նորություններ 26 Դեկտեմբերի, 2025 • Տանջված բնակիչները և զայրացած  հեռագնաց վարորդները. Ախալքալաք-Կարծախ ճանապարհը

Վրաց-թուրքական սահման տանող Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհը գրեթե հինգ տարի է, ինչ պարբերաբար անանցանելի վիճակում է գտնվում։ Չնայած բազմաթիվ դիմումներին, վարորդների բողոքներին և Ճանապարհային վարչության կողմից շուտով վերանորոգումը սկսելու խոստումներին, մայրուղին շարունակում է քանդվել՝ լուրջ խնդիրներ ստեղծելով ինչպես մոտակա գյուղերի բնակիչների, այնպես էլ միջազգային բեռնափոխադրումների համար։

Մի քանի օր առաջ Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնն ուշադրությունը հրավիրեց Ախալքալաք-Կարծախ միջազգային մայրուղու (Թուրքիայի հետ սահման) անմխիթար վիճակի վրա: Ճանապարհը մոտ հինգ տարի անմխիթար վիճակում է: Սա ոչ միայն լուրջ դժվարություններ է ստեղծում Ախալքալաքի մունիցիպալիտետի մոտ 15 գյուղի բնակիչների համար, այլև զգալիորեն բարդացնում է բեռնափոխադրումները կարևոր տարանցիկ երթուղիներից մեկով։

Այն որ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը քանդվում է Jnews-ը բարձրաձայնել էր դեռ 2018 թվականին և շարունակում է բարձրաձայնել մինչ օրս: Տարիների ընթացքում խմբագրությունը բազմիցս դիմել է բոլոր հնարավոր ատյանները և ստացել պատասխաններ, սակայն որևէ հիմնարար վերանորոգում չի իրականացվել: Ամեն տարի ճանապարհի վիճակը վատանում է, փոսերը խորանում են, իսկ գլխավոր հարցը՝ երբ է վերանորոգվելու Ախալքալաք-Կարծախ միջազգային ճանապարհը, մնում է անպատասխան:

2023 թվականից ի վեր Վրաստանի ճանապարհային վարչությունը հայտարարում է, որ վերականգնողական աշխատանքները «մոտ ապագայում» կսկսվեն։ Սակայն այդ «մոտ ապագան» դեռ չի եկել, իսկ ճանապարհն ամեն օր շարունակում է քանդվել։ Չնայած ճանապարհի որոշ հատվածներում վերանորոգումներ իրականացվել են, ընդհանուր առմամբ այն մշտապես մնում է անանցանելի։

Իր հայտարարության մեջ Տրանսպորտային միջանցքի հետազոտական կենտրոնն ընդգծում է, որ Ախալքալաքի շրջանում երկարատև և անավարտ ճանապարհային նախագծերը լուրջ խոչընդոտներ են ստեղծում բեռնատարների երթևեկության համար։ Սա, իր հերթին, բացասաբար է անդրադառնում Վրաստանով անցնող տարանցիկ միջանցքի և ընդհանուր առմամբ միջազգային փոխադրումների վրա։

«Ճանապարհի այս հատվածը կարևոր է ոչ միայն տեղի բնակիչների ամենօրյա տեղաշարժի համար, այլև ծառայում է որպես միջպետական բեռնափոխադրումների հիմնական տարանցիկ երթուղիներից մեկը», — նշում է կենտրոնը։

Տարանցիկ բեռնատարների վարորդները բեռնափոխադրման համար վճարում են 350 լարի, և երբ հայտնվում են այս ճանապարհին, որով անհնար է երթևեկել առանց մեքենաները վնասելու, նրանք մշտապես բողոքում են։ Նրանք նաև բողոքներ են ներկայացրել Տրանսպորտային միջանցքի կենտրոն։

«Այսօր ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ մեր վաստակած մեկ լարիի դիմաց մենք մեքենաների վերանորոգման վրա տասը լարի ենք ծախսում։ Մեկ օր չի լինում, որ բեռն առանց վնասի չհասցվի», — ասվում է բողոքներից մեկում։

Հատկապես ուշադրություն գրավեց, սոցիալական ցանցերում, վարորդներից մեկի հայտարարությունը տարանցման վճարի վերաբերյալ.

«Մենք ամեն անգամ ուղևորափոխադրության համար վճարում ենք 350 լարի, սակայն տեսանելի արդյունք չկա: Ինչպես կարող են նրանք գումար գանձել նման ճանապարհից օգտվելու համար: Ամեն օր այստեղով անցնում է առնվազն 200 մեքենա, գումարը շարունակում է մուտք գործել: Սահմանը հատում ես հայկական կողմում կատարյալ ճանապարհ է, վերադառնում ես այստեղ՝ իսկական դժոխք է: Երեք տարի առաջ հակառակն էր»:

Մեկ այլ վարորդի մոտ հարց է ծագում.

«Արդյոք նորմալ է, որ մենք այդքան մեծ գումար ենք վճարում: Հարկերն աճում են, միջոցները բառացիորեն կլանում են, իսկ ճանապարհի վրա ոչինչ չի ծախսվում»:

Վարորդների որոշ հայտարարություններ չափազանց կոշտ են, նույնիսկ ցենզուրայից դուրս բնույթի։ Այդ հայտարարությունները չեն հրապարակվում Jnews-ի կողմից, սակայն դրանք ցույց են տալիս նրանց դժգոհության խորությունը ստեղծված իրավիճակում։

Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր Ախալքալաք-Կարծախ մայրուղով բեռնատարների երթևեկության ծավալը զգալիորեն աճել է։ Վրաց-թուրքական սահման գնացող բեռնատարները ստիպված են անցնել լուրջ վնասված հատվածներով։ Հաճախ հանդիպակաց մեքենաները ստիպված են ճանապարհը հերթով զիջել միմյանց՝ փոսերից խուսափելու համար։

Վարորդների խոսքով, մեծ թվով օտարերկրյա բեռնատարներ են օգտվում այս ճանապարհից, արդյունքում Վրաստանի ենթակառուցվածքների վիճակի վերաբերյալ ծայրահեղ բացասական տպավորություն է ստեղծվում։

Իր հայտարարության մեջ, Վրաստանի տրանսպորտային միջանցքի կենտրոնն ընդգծում է անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը.

«Ստեղծված իրավիճակը պահանջում է արագ արձագանք և անհապաղ վերականգնողական աշխատանքներ՝ տարածաշրջանում անվտանգ, արդյունավետ և անխափան տրանսպորտային տեղաշարժ ապահովելու համար»։

Բանն այն է, որ Ախալքալաք-Կարծախ ճանապարհի վերանորոգումը 2025 թվականին պետք է իրականացվեր երկու մրցույթով։ Վրաստանի Ճանապարհային վարչությունը երկու էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել այս ճանապարհի տարբեր հատվածների վերակառուցման նպատակով։ Ըստ Tenders.ge կայքի, մրցույթներից մեկը հաղթել էր «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը, մյուսը՝ «Արալի» ընկերությունը։ «ՋավախԱվտոԳզա» ընկերությունը վերանորոգելու էր Ախալքալաք-Կարծախ ճանապարհի 3 կմ մինչև 7,8 կմ հատվածը։ «Արալի» ընկերությունն իրականացնելու էր 8,8 կմ-ից մինչև 16 կմ հատվածի վերակառուցումը։ Ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2025 թ. մայիսի 16-ին, նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 7 278 560 լարի։

Անհայտ պատճառներով աշխատանքները սկսվել են շատ ուշ՝ ամռանը, բայց չեն ավարտվել։ «Արալի»-ն խոստացել էր այս ճանապարհի աշխատանքները մինչ սեպտեմբերի վերջ ավարտել, սակայն աշխատանքներն այդպես էլ չկատարվեցին։

Ուշացման պատճառները պարզելու համար, Jnews-ը կապ հաստատեց «Արալի»-ի փոխտնօրեն Էկա Թաթեշվիլիի հետ։ Նա նշեց, որ ուշացման պատճառների մասին ճշգրիտ տեղեկություններ չունի։ Նրա խոսքով, «ինչ-որ բան այնպես չի գնացել»։ Թաթեշվիլին նշեց, որ ամբողջ ճանապարհը, հաջորդ տարի, լիովին կվերականգնվի և կասֆալտապատվի։ Նախկինում Թաթեշվիլին Jnews-ին բազմիցս ասում էր, որ աշխատանքները կավարտվեն սահմանված ժամկետներում՝ մինչև այս տարվա սեպտեմբեր։

Ախալքալաք-Կարծախ մայրուղին կառուցվել է 2010 թվականին: Հիմնական վերանորոգում իրականացվել է միայն Վաչիան գյուղի հատվածում, մնացած հատվածներում իրականացվել է միայն փոսերի վերանորոգում, սակայն այդ հիմնական վերանորոգումից էլ արդեն ոչինչ չի մնացել: Այժմ ճանապարհի վրա մեծ փոսեր են առաջացել, որոնք այն դարձնում են անանցանելի։

Նշենք, որ 2022, 2023 և 2024 թվականներին, նախկինում հայտարարված մրցույթների համաձայն, այս ճանապարհի հատվածների վերանորոգումը կրկին իրականացրել են «ՋավախԱվտոԳզա» և «Արալի» ընկերությունները:

Սակայն երկու ընկերությունների աշխատանքից էլ էֆեկտն անտեսանելի էր։ Այս ճանապարհից օգտվող վարորդների դժգոհությունները ոչ մի անգամ չի դադարել։ Որոշ հատվածներում աշխատանքները կամ կատարվել են լուրջ խախտումներով, կամ ընդհանրապես չեն կատարվել։

«Արալի» ընկերությունը, որը պետք է 2023 թվականին վերականգներ Ախալքալաք-Կարծախ ճանապարհը, երկու անգամ տուգանվել է։ Ճանապարհային վարչությունը խոստացել է, որ խնդրահարույց հատվածները և ամբողջ ճանապարհը կվերանորոգվեն, բայց գործնականում իրավիճակը մեծ մասամբ մնում է առանց էական փոփոխությունների։

Մենք փորձեցինք կապ հաստատել «ՋավախԱվտոԳզա»-ի հետ, իրենց հատկացված ճանապարհի հատվածում վերանորոգման աշխատանքներ չկատարելու վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն մեզ դա չհաջողվեց։

Վրաստանի ճանապարհային վարչությունից պատասխանեցին, որ ճանապարհը միայն մասնակի է վերանորոգվում, և որ այս տարի, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, այլևս աշխատանքներ չեն կատարվի։

«Դա, հավանաբար, կլինի հաջորդ տարվա գարնանը», — ասացին վարչությունից, հավելելով, որ ներկայումս պլանավորվում է ճանապարհների վերանորոգման աշխատանքները և դեռևս չեն կարող ասել, թե արդյոք Ախալքալաք-Կարծախ ճանապարհը կներառվի հիմնանորոգվող ճանապարհների ցանկում։

«Այս պահի դրությամբ հիմնանորոգում չի նախատեսվում, նրանք կրկին կվերանորոգվեն մասամբ: Եթե նման նախագիծ լինի, ես անպայման կտեղեկացնեմ ձեզ», — հայտնեցին Ճանապարհային վարչությունից։

Այդուհանդերձ, տեղի բնակիչները շարունակում են ամեն օր տառապել, իսկ ճանապարհով երթևեկող բեռնատարների վարորդները շարունակում են զայրանալ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝