Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, որ Վրաստանից դուրս վեց ամսից ավելի գտնվող քաղաքացիները չեն կարողանա օգտվել համընդհանուր առողջապահական ծրագրի ծառայություններից, չի համապատասխանում իրականությանը և ներկայացնում է հանրությանը մոլորեցնելու միտումնավոր փորձ։ Այս մասին կարդում ենք Օկուպացված տարածքներից ներքին տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։
Ինչպես բացատրում է նախարարությունը, փոփոխությունը վերաբերում է միայն ամբուլատոր հաստատությունների ֆինանսավորմանը։
«Հանրության տեղեկության համար ցանկանում ենք պարզաբանել. Վրաստանի բոլոր քաղաքացիները, ովքեր բժշկական ծառայություններ են ստացել համընդհանուր առողջապահական ծրագրի շրջանակներում, կշարունակեն օգտվել ծրագրից առանց որևէ փոփոխության: Բժշկական ծառայությունները չեն սահմանափակվում նաև արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար։
Փոփոխությունը վերաբերում է միայն ամբուլատոր հաստատությունների ֆինանսավորմանը: Պետությունը ֆիքսված վճար է վճարել կլինիկային նույնիսկ այն ժամանակ, երբ Վրաստանի քաղաքացին երկրում չի գտնվել և, համապատասխանաբար, բժշկական ծառայություններ չի ստացել: Մենք ընդգծում ենք, որ առողջապահության նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 31-ի հրամանի համաձայն՝ փոփոխությունը վերաբերում է միայն ամբուլատոր ծառայությունների ոլորտում բժշկական հաստատությունների ֆինանսավորման այսպես կոչված կապիտացիայի մեխանիզմին և չի տարածվում համընդհանուր առողջապահության որևէ այլ բաղադրիչի վրա, ներառյալ շտապ ամբուլատոր և ստացիոնար ծառայությունները։
Կարևոր է, որ Վրաստան վերադառնալուց հետո քաղաքացին կարողանա առանց որևէ սահմանափակման գրանցվել ամբուլատոր հաստատությունում և ստանալ ծրագրով նախատեսված ամբողջական ծառայությունները։
Այս որոշումը ծառայում է համընդհանուր առողջապահական ծրագրի ամրապնդմանը, ավելորդ ծախսերի կանխարգելմանը և շահառուների շահերի պաշտպանությանը», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։



