Վրաց Ուղղափառ եկեղեցին հունվարի 7-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Այդ առիթով ուղղափառ եկեղեցիներում կատարվում են հանդիսավոր աստվածապաշտական ծառայություններ։
Վրաստանի պատրիարքարանը հրապարակել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի ուղերձը Սուրբ Ծննդյան կապակցությամբ.
«Տիրոջ ողորմությամբ կրկին եկավ ամենախորհրդավոր ժամանակը՝ Հիսուս Քրիստոսի այս աշխարհ գալու ժամը։ Սա ամենամեծ նորությունն է աշխարհի արարումից մինչ օրս տեղի ունեցած և ապագայում տեղի ունենալիք հրաշքների մեջ, քանզի ոչինչ չի կարող համեմատվել այս կյանքում անսկիզբ Աստծո մարմնավոր ծննդյան հրաշքի հետ»։
Նշենք, Թբիլիսիում Սուրբ Ծննդյան կապակցությամբ ընթանալու է ավանդական «Ալիլո» երթը, որն ամեն տարի կազմակերպվում է Սուրբ Ծննդյան օրը։ «Ալիլո» երթի ավանդույթը Վրաստանում սկիզբ է առել դեռևս V-VI դարերից, սակայն վերականգնվել է միայն վերջին տարիներին։



