նորություններ 30 Դեկտեմբերի, 2025 • Ախալքալաքում նախաամանորյա եռուզեռը բարձրացրել է մսի գները

Ախալքալաքում, 2026 թվականից առաջ, մսի պահանջարկը կտրուկ աճել է, ինչը հանգեցրել է գների բարձրացման և հակասանիտարական պայմաններում փողոցային առևտրին։

Նոր տարվան ընդամենը մի քանի օր է մնում։ Ախալքալաքում, ինչպես ամբողջ երկրում, նախաամանորյա գնումները թեժ փուլում են, բնակիչները այս իրարանցման մեջ փորձում են անել այնպես, որ իրենց տոնական սեղանը լինի որքան հնարավոր է հարուստ և գեղեցիկ։ Միսը (տավարի, խոզի և հավի) ավանդաբար մնում է Նոր տարվա սեղանի հիմնական և անփոխարինելի մթերքներից մեկը։

Ախալքալաքում մեծ, մասնագիտացված մսի շուկա չկա։ Նոր տարվա նախաշեմին այս մթերքի պահանջարկը զգալիորեն աճել է, դրա հետ մեկտեղ ավելացել է նաև առաջարկը։ Մսավաճառները միսը վաճառում են անմիջապես փողոցներում, սեղաններ են տեղադրում քաղաքի կենտրոնական փողոցների մայթերին և վաճառում իրենց ապրանքը։

Նոր տարվան նախորդող օրերին առևտրի քաոսային բնույթը հանգեցնում է նրան, որ սննդամթերքի վաճառքի որևէ կանոնակարգ չի պահպանվում։

«Չգիտեմ, թե ումից պետք է թույլտվություն խնդրեի։ Բոլորը կանգնած են, ես էլ եմ կանգնել», — ասում է գլխավոր փողոցում իր մսի սեղանի ետևում կանգնած վաճառողը՝ պատասխանելով մեր հարցին, թե ինչպես է կարգավորվում առևտուրը, ով է տրամադրում թույլտվությունները և ով է որոշում առևտրի վայրը։

Սակայն, սա չի խանգարում տեղացի սպառողներին կատարել իրենց գնումները։ Տեղացիները Նոր տարուց առաջ սննդամթերքի գների բարձրացումն ընդունում են որպես բնականոն երևույթ։ Մեծ մասը ոչ առարկում է, ոչ էլ զարմանում, նրանք լուռ գնում են այն, ինչ իրենց անհրաժեշտ է, վախենալով, որ հետո կարող է առանց այդ մթերքի մնան։ Ապրանքներից մեկը, որի գինը զգալիորեն բարձրացել է, դա միսն է։ Ընդ որում, մսի գները տարբեր օրերի և ժամերի մերթ բարձրանում են, մերթ իջնում՝ ստեղծելով էլ ավելի մեծ խառնաշփոթ։

Յուրաքանչյուր վաճառող գինը սահմանում է սեփական հայեցողությամբ։ Տավարի միսը վաճառվում է կախված մսակտորից՝ մեկ կիլոգրամի համար 17-ից 30 լարի։ Խոզի միսը սկսվում է 20 լարիից։ Համեմատության համար, նախկինում տավարի միսը միջինում արժեր 22 լարի, ոսկորազուրկ միսը՝ մոտ 25 լարի, իսկ խոզի միսը՝ 20-ից 22 լարի։

Հարցին, թե ինչպես են վաճառողները որոշում մսի գինը վաճառողներից մեկը բացատրեց.

«Գները տարբեր են, քանի որ ամեն մեկը ինքը գիտի, թե ինչով է կերակրել անասունին, որքան է նստել այն իր վրա և ինչ որակ ունի այն։ Գինը կախված է նաև մսակտորից՝ ոսկորազուրկ միսը, բնականաբար, ավելի թանկ է։ Ամեն մեկն ինքն է որոշում, թե ինչպես և որքանով վաճառի», — նշեց մեկ այլ վաճառող։

myaso1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝