Հասարակություննորություններ 14 Հունվարի, 2026 • Ինչո՞ւ ենք խուսափում մեր բարբառից․ Բարբառի ընկալումն Ախալքալաքում

Թեև Ախալքալաքը տարածքով փոքր է, բայց աչքի է ընկնում գյուղական բարբառների բազմազանությամբ։ Մեծամասամբ այդ բարբառները փոխադարձաբար հասկանալի են, սակայն յուրաքանչյուր գյուղ ունի իր տարբերություններն ու յուրահատկությունները։

Այդուհանդերձ գոյություն ունի մի սոցիալական շերտ կամ միջավայր, որտեղ մարդիկ խուսափում են բարբառով խոսելուց։ Հաճախ գյուղացիները մարդաշատ վայրերում փոխում են իրենց խոսքը՝ անցնելով «քաղաքային» տարբերակի։

Մեր միջավայրում բարբառով խոսելը հաճախ կապվում է անկրթության հետ։ Շատերն ուղղակիորեն պահանջում են գրական խոսք՝ կարծես գրական լեզվով խոսելը մարդուն դարձնում է ավելի լուրջ կամ ավելի խելացի։

Բարբառով խոսողին սկզբում հաճախ ընդունում են քմծիծաղով՝ մինչև հասկանան, թե ինչ խելքի մարդ է։

Սա խորապես հոգեբանական երևույթ է։ Շատ դեպքերում մարդիկ պարզապես ինքնավստահ չեն իրենց բարբառի նկատմամբ և այդ անվստահությունը փոխանցում են ուրիշներին։

Ինչպես նշում է բանասեր, Երևանի «Զանգակ» հրատարակչության գրական խմբագիր Նշան Աբասյանը․

«Գրական հայերենը օդից կախված չէ։ Այն ձևավորվել է հենց բարբառների հիմքի վրա։ Բարբառը մարդու ինքնության, ծննդավայրի և նախնիների հիշողության կրողն է։ Կան հույզեր ու իրավիճակներ, որոնք գրական լեզվով կորցնում են իրենց ուժը»։

Հայերենում հայտնի է շուրջ 64 բարբառ, սակայն պատմական և սոցիալական հանգամանքների պատճառով դրանց մեծ մասն այսօր կամ գրեթե չի գործածվում, կամ աստիճանաբար մղվում է երկրորդ պլան։ Կարնո բարբառն այն եզակի կենդանի բարբառից է մեր օրերում, որը օգտագործվում է նաև Ջավախքում։

Նշան Աբասյանը նշում է, թե ինչպես պահպանել բարբառը։

«Բարբառի պահպանման համար կարևոր է, որ այդ բարբառով խոսող մարդիկ կոմպակտ ապրեն մեկ վայրում։ Օրինակ՝ այսօր, երբ Արցախը գրավված է, կա վտանգ, որ Հայաստանով մեկ ցրված արցախցիները ժամանակի ընթացքում կկորցնեն իրենց բարբառը»։

Միևնույն ժամանակ այսօր կան բազմաթիվ ժամանակակից հնարավորություններ բարբառները պահպանելու համար՝ բարբառային խոսքի պոդքաստներ և աուդիոարխիվներ, գրականության, ֆիլմերի և մեդիայի մեջ բնական ներառում, արհեստական բանականության ու կրթական հավելվածների միջոցով ուսուցում, ինչպես նաև դպրոցներում բարբառի արժևորման նոր մոտեցումներ։ Այս ամենը հնարավորություն է տալիս բարբառը պահել որպես կենդանի խոսք և փոխանցել այն հաջորդ սերունդներին՝ պահպանելով լեզվի բազմազանությունն ու կենսունակությունը։

Լարիսա Գրիգորյանը, որը երկար տարիներ է ապրում է Կանադայում, տանը երեխաների հետ խոսում է բարբառով։

«Բարբառը ինքնության մի մասն է։ Ափսոս է, որ հաճախ մեր առանձնահատկությունը զոհաբերում ենք մասսայականին։ Բարբառը նախ և առաջ արժեք պետք է լինի իր կրողի համար։ Եթե մարդն ինքը չի արժևորում իր լեզուն, այն չի պահպանվի։

Ես հիմնականում բարբառով խոսում եմ երեխաների հետ կամ փոքր խմբերում։ Անտեսանելի լսարանին հետաքրքրելը դժվար է, բայց հենց փոքր քայլերն են իրական հայրենասիրությունը։ Ամաչելու ոչինչ չկա։ Մարդկանց իրականում դուր է գալիս մեր բարբառը։ Չհասկացված լինելուց պետք չէ վախենալ․ եթե չհասկանան՝ կհարցնեն, կբացատրենք։

Հաճախ հենց այն մարդիկ են տարօրինակ արձագանքում, որոնց նախնիներն էլ բարբառակիր են եղել, բայց բարբառը չի պահպանվել։ Այստեղ ավելի շատ ինքնաճանաչման պակասի խնդիր կա։

Երբ բարբառը հասկանալի չէ, քաղաքավարությունից ելնելով պետք է խոսել հասկանալի լեզվով։ Բայց այն միջավայրում, որտեղ բոլորը հասկանում են, բարբառից խուսափել պետք չէ։ Այսօր աշխարհում ոչ մասսայականը կրկին արժևորվում է։ Եթե այս սերունդը չպահի բարբառը, այն չի փոխանցվի երեխաներին, և կորստի պատասխանատվությունը մեր վրա կլինի»։

Կարելի է ասել, որ հայերենը շատ ավելի աղավաղվում է օտար բառերով, քան բարբառով։  Բարբառը լեզվի բնական զարգացում է, մինչդեռ օտար բառերի անգիտակից ներմուծումը հաճախ պարզապես լեզվական ծուլություն է։

Ախալքալաքի բարբառների հիմնական տարբերություններից մեկը ա և է տառերի գործածությունն է։

Որոշ գյուղերում ասում են՝ ասօր, աստուն, լան, ասանք թե անանք, հար, մար, ախբար, ալ ուշ է։

Իսկ այլ գյուղերում նույն բառերը հնչում են՝ էսօր, էստուն, լեն, էսանք թե էնանք, հեր, մեր, ախբեր, էլ ուշ է։

Որոշ դեպքերում՝ իսանք, իստուն,

Քաղաքի բնակիչներն ու Գումբուրդո գյուղի բնակիչները հաճախ օգտագործում են «շ» հնչյունը, որը խոսքը մոտեցնում է Գյումրվա բարբառին՝
մաշտ, կաշտալ, աշել, թեշտել, էշտալ, չորոշտ և այլն։

Ախալքալաքի հայտնի բառերից է նաև «ըռունդ», որը Գումբուրդոյում ասում են «ըռնդիկ»։

«Լինել» բայը գյուղերում հաճախ հնչում է՝
ըլնալ, ըլլի, ըլենալ, եղնի և այլն։

«Սիրել» բառի գործածությունն էլ առանձնահատուկ է․ մարդկանց դեպքում ասում են «շատ ուզել», իսկ առարկաների դեպքում՝ «հըզ ենել»։

Բնորոշ է նաև՝ պարել → խաղալ, նվագել → չալել, պարտվել → տարվիլ, ափսոսալ → կսկծալ

երևի- օլաքի, ըլքոքի, ըլլոր, ախր

փոքր- պզտիկ, պիճ(իլ)իկ, պիճո։

Կից ներկայացնում ենք Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղից Հռիփսիմե Գևորգյանի կողմից բարբառով գրված կարճ պարմությունը (2020)․

Տատիկս տորի հըմի պատմէկը իրեն քեռանցը սատանին պատմութունը: Հաց եփելու վախտ կսէր․ «Արիք, բանդի պատմեմ»: Մենքա վազելով թոփ կլնաինք բոլորը ու կսկսէր պատմութունը․ «Քեռանցս տունը, շատ առաչները ադիկ, քիշերները գոմէն գողութուն կլնար: Օրմա որոշենկը բռնեն գողին: Բռնենկը, տեսնինկը հէչ մաշտու նման չէ ասիկ, ոտքերը թրս մազոտ, երկան մազերով ու վախենալու: Ասոր բռնեն լավ ծեծենկը, մազերէնա կռեն թնենկը տանը սրբին դեմը, որո չկռնանա փախչի: Սատանային տանը գործերը էնել կուտան, կսեն քնէ, ջուր փի, անասունուն աշէ, տարմնէ: Բայց աս Սատանան ինչ կսեն էղե միշտ հակառակը կենէ էղե, կսեն էղե քնէ՛, թեզմ ջուր փի, կեշտա ուշկը փերէ էղե:

Սատանան միշտ հնարներ մտածէկը էղե, օրո կռնանա մէ ձեւովմ մազերը սրբին քովէն առնէ ու փախչի, քանիո ինք չէր կռնա սրբին մօտենա: Մէ օրմա աս տնեցիկ տղին նշանենկը ու թզը հարս կունենան: Աս սատանաս հարմար սմթիկը ցկէ եփո, տունը մաշտ չի ըլնա, հարսին համոզեկըո մազերը սրբին քովէն փերէ: Հարսնա բանէբե խաբար չըլնալով կեշտա փերէ կուտա: Սատանան մազերը կառնէ ետ կդառնա թքնէկը մոխիրին ու կսէո ասի տունը 7 պորտ տղա չունենա ու փախչի կեշտա: Ադ օրվնէն աս տունը 7 պորտ իշկան տղա կլնա մեռնիկը»: Հմիա միշտ մէկմ, վեվո գեղէն թրս բանմ կենէ, կսեն․ «Սատանի օրիէ կամ կենա սատանոցաւ»:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝