Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները, ովքեր չեն օգտվել պետական ֆինանսավորմամբ հողերի գրանցման ծրագրից, կարող են մինչև 2025 թվականի վերջը դիմում ներկայացնել Արդարադատության տուն, քաղաքապետարան կամ դիմել slr.napr.gov.ge հարթակի միջոցով : Հակառակ դեպքում, հողերի գրանցումը հետո կարող է լինել վճարովի: Քանի որ գյուղատնտեսական հողերի անվճար գրանցման ծրագիրն ավարտվում է, Հանրային ռեգիստրը խնդրանքով դիմել է քաղաքապետարանին տրամադրել այն բնակիչների ցուցակը , ովքեր չեն հասցրել գրանցել իրենց հողամասերը:
Վրաստանում համակարգային հողերի գրանցման ծրագիրն ավարտվում է 2025 թվականի դեկտեմբերի վերջին, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում: Բոլոր հողամասերը, որոնց համար հողաչափության դիմում արդեն ներկայացվել է (կամ կներկայացվի մինչև տարեվերջ) Արդարադատության տուն, քաղաքապետարան կամ slr.napr.gov.ge հարթակի միջոցով, կչափագրվեն և կգրանցվեն պետական ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակներում:
Այն քաղաքացիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել օգտվել բարեփոխումից 2022-2025 թվականների ընթացքում, կպահպանեն իրենց սեփականությունը գրանցելու հնարավորությունը, սակայն արդեն այլ ընթացակարգով և իրենց սեփական միջոցներով։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գույքի և պլանավորման բաժնի մասնագետ Ավագ Արևյանի խոսքով, ծրագրի երկարաձգման վերաբերյալ նրանք որևէ հրահանգ չեն ստացել, սակայն Հանրային ռեգիստրը պահանջել է տվյալներ այն քաղաքացիների թվի մասին, ովքեր չեն օգտվել ծրագրից։
«Մենք նամակ ենք ստացել Հանրային ռեգիստրից, որով պահանջվում է տրամադրել մունիցիպալիտետի այն քաղաքացիների ցուցակը, ովքեր չեն կարողացել գրանցել իրենց հողերը։ Մենք կպատրաստենք և կներկայացնենք այս ցուցակը։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո։ Հնարավոր է, եթե թիվը մեծ լինի, ֆինանսավորում հատկացվի, բայց դեռևս տեղեկատվություն չկա», — նշեց Ավագ Արևյանը։
Քաղաքապետարանը ցուցակների կազմումը սկսել է դեկտեմբերի 25-ին, և գործընթացը ներկայումս շարունակվում է։
Ըստ Ավագ Արևյանի, երեք տարի շարունակ հողերի գրանցման ակտիվությունը ցածր է եղել ոչ միայն ռեգիստրի աշխատակիցների, այլև քաղաքացիների կողմից։ Ակտիվության ամենաբարձր մակարդակ նկատվել է միայն վերջին տարում։ Որոշ դեպքերում պատճառներն օբյեկտիվ են եղել. շատերը աշխատում էին արտասահմանում, վերջերս են վերադարձել և կամ տեղյակ չեն ընթացակարգից, կամ չեն հասցրել դիմում ներկայացնել։
Ավագ Արևյանը նաև նշում է, որ որոշ քաղաքացիներ դիմում ներկայացրել են, բայց Հանրային ռեգիստրի աշխատակիցները կամ ուշացումով են եկել, կամ ընդհանրապես չեն այցելել նրանց՝ հողային չափագրություններ անցկացնելու համար։
Հարկ է նշել, որ Վրաստանում հողամասերի պետական գրանցումը սկսվել է 2016 թվականին։ Այդ ժամանակ քաղաքապետարանները, այդ թվում՝ Ախալքալաքի քաղաքապետարանը, ներգրավվել էին հողերի գրանցման գործընթացին։ Այնտեղ հավաստում էին փաստաթղթերի իսկությունը կամ հաստատում էին փաստաթղթեր չունեցողի գույքի իսկությունը։
2022 թվականի հունվարից սկսած մունիցիպալիտետները չեն մասնակցել բնակիչների գյուղատնտեսական հողամասերի օրինականացման և նույնականացման գործընթացին: 2022-ից 2024 թվականներին հողերի գրանցման ամբողջ գործընթացը վարել է Հանրային ռեգիստրը: Սակայն, 2025 թվականի սեպտեմբերի 1-ին Հանրային ռեգիստրը կրկին մունիցիպալիտետների քաղաքապետարաններին ներգրավեց գյուղատնտեսական հողերի անվճար գրանցման գործընթացին:



