Ռիկոթիի լեռնանցքով մայրուղային ճանապարհի շինարարությունն ավարտվել է, և դեկտեմբերի 30-ի կեսօրից լիովին կբացվի երթևեկությունը Ռիկոթիի նոր 52 կիլոմետր երկարությամբ չորս գոտի ունեցող արագընթաց ճանապարհով։
Վրաստանի կառավարության տեղեկությամբ՝ Ռիկոթիի մայրուղին 52 կիլոմետր երկարություն ունի և ներառում է 51 թունել և 97 կամուրջ։ Ամենաերկար թունելի երկարությունը կազմում է 1 կիլոմետր 800 մետր, իսկ ամենաերկար կամրջինը՝ 1 կիլոմետր 362 մետր։
«Նոր մայրուղին ամբողջությամբ համալրված է ժամանակակից լուսավորության համակարգով և համապատասխանում է ճանապարհային անվտանգության միջազգային ստանդարտներին», – նշված է կառավարության հայտարարության մեջ։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ ճանապարհի շահագործման մեկնարկը 8 կիլոմետրով կրճատում է երթուղու երկարությունը և կիսով չափ նվազեցնում ճանապարհին անցկացվող ժամանակը։
«Ռիկոթիում նոր ճանապարհի շինարարության ավարտով դեկտեմբերի 30-ից ավտոմեքենաները կօգտվեն անընդմեջ, չորս գոտի ունեցող արագընթաց մայրուղուց՝ Թբիլիսիից մինչև Սամտրեդիա, ինչը զգալիորեն բարելավում է երկրի ներքին և տարանցիկ երթևեկությունը։
Ռիկոթիի լեռնանցքում չորս գոտի ունեցող մայրուղու շինարարությունը մեկնարկել է 2019 թվականին՝ չորս փուլով։ Երթևեկությունը բացվել է փուլային ձևով՝ առաջին երկու կիլոմետր երկարությամբ հատվածը շահագործման է հանձնվել 2020 թվականին։ Ռիկոթիի նոր մայրուղին շրջանցում է բոլոր բնակավայրերը, այդ թվում՝ Զեստափոնի քաղաքը, ինչը նվազեցնում է տրանսպորտային հոսքը բնակեցված տարածքներում և բարձրացնում է երթևեկության անվտանգությունը։
Նախագծի շրջանակում, Շրոշա գյուղի մերձակայքում, նոր ճանապարհի երկու կողմերում կառուցվել են առևտրային տարածքներ տեղական արտադրողների համար, ինչը նպաստում է տեղական տնտեսության զարգացմանը։
Ռիկոթիի մայրուղին հանդիսանում է Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային միջանցքի (E60) կարևոր հատված և Վրաստանի տրանսպորտային ցանցի առանցքային ենթակառուցվածքային նախագծերից մեկը։ Նախագիծն իրականացվել է Ասիայի զարգացման բանկի (ADB), Եվրոպական ներդրումային բանկի (EIB), Համաշխարհային բանկի (WB) և Վրաստանի պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։
Ծրագրային և շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.6 միլիարդ լարի», – նշված է ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ։



