկ, ովքեր այսօր են հայտնվում աղանդում, երբ հայ եկեղեցին ակտիվ քարոզչություն է անում, ինձ համար դա ավելի շատ ընտրության հարց է՝ սեփական կապրիզների ու ընկալումների պատճառով եկեղեցին մերժելն ու աղանդ գնալը։

— Ինչո՞վ է պայմանավորված այսքան շատ աղանդավորական կազմակերպությունների գոյությունը, ինչքանով են գրավիչ աղանդները։

— Եթե համեմատենք աղանդն ավանդական եկեղեցիների հետ՝ ծեսերով, պատմությամբ, գեղեցկությամբ և յուրահատկությամբ, ապա ավանդական եկեղեցիները շատ ավելի գրավիչ են։

Եթե այցելեք աղանդ, կտեսնեք, որ այնտեղ գրավիչ բան չկա։ Նրանք վարձակալում են խորհրդային ժամանակներից մնացած, պահանջարկ չունեցող հին կառույցներ, խոսում են շատ պարզ և սկզբունքորեն սխալ քարոզներ՝ անգամ լեզվական և ասածաբանական լուրջ սխալներով։ Քարոզիչները սովորաբար մարդիկ են, ովքեր չունեն բարձրագույն կամ մասնագիտական կրթություն և զբաղվում են հասարակ սոցիալական աշխատանքով։ Այս պատճառով նրանք չեն կարող բարձր մակարդակի լուրջ, մտավոր շաղկապված կամ լեզվականորեն հստակ քարոզներ անել։

Երաժշտական խմբերը նույնպես չունեն մասնագիտական կրթություն, և երգերը հաճախ պրիմիտիվ տոնայնությամբ են ու ցածր երաժշտական ճաշակով։ Այս մոտեցումը սխալ է՝ կարծելու, որ աղանդը գրավիչ է գեղեցիկությամբ կամ արվեստով։

— Ի՞նչ պատճառներով կարող է մարդ հաճախել աղանդավորական կազմակերպություն։

— Աղանդավոր ընտանիքում ծնվելը կարող է լինել պատճառներից մեկը։ Շատ դեպքերում աղանդում հայտնվում են մարդիկ, ովքեր ունեն հոգեբանական կամ սոցիալական խնդիրներ։ Առաջին խումբը, որը պատրաստ է լսել նրանց և աջակցություն ցուցաբերել, դառնում է աղանդավորը։ Աղանդում կարող են հայտնվել տարբեր պատճառներով, և գրավչությունը հաճախ կապ չունի իրական պատճառների հետ։

Հոգեբանական ծառայություն կարող է մատուցել միայն մասնագիտացված հոգեբանը, բայց աղանդը ստեղծում է հոգեբանական ու սոցիալական կոմֆորտ, որտեղ մարդը կարող է իրեն լավ զգալ։ Իրականում մարդը, ով ունի հոգեբանական խնդիր, աղանդում լուծում չի գտնի, իսկ առհասարակ աղանդը հաճախ հենց խնդիրներ է ստեղծում։

— Հնարավոր է մարդն ավանդական եկեղեցում չի գտնում հարցի պատասխանը և ինքնաբերաբար իր հարցի պատասխանը գտնում է աղանդում։

— Աղանդում հարցեր չեն լինում։ Այն ունի դոգմատիկ կառուցվածք, և տարբերվում է ավանդական եկեղեցուց նրանով, որ երբեք հարցեր չի առաջացնում։ Բոլոր հարցերին տրվում են ավտոմատ պատասխաններ, որոնք հիմնված են առաջնորդի կարծիքի վրա։ Եթե հարցեր են լինում, դրանց տրվում են հստակ պատասխաններ։ Մարդկանց պարուրում են պատասխաններով, որոնք հեշտ ընկալելի են, և հաճախ ուրիշի փոխարեն որոշումներ կայացնելով ստիպում են նրանց ապրել այդ կանոններով։

— Աղանդավորական կազմակերպությունների անդամները բավականին բարեկեցիկ կյանքով են ապրում, նաև դաստիարակված են, այս հանգամանքը թույլ է տալիս կարծել, որ ճշմարիտ ճանապարհով են շարժվում։

— Աղանդն ինքնին չի կարող ճշմարտություն պարունակել։ Կարող է թվացյալ արտաքին պարկեշտություն ունենալ, օրինակ՝ հետևել որոշ բարոյական օրենքների՝ չծխել, չխմել, միմյանց հետ շնորքով խոսել, բայց սա չի դաստիարակում մարդուն խորքային իմաստով, որովհետև այդ դաստիարակությունը նմանակում է՝ «մենք մեր խմբում այսպես ենք անում»:

Իրական դաստիարակությունը կայանում է նրանում, որ մարդը դրսևորում է այդ հատկանիշները ոչ միայն այն խմբում, որտեղ կան հստակ կանոններ, այլև բոլոր տեղերում՝ անկախ նրանից՝ իրեն տեսնում է որևէ մեկը, թե ոչ։ Սա է աղանդի տարբերությունը։

Շատ հաճախ ես տեսել եմ, որ մարդիկ աղանդի ներսում շատ մտերիմ, բարեհամբյուր, հանդուրժող և սիրալիր են խոսում, բայց նույն մարդը խմբից դուրս, որտեղ ոչ ոք չի տեսնում և վերահսկում, դառնում է հայհոյող, ագրեսիվ, վայրենի և անհանդուրժող մյուսների հանդեպ։

Բարոյախրատական նմանությունները հաճախ ստեղծում են տպավորություն, թե բոլոր կրոնները իրար նման են։

Նույն բարոյախրատական նմանությունները կարելի է գտնել կոմունիզմի և քրիստոնեության մեջ. կոմունիզմն ունի լուրջ բարոյախրատական լոզունգներ, բայց այդ լոզունգները չեն ծառայում մարդու փրկության նպատակին։

— Ի՞նչ է իրենից ներկայացնում Յոգան աղանդ թե՞ ուսմունք։

— Յոգան միանշանակ ուսմունք է, և դրա դեմ որևէ քննարկում հնարավոր չէ։

Յուրաքանչյուր կրոն կամ ուսմունք ունի իր շարժումները, ժեստերը, մարմնի դիրքերը։ Օրինակ՝ քրիստոնեության մեջ աղոթքի ժամանակ խաչակնքում ենք, ծնկում ենք և գլուխը խոնարհում։ Յոգայում նույնպես մարմնի շարժումները ուղղակիորեն կապված են հավատքի և ուսմունքի հետ։ Այսինքն, բոլոր շարժումները գալիս են նրանից, թե ինչին ենք մենք հավատում։

Յոգան, ի տարբերություն աղանդի, իր ամբողջ ուսմունքով և դավանաբանությամբ հակառակ է քրիստոնեությանը։ Կարճ ասեմ ինչու է յոգան  հակաքրիստոնեական։

Յոգայի հիմքում ընկած ամբողջ ուսմունքը պանթեիզմ է՝ մոնոիստական պանթեիզմ. դա նշանակում է, որ ընդունում են, թե ամեն ինչ Աստված է, և ամեն ինչ մեր շրջապատում նույնպես Աստված է։ Քրիստոնեության մեջ դա այդպես չէ. այստեղ Աստված անձնավորված է՝ Սուրբ Երրորդություն, և քրիստոնեական աշխարհայացքի մեջ կան երևույթներ, որոնք հակաաստվածային են յոգայի հետ համեմատած։

Ինչո՞ւ քրիստոնյային չի կարելի զբաղվել յոգայով. որովհետև նա կսկսի ապրել աշխարհում, որտեղ ամեն ինչ Աստված է, ուրեմն չարիք չկա, և նա ծառայում է միայն բարուն։ Ուրեմն իր հոգևոր սահմանները բաց են, և այդտեղ ազատ կարող է մտնել չարը։

Մարդը, ով ցանկանում է խորանալ քրիստոնեության մեջ, պետք է հետևի Քրիստոսի ուղղուն, ընդունի իր կյանքի առաքելությունը և իրեն խորհուրդ չի տրվում զբաղվել յոգայով։

— Շատերն այսօր ազատորեն համատեղում են յոգան և քրիստոնեությունը միասին։

— Ամբողջ խաբկանքը, որ յոգան և քրիստոնեությունը համատեղելի են, գալիս է այն գաղափարից, թե «Աստված մեկ է»։ Բայց դա այդպես չէ։ Յոգայի հիմքում ընկած ուսմունքի մեջ ամեն ինչ Աստված է, այդ թվում՝ մարդը։ Այդ պատճառով մարդը հասնում է մեդիտացիայի այն կետին, երբ խաղաղություն է գտնում, կարծես արդեն հասել է աստվածության մակարդակին և կենտրոնանում է իր Աստվածության վրա։

Քրիստոնեության մեջ Աստված անձնավորված է։ Երբ մենք խոսում ենք Աստծո հետ, մենք խոսում ենք անձի հետ, ոչ թե մեր ինքնության հետ։ Մենակ քրիստոնեության մեջ Աստված մարդացավ և մեզ ցույց տվեց, թե մարդու տեսակն ինչպիսի՞ն կարող է լինել և ի՞նչ ճանապարհով կարող ենք քայլել։ Այդ ճանապարհը պարունակում է փորձություններ և դժվարություններ։ Այն տարբեր է յոգայից, որտեղ կա նիրվանա՝ վերջնական խաղաղության կետ, մինչդեռ քրիստոնեական ճանապարհը խաղաղության հասնելը և փրկությունը տեսնում է այլ սկզբունքներով։

— Ինչու՞ է այսօր յոգան տարածված։

— Քանի որ տալիս է բոլոր այն պատասխանները, որոնք այսօր մարդն է փնտրում՝ ինչպես հաջողության հասնել, ինչպես ձեռք բերել խաղաղություն։ Եկեղեցին չի հետևում պոպուլիզմին։

Շատ յոգայի խմբակներ բացվում են նաև այն պատճառով, որ շատ յոգաիստներ վերապատրաստվում են և պետք է աշխատեն։ Ցավոք, մարզասրահներում բացվում են տարբեր անվանումներով յոգայի խմբակներ, օրինակ՝ «անտիգրավիտի յոգա»։ Կան անգամ անհավանական երևույթներ, ինչպիսիք են «մանկական յոգա»-ն, որը երեխաներին նման ձգումներով զբաղեցնելն ընդհանրապես չի թույլատրվում։ Դասական իմաստով մանկական յոգա գոյություն չի ունեցել. դրանով զբաղվում են միայն մեծահասակ մտավորականներ, ովքեր չակերտավոր «հոգևոր կյանքով» են ապրում։

— Հիմնականում յոգան ներկայացնում են որպես մարմնավարժություն, քան ուսմունք։

— Եթե համեմատենք յոգան մյուս սպորտաձևերի հետ, կտեսնենք, որ մնացած սպորտաձևերը լուրջ պատրաստություն են պահանջում։ Օրինակ՝ դուք չեք կարող ֆիթնես պարապել, եթե չունեք նախնական որոշակի պատրաստվածություն, չգիտեք անատոմիան, կենսաբանությունը, եթե անձամբ փորձառություն չեք ունեցել և չունեք մասնագիտական կրթություն։ Այսինքն՝ պետք է ավարտել ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ Սովորական մարդը չի կարող ինքնուրույն մարզիչ աշխատել կամ նույնիսկ գիմնաստիկա կամ մեկ այլ սպորտաձև դասավանդել։

Յոգան, հակառակ դրան, որևէ մասնագիտական պատրաստվածություն չի պահանջում։ Յուրաքանչյուր մարդ, անկախ մասնագիտությունից, կարող է մասնակցել յոգայի երեք կամ վեց ամսյա կուրսերի, հայտարարել իրեն յոգայի մարզիչ, բացել խմբակ, հավաքել հետևորդներ և գումար աշխատել։

Դրանով յոգան մի կողմից հեշտացնում է աշխատանքը և խմբակ բացելը, բայց մյուս կողմից մեծ վտանգ է ստեղծում ֆիզիկական գործունեության համար։ Նույնիսկ ֆիզիկական խնդիրներ չունեցող անձը կարող է վնաս հասցնել առողջությանը, քանի որ ոչ մասնագետի ղեկավարմամբ ձգումները կարող են վնասել՝ թե ողնաշարին, թե մկաններին, և վնասել մարդու ընդհանուր առողջական վիճակը։

Ոչ մի դասական սպորտի ներկայացուցիչ յոգան չի համարում սպորտաձև և չի ընդունում, որ այն իր մեջ ներառում է մարմնի վերաձևավորման կամ առողջացման համակարգ։ Ինչպիսի մարքետինգային հնարքներ էլ օգտագործենք, յոգան ամբողջությամբ կապված է հոգևոր իմաստության և տեսլականների, հոգևոր ուղերձների հետ։ Այսինքն՝ յոգան չի կարելի դիտարկել որպես սպորտաձև, և անհնար է ենթադրել, որ եթե մարդ գնում է յոգայի, նա զբաղվում է սպորտով կամ առողջ ապրելակերպով։

— Հնարավո՞ր է յոգայի հաճախելով հիվանդություն բուժել։

— Բացի նրանից, որ յոգան չի բուժում հիվանդությունները, ամերիկյան և եվրոպական բժշկական հաստատությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, և վերջին 25–30 տարիներին ահազանգում են, որ յոգան կարող է վնաս հասցնել մարդու առողջությանը։ Անպատրաստ մարդը չի կարող զբաղվել յոգայով։

Մի կարևոր դիտարկում. յոգայի հիմնական բաղադրիչը շնչառությունն է։ Յոգայով պետք է զբաղվել միայն մաքուր օդի պայմաններում՝ օրինակ՝ սարի գլխին, անտառներում կամ այնպիսի վայրերում, որտեղ օդի մաքրությունը բարձր մակարդակի վրա է։

Յոգայով զբաղվել փակ տարածքներում, փակ մարզասրահներում, որտեղ հավաքված է 10–15 մարդ և շնչում են մեկի արտաշնչած օդը, ընդհանրապես չի համապատասխանում յոգային։ Դա կարող է վնաս հասցնել մարդու թոքերին, մարմնի առողջությանը և մտավոր ունակություններին։

— Կարելի՞ է համարել որ յոգան մարքեթինգի գործիք է։

— Մենք գիտենք, որ յուրաքանչյուր պետություն ունի կոշտ և փափուկ քաղաքականության գործիքներ։ Հնդկաստանի փափուկ քաղաքականության գործիքներից մեկը յոգայի մշակույթն է, որը ներառում է վարժությունները առողջ ապրելակերպի, սնունդը՝ առողջ սննդակարգի, իսկ հոգևոր և սոցիալական հաղորդակցությունը՝ առողջ հոգևոր մշակույթի գործիքների։

Յոգան, որպես փափուկ ուժի գործիք, աշխարհով տարածելու և Հնդկաստանը գրավիչ դարձնելու նպատակով լայն քաղաքական ռազմավարություն է իրականացվում։ Հնդկաստանում նույնիսկ կա հատուկ յոգայի նախարարություն, որն իր տարեկան ռազմավարության մեջ ներառում է հազարավոր հյուրերի ընդունում տարբեր երկրներից և նրանց վերապատրաստում որպես յոգայի ուսուցիչներ։ Մարդիկ կարող են մասնակցել 3–6 ամսյա ծրագրերին, ստանալ սերտիֆիկատ և վերադառնալ իրենց երկրներ՝ հիմնադրելու յոգայի խմբակներ։

Եթե ուշադիր նայենք այն մարդկանց, ովքեր գնում են յոգայի, պարզ է, որ նրանք գնում են ոչ միայն վարժությունների համար. առողջ ապրելակերպի շուկան արդեն վաղուց փոխվել է։ Յոգայի միջոցով ստեղծվում է ամբողջ մարքեթինգային համակարգ, որը ներառում է առողջարար սնունդ, թեյեր և ըմպելիքներ, մարզահագուստ, յոգայի համար նախատեսված անուշահոտություններ, հատուկ քաղցրավենիք և հոգևոր մշակույթի պարագաներ, որոնք յոգայի ուսուցիչները նաև վաճառում են։ Երբ մարդ գնում է յոգայի, նա ձեռք է բերում ամբողջ խնամքի, սննդի և հագուստի պարագաներ, որոնց վրա ծախսում է զգալի գումար։

Այս կերպ Հնդկաստանի յոգայի շուկան զարգանում է՝ ներառելով նաև համեմունքներ և այլ պարագաներ։ Օրինակ՝ կան մարզագորգեր, որոնք իրարից ոչինչով չեն տարբերվում, բայց յոգայի լոգոյի տեղադրումը դրանց վրա կարող է վաճառքն արագացնել։ Սա է յոգայի մարքեթինգային գրավչությունը։

Ալմաստ Մուրադյանի ամփոփմամբ յոգան և աղանդը բավականին լուրջ են. երկուսն էլ պետք է դիտարկել զգուշությամբ, հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել քրիստոնեական հավատքն ու հոգևոր կայունությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝