Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ախալքալաքի թիվ 4-րդ դպրոցում տեղի ունեցավ ամանորյա գեղեցիկ եւ ջերմ միջոցառում։ Դպրոցում տիրում էր տոնական մթնոլորտ․ մինչ այս ամանորյա միջոցառումներ կազմակերպվել էին բոլոր տարրական դասարաններում, իսկ տոնական ձեւավորված սրահում հանդես եկան 5–7-րդ և 10-րդ դասարանների աշակերտները։
Միջոցառումը կազմակերպել էր անգլերենի ուսուցչուհի Նարինե Ուզունյանը։ Այն բազմաբովանդակ էր և ներառում էր հայերեն ու անգլերեն բանաստեղծություններ, գեղեցիկ երգերի կատարումներ, ինչպես նաև վրացական ազգային պարային համար։
Աշակերտները հանդես եկան ամանորյա բարեմաղթանքներով, երգերով և պարերով՝ ստեղծելով ջերմ ու ուրախ տրամադրություն։
Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը, ինչպես նաեւ դպրոցի մանկավարժական ամբողջ անձնակազմը։
Թերեզա Չիվչյանը եւս հղեց ամանորյա բարեմաղթանք և կարեւորեց անգլերեն լեզվի իմացության դերը աշակերտների զարգացման գործում։
Դպրոցի տնօրեն Գայանե Կարախանյանը Jnews-ի հետ հարցազրույցում ամանորյա բարեմաղթանք հղեց․
«Բոլորին ցանկանում եմ առողջություն, երջանկություն և ամենակարևորը՝ խաղաղություն աշխարհին, որպեսզի մեր երեխաները միշտ ժպտան, ունենան նման գեղեցիկ միջոցառումներ և շարունակեն սովորել ու զարգանալ խաղաղ միջավայրում»։









