2026 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական օգնության բաժնի սոցիալական փաթեթում կկատարվեն փոփոխություններ։ Փաթեթը կհամալրվի երկու նոր կետով, ինչպես նաև կբարձրացվեն նորածինների համար նախատեսված միանվագ նպաստները և ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ֆինանսավորումը։
Քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական օգնության բաժինը նախատեսում է 2026 թվականին իր սոցիալական փաթեթում կատարել չորս փոփոխություն։
Նախ, ավելացվել են երեխայի ծննդյան համար միանվագ նպաստի չափերը։ Այս նպաստը ստանալու համար ծնողներն իրավունք ունեն 12 ամսվա ընթացքում, միանվագ օգնության համար, դիմել քաղաքապետարանի սոցիալական օգնության ծառայություն։
• Առաջին երեխայի դեպքում՝ 500 լարի (նախկինում՝ 350 լարի).
• Երկրորդ երեխա՝ 600 լարի (նախկինում՝ 400 լարի).
• Երրորդ երեխա՝ 700 լարի.
• Չորրորդ երեխա՝ 800 լարի.
Չորրորդ երեխայից հետո, նպաստի չափը, յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար ավելանում է 300 լարիով։
Երկրորդ փոփոխությունը վերաբերում է ուռուցքաբանական հիվանդությունների բուժման ֆինանսավորմանը, տարեկան ֆինանսավորման սահմանաչափը 2000-ից բարձրանում է մինչև 2500 լարի։
Երրորդ նորամուծությունը բժշկական ծառայությունների ֆինանսավորման կետի մեջ նոր ենթակետի ավելացումն է։ Այսպիսով, անկախ սոցիալական կարգավիճակից, 2026 թվականից, բոլոր քաղաքացիները բժշկական զննումների համար, ծախսերի 30%-ի չափով, կստանան ֆինանսավորում, եթե ընդհանուր արժեքը գերազանցում է 1200 լարին, սակայն քաղաքապետարանի սոցիալական փաթեթից ինքնաֆինանսավորումը չի գերազանցի 1000 լարին։
Չորրորդ փոփոխությունը վերաբերում է ծնողազուրկների համար նախատեսված նպաստին: 2026 թվականին միանվագ նպաստը հասանելի կլինի ոչ միայն երկկողմանի ծնողազուրկների, այլև միակողմանի ծնողազուրկների համար: Միակողմանի ծնողազուրկների համար նպաստի չափը կկազմի 400 լարի, իսկ երկկողմանի ծնողազուրկների համար՝ 800 լարի:



